November 04, 2023 | 15:38
Science
Competitions
Student
"YSU Olympiad-2023" summarized: the best ones awarded
Ուսանողներին բացահայտելու, ինչպես նաև ծրագրավորման հանդեպ հետաքրքրությունը զարգացնելու նպատակով ԵՊՀ-ում անցկացվեց ծրագրավորման թիմային բաց օլիմպիադա, որին մասնակցեցին ՀՀ բուհերից և հանրակրթական դպրոցներից 28 թիմ։ Օլիմպիադայի արդյունքում ԵՊՀ-ն ներկայացնող երկու թիմեր արժանացան առաջին և երկրորդ պատվավոր տեղերին։
Օլիմպիադան թիմային էր։ Երեք անդամից բաղկացած թիմերին առաջադրվել էին տարբեր բարդության 14 խնդիրներ, որոնք կազմել էին ICPC միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցներ Լևոն Մուրադյանը, Արսեն Համբարձումյանը և Վահագն Ալթունյանը։ Մրցույթն անցկացվեց codeforces.com հարթակում՝ թույլատրվող ծրագրավորման լեզուներով։ Խնդիրները լուծելու համար թիմերին տրվեց 5 ժամ։
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, օլիմպիադայի կազմակերպիչ Արմեն Անդրեասյանը նշեց, որ նմանօրինակ օլիմպիադաների անցկացումը կդարձնեն պարբերական՝ կարևորելով դրանց դերն ու նշանակությունն ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։
Անդրադառնալով օլիմպիադայում ԵՊՀ-ն ներկայացնող 8 թիմերում ներգրավված մասնակիցների ընտրությանը՝ Արմեն Անդրեասյանն ասաց. «Մրցութային թիմերը բաղկացած էին հիմնականում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներից, սակայն մասնակցում էին նաև ուսանողներ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետից, ինչպես նաև Ֆիզիկայի ինստիտուտից»։
Ծրագրավորման օլիմպիադայում հաղթող թիմն առաջադրված 14 խնդիրներից 5 ժամում լուծել է 10 խնդիր։ Թիմի անդամներից ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սամվել Անդրեասյանը, անդրադառնալով օլիմպիադայի ժամանակ առաջադրված խնդիրներին, նշեց. «Խնդիրները հետաքրքիր էին ու յուրօրինակ։ Թիմով փորձել ենք մեզ տրված ժամանակահատվածում հնարավորինս շատ խնդիրներ լուծել։ Նմանօրինակ մրցույթների շատ եմ մասնակցել, և ինձ համար իրականում այս հաղթանակը սպասելի էր»։
Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Մարգարյանը ներգրավված էր օլիմպիադայում 2-րդ տեղը զբաղեցրած թիմում։ Դավիթը դեռ դպրոցական տարիներից մասնակցում է ծրագրավորման տարբեր օլիմպիադաների․«Այսօրինակ օլիմպիադաներին մասնակցելու շնորհիվ մեծ փորձ ու գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ենք ստանում։ Այն մեծացնում է մեր ունեցած գիտելիքներն ավելի խորացնելու ձգտումը, ինչպես նաև նպաստում ալգորիթմային մտածողություն ձևավորելուն»։
Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրած թիմում Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 11-րդ դասարանից ընդգրկված էր երկու աշակերտ, «Քվանտ» վարժարանից՝ մեկ աշակերտ։ Թիմի անդամներից Ծովակ Եգորյանն ընդգծեց օլիմպիադայում առաջադրված խնդիրների ուսուցողական նշանակությունը։
«Օլիմպիադայի առաջադրանքներում ներառված էին խնդիրներ, որոնք մենք չկարողացանք լուծել, որովհետև դպրոցական գիտելիքները դրանք լուծելու համար բավարար չէին, բայց մեր թիմը կարողացավ լուծել 6 խնդիր»,- շեշտեց նա։
Ամփոփելով օլիմպիադայի արդյունքները՝ ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը շնորհավորեց օլիմպիադայի մասնակիցներին՝ գոհացուցիչ արդյունքներ արձանագրած թիմերին խրախուսելով դիպլոմներով, իսկ մյուսներին՝ մասնակցության վկայականներով։
Օլիմպիադան հովանավորող «Huawei» ընկերությունը լավագույն 5 թիմերին պարգևատրեց դրամական մրցանակներով։
Նշենք, որ օլիմպիադային մասնակցեցին թիմեր ԵՊՀ-ից, Հայ-ռուսական, Հայաստանի ամերիկյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի եվրոպական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Ճարտարապետության և շինարարության, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններից, ինչպես նաև ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից ու «Քվանտ» վարժարանից։