May 13, 2024 | 14:55
Conferences
Society
Events
Ferdowsi's Shahnameh and the Persian Language: conference at YSU
At the initiative of the Faculty of Oriental Studies, a conference was held aimed to re-evaluate the renowned Persian poet Ferdowsi, author of the famous Shahnameh poem, his literary heritage and highlight the significance of the Persian language.
««Շահնամե»-ի հայերեն թարգմանությունները», «Հետշահնամեական հերոսապատումներն Իրանում», «Սև և սպիտակ ձիերի սիմվոլիկան Ֆիրդուսիի «Շահնամե»-ում». այս և հարակից թեմաներով զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ներկայացուցիչները՝ ուշագրավ մանրամասներ ներկայացնելով պարսիկ մեծանուն բանաստեղծի և նրա «Շահնամե»-ի մասին:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ Ֆիրդուսին և նրա «Շահնամեն» հսկայական ազդեցություն են թողել ոչ միայն Իրանի, այլև մեր երկրի և հայ ժողովրդի մշակույթի վրա: Անդրադառնալով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և ԵՊՀ-ի գործակցությանը՝ ռեկտորը նշեց. «Շատ ուրախ եմ, որ ԵՊՀ-ում հյուրընկալում ենք ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիին։ Դեսպանությունը մշտապես ԵՊՀ-ի կողքին է, մեզ հետ համագործակցում է, պատրաստ է քննարկելու գիտակրթական ամենատարբեր հարցեր՝ այդպիսով նպաստելով ԵՊՀ-ի և Իրանի տարբեր համալսարանների առավել խորը և համապարփակ գործակցություն ունենալուն»:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, խոսելով միջոցառման կազմակերպման մասին, կարևորեց Ֆիրդուսիին նվիրված գիտաժողովի անցկացումը, ինչպես նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին ու դեսպանության ներկայացուցիչներին հյուրընկալելը ԵՊՀ-ում:
«Հայտնի է, թե որքան կարևոր է Ֆիրդուսիի ստեղծագործությունը ոչ միայն իրանական գրականության, այլև պարսկական ինքնության կերտման համատեքստում: Ըստ էության՝ Ֆիրդուսիի «Շահնամեն» այն անկյունաքարային ստեղծագործություններից է, որը կերտել է ժամանակակից Իրանի ինքնությունը, նպաստել պարսից լեզվի, մշակութային յուրահատկությունների ու բնորոշիչ տարրերի պահպանմանը»,- ասաց Վ. Ոսկանյանը:
Անդրադառնալով գիտաժողովի նշանակությանը՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ «Ֆիրդուսիի «Շահնամեն» և պարսից լեզուն» գիտաժողովը Իրանագիտության ամբիոնի հերթական ձեռքբերումներից է, նրա գիտական բարձր որակների ապացույցներից մեկը:
Խոսելով մեծանուն բանաստեղծ Ֆիրդուսիի մասին՝ Ռ. Մելքոնյանն ընդգծեց.
«Այժմ բավականին բարդ ժամանակաշրջան է թե՛ երկրի, թե՛ տարածաշրջանի և թե՛ ամբողջ աշխարհի համար: Այսպիսի ժամանակներում Ֆիրդուսիին և նմանօրինակ այլ մտածողների հիշելը խիստ կարևոր է, քանի որ դա օգնում է վերադառնալու դեպի ճշմարտություն, դեպի մաքուր մտածողություն»:
Կարևորելով աշխարհի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Ֆիրդուսիի հիշատակի ոգեկոչումը և պարսկական մշակույթին ու լեզվին նվիրված գիտաժողովը ԵՊՀ-ում՝ ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին շեշտեց. «Մեզ համար պատիվ է ոգեկոչել մեծ բանաստեղծի հիշատակը, նրա արժեքավոր, վեհ և իմաստուն մտքերին անդրադառնալը բարեկամ Հայաստանում: Մեծ պատիվ է, որ պարսկերենը ծաղկում է Իրանի լավ ու ազնիվ հարևան Հայաստանում։ Մենք բարձր ենք գնահատում պարսկերենի՝ սիրո, մարդասիրության և իմաստության լեզվի տարածման և պահպանման գործում ԵՊՀ գործադրած ջանքերը»:
Խոսելով էպոսի մասին՝ Մեհդի Սոբհանին նշեց, որ այն հին արիական պատմվածքները, հնագույն ծեսերն ու սովորույթները, ինչպես նաև տարածաշրջանի լեգենդներն ամփոփող գիրք է՝ կազմված պարսից լեզվի ճիշտ և գեղեցիկ բառերով: Նա նաև հավելեց, որ խիստ արժեքավոր է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, քանի որ Ֆիրդուսին և իրանական մշակույթի ու գրականության հսկաները պատկանում են ոչ միայն Իրանին, այլև ամբողջ աշխարհին:
«Ֆիրդուսին ականավոր բանաստեղծ է, որի համբավը տարածվել է մեր երկրի սահմաններից դուրս։ Նրա «Շահնամեն» փայլում է Իրանի և աշխարհի դյուցազնագիտական գրականության տիրույթում: Ֆիրդուսին ոչ միայն պարսկերենի փրկիչն է, այլև մի շարք քաղաքակրթություններ միմյանց կապող օղակ: Պարսկերենի զարկերակը Ֆիրդուսիի «Շահնամեն» է։ Նրա շնորհիվ է նաև, որ գոյատևել, զարգացել ու ապրում է մեր լեզուն»,- ընդգծեց դեսպանը:
Նշենք, որ գիտաժողովին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը, դեսպանատան այլ ներկայացուցիչներ: