November 06, 2023 | 16:45
Events
Student
The 9th International Youth Conference of YSU SSS has started
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 9-րդ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 105-ամյակին:
![](/sites/default/files/styles/large_slide/public/2023-11/00_0.jpg?h=13dc3fb4&itok=cSJV0gW9)
Նոյեմբերի 6-ից 10 անցկացվող գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:
Գիտաժողովին մասնակցության համար ներկայացվել է մոտ 200 հայտադիմում։ Մասնագիտական գրախոսության փուլը հաղթահարել է 120 մասնակից ինչպես տեղական (ՀՀ ԳԱԱ, ՀՊՏՀ, Հայ-ռուսական համալսարան, ԳՊՀ, ԵԹԿՊԻ, ԱրՊՀ և այլն), այնպես էլ միջազգային 6 բուհերից, որոնք էլ առաջիկա 5 օրերի ընթացքում կներկայացնեն իրենց զեկուցումները 12 բաժանմունքներում։
Գիտաժողովի ընթացքում կանցկացվեն նաև «ՀՀ սոցիալ-տնտեսական գործընթացների տարածաժամանակային հարաբերությունները» և «Հայաստանի առաջին հանրապետության պատմական փորձի արդիականությունը» թեմաներով պանելային քննարկումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր և մշակութային երեկոներ։ Գիտաժողովի ավարտից հետո մասնակիցները պետք է ներկայացնեն ամբողջական հոդվածը, որը կտպվի «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-11/rektor.jpg?itok=u8m2Lqam)
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով Ուսանողական գիտական ընկերության գործունեությունը, շեշտեց․ «ԵՊՀ ՈՒԳԸ-ն սկսել է գործել համալսարանի ստեղծման առաջին օրերից՝ իր ակտիվ ներգրավվածությունն ու ներդրումն ունենալով Հայաստանի Հանրապետության և Երևանի պետական համալսարանի գիտական-ուսումնական գործընթացներում։ Այսօր մեզ համար շատ կարևոր է տեսնել, որ ՈՒԳԸ գործունեությունը դուրս է եկել ՀՀ սահմաններից՝ ընդգրկելով արտասահմանյան երկրների բուհեր, ինչը նպաստում է օտարերկրացի ուսանողների և երիտասարդ գիտնականների հետ գիտական երկխոսությանը, ինչպես նաև ԵՊՀ միջազգայնացման և ճանաչելիության բարձրացմանը»։
ԵՊՀ ռեկտորը գիտաժողովի մասնակիցներին խորհուրդ տվեց ունենալ քննական վերաբերմունք, չխուսափել հարցեր տալուց և կատարել սեփական վերլուծությունները, ինչը նպաստելու է ինքնակատարելագործմանը և գիտության զարգացմանը։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-11/edoward.jpg?itok=O2ujJbfV)
Ընդգծելով ԵՊՀ ՈՒԳԸ մեծ ներդրումը Հայաստանի Հանրապետության գիտական մտքի զարգացման գործում՝ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Էդուարդ Գալստյանը նշեց․ «Ուսանողական գիտական ընկերությունը շարունակում է պահպանել տարիների ընթացքում ձևավորված լավագույն ավանդույթները և փոխանցել սերնդեսերունդ՝ շարունակաբար բարելավելով իր գործունեության ուղղություններն ու բնույթը։ Դա անընդհատ և նվիրված աշխատանքի արդյունք է, ինչի համար շնորհակալ ենք ՈՒԳԸ նախկին և ներկա նախագահներին ու անդամներին»։
ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Բաղումյանը, անդրադառնալով ավանդույթ դարձած գիտաժողովի անցկացմանը, ասաց․ «1918 թ. պետականության վերականգնմամբ սկիզբ դրվեց նաև գիտական վերածննդին: Հայաստանի առաջին հանրապետության գոյության երկրորդ տարում ստեղծվեց Երևանի պետական համալսարանը, որի կազմում սկսեց գործել ՀՀ առաջին ուսանողական կառույցը։ Մեզ համար մեծ պատիվ է շարունակել ՈՒԳԸ գործունեությունը և մեր ներդրումն ունենալ՝ տպագրելով «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականը»։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-11/siranows.jpg?itok=utEcdEq5)
Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահը շեշտեց, որ գիտաժողովի ավարտից հետո ծրագրում են քայլեր կատարել՝ պարբերականը ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկելու, ինչպես նաև միջազգային ճանաչում և աստիճան տալու ուղղությամբ։
Նշենք, որ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության մշակութային հատվածը կազմակերպել էր ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը՝ հանդես գալով երաժշտական և պարային կատարումներով: