April 05, 2024 | 11:16
Infrastructure
Research
Competitions
State-of-the-art devices for studying useful properties of plants and fungi
Armenia's rich biodiversity, including fungi and plants, are in the domain of YSU researchers’ study. Secondary metabolites in fungi and plants and their antifungal and antioxidant activities are currently being studied in the Laboratory of Botany and Mycology of the Research Institute of Biology. To organize the work more systematically, the institute will receive new generation devices.
Ժամանակակից սարքերը ձեռք կբերվեն ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթի» շրջանակում։ Նոր սերնդի սարքերի օգնությամբ հնարավոր կլինի բույսերն ու սնկերը պահպանել բնական պայմաններից դուրս և կատարել արդյունավետ ուսումնասիրություններ։
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի բուսաբանության և սնկաբանության լաբորատորիայի գործառույթներից է Հայաստանում աճող բույսերի և սնկերի բազմազանության գնահատումը, ինչպես նաև համապատասխան աշխատանքների կատարումը դրանց կայուն օգտագործման և պահպանման ուղղությամբ:
Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ Սիրանուշ Նանագյուլյանը, խոսելով հանրապետությունում աճող բույսերից ու սնկերից, նշեց, որ Հայաստանի տարածքում հանդիպում են շուրջ 3800 տեսակի բարձրակարգ բույսեր և 4500 տեսակի սնկեր։
«Առկա են սնկերի տարբեր տեսակներ՝ ուտելի, թունավոր և բժշկական նշանակություն ունեցող։ Այդ սնկերից 1300-ը խոշոր պտղամարմին ունեցող տեսակներ են, իսկ մնացածը՝ մանրադիտակային, որոնք անզեն աչքով տեսանելի չեն։ Սնկերը հանդիպում են ամենուրեք՝ օդում, ջրում, հողում, բույսերի վրա, մարդու օրգանիզմում․ մենք ուսումնասիրում ենք դրանց դրական և բացասական ազդեցությունները։ Օրինակ՝ սնկերն ունեն դեղաբանական նշանակություն։ Դրանց որոշ, նույնիսկ թունավոր տեսակների փոքր չափաբաժիններն օգտագործվում են որպես դեղամիջոց»,- ասաց նա։
Ըստ Սիրանուշ Նանագյուլյանի՝ նոր ձեռք բերվող սարքավորումներից մեկը՝ լիոֆիլիզատորը, անհրաժեշտ է սնկերը և կենսաբանական այլ օբյեկտները սառեցմամբ չորացնելու և երկարատև պահպանելու համար: Այդ սարքը կօգտագործվի նաև սնկային և բուսական չոր լուծամզվածքներ ստանալու նպատակով։ Հետազոտողն ընդգծեց, որ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում առկա է -800°C պայմաններ ապահովող սառցե խցիկ, որտեղ կպահպանվեն արդեն իսկ լիոֆիլիզացված կենսաբանական նմուշները։
Լաբորատորիան ձեռք կբերի նաև եթերայուղերի թորման լաբորատոր համակարգ՝ բույսերից եթերայուղեր անջատելու համար։
«Մինչ օրս եթերայուղերի մեծ մասը ստացվել է գործընկեր հաստատություններում, այնուհետև տեղափոխվել ԵՊՀ՝ փորձաքննության համար, ինչը դանդաղեցնում է հետազոտությունների գործընթացը։ Տեղափոխության արդյունքում նկատվել է նաև թորման ընթացքում եթերայուղերի կորուստ, քանի որ դրանք ունեն ցնդելու հատկություն»,- նշեց Սիրանուշ Նանագյուլյանը։
Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դոցենտ Նարինե Զաքարյանը, ներկայացնելով իրենց աշխատանքները, ընդգծեց, որ ներկայում իրենց հետազոտությունների շրջանակում են որոշ բուսատեսակներ։
«Մայրամախոտ բույսից անջատված եթերայուղը օժտված է բարձր հակասնկային ակտիվությամբ։ Եթերայուղը ճնշում է մանրադիտակային ֆիտոպաթոգեն որոշ սնկատեսակների աճը, որոնք վնասում են բանջարաբոստանային կուլտուրաներին: Մշակաբույսերի պահեստավորման ընթացքում մեր ստացած եթերայուղերով մշակված արկղերը, որտեղ պահվում են մշակաբույսերը, կտրուկ նվազեցնում են բորբոսասնկերի աճը բերքի վրա»,- պատմեց Նարինե Զաքարյանը։
Բուսաբանության և սնկաբանության լաբորատորիայում ուսումնասիրվում են նաև Հայաստանի տարածքում աճող ուրցերի մի քանի տեսակներ՝ եթերայուղեր ստանալու ու դեղաբանական ակտիվությունը բացահայտելու համար։
Հավելենք, որ Երևանի պետական համալսարանի, Վիեննայի պետական համալսարանի և Գրացի համալսարանի համագործակցության շրջանակում Սիրանուշ Նանագյուլյանը, Նարինե Զաքարյանն ու Բուսաբանության և սնկաբանության լաբորատորիայի գիտաշխատող Լուսինե Մարգարյանը նախորդ տարի մեկնել էին Ավստրիա՝ այցելելու նշված համալսարաններ և ծանոթանալու նոր սարքավորումներին ու դրանց օգտագործման առանձնահատկություններին։
Ձեռք բերվող սարքերից կօգտվեն Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տարբեր լաբորատորիաների աշխատակիցները, ինչպես նաև Կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։