May 29, 2024 | 15:59
YSU students to guide high school students in choosing their paths
At the initiative of a group of students from the YSU Faculty of Geography and Geology, a summer school will be organized for high school students in Yerevan. The objective is to provide insight into the faculty’s educational programs, laboratories, internships, and pathways for further education.
Ուսանողներն այս գաղափարի շուրջ աշխատել են ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացված «ԳԵՈ-ներգրավում-2024» եռօրյա ճամբարի շրջանակում, որի աշխատանքներն ամփոփվեցին ԵՊՀ-ում: Միջոցառմանը փորձագետ Լիլիթ Հակոբյանը ուսանողներին ծանոթացրեց թափուր հաստիքներին դիմելիս հարցազրույցի պատրաստվելու առանձնահատկություններին, ինչից հետո ներկայացվեց և քննարկվեց Երևանի ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսվող ամառային դպրոցի նախագիծը:
Մասնագիտական ճամբարի մասնակից ուսանողները պատմեցին, որ ամառային դպրոցը նախատեսվում է անցկացնել օգոստոսին։ Ուսանողները բաժանվել են երեք խմբի․ յուրաքանչյուր խումբ կատարելու է իր գործառույթները, որոնցից են` իրազեկման արշավ ավագ դպրոցի աշակերտների համար, դասընթացների կազմակերպում, կատարված աշխատանքի մշտադիտարկում և վերլուծում։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, ողջունելով ուսանողների գաղափարը, ընդգծեց, որ մասնագիտության ընտրությունը չպետք է պատահական լինի, հետևաբար՝ ապագա դիմորդներին կողմնորոշելուն ուղղված այս նախաձեռնությունը շատ կարևոր է։ Նա հավաստիացրեց, որ ֆակուլտետն իր բոլոր ռեսուրսները կօգտագործի ուսանողների այս գաղափարն իրագործելու համար թե՛ ֆինանսական տեսանկյունից, թե՛ լսարանների տրամադրման հարցում։
Անդրադառնալով ճամբարի գաղափարին՝ Ս․ Քելյանն ընդգծեց, որ սա ֆակուլտետի ուսանողների նախաձեռնությունն է, որը քննարկվել է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրենի հետ ու հավանության արժանացել:
«Ճամբարը համախմբեց ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների և տարբեր կուրսերի ուսանողներին` իրենց նոր գաղափարներն իրագործելու համար: Ուսանողները կատարել են հսկայական աշխատանք, և վստահ եմ, որ նրանց նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի»,- նշեց դեկանը:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի դոցենտ Լյուբա Միրզոյանը, կարևորելով եռօրյա ճամբարի անցկացումը, շեշտեց, որ ֆակուլտետի տարբեր կրթական ծրագրերի ուսանողները, բացի թիմային աշխատանքի հմտություններ ձեռք բերելուց, ստացավ տեսական նոր գիտելիքներ և գործնական հմտություններ, ինչն էլ օգնեց կազմելու խմբային նախագիծը:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, ներկայացնելով մասնագիտական ճամբարի շրջանակում ուսանողների ընտրության կարգը, ընդգծեց, որ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի ուսանողներն ընտրվել են նախապես լրացված հարցաթերթիկների արդյունքների և մոտիվացիոն նամակի հիման վրա։
«Բավական մեծ խմբից ընտրել ենք մոտ 35 ուսանողի։ Նրանք ծանոթացել են ֆակուլտետի մագիստրոսական կրթական ծրագրերին, հանդիպումներ ունեցել ոլորտի մասնագետների հետ: Ճամբարի շրջանակում մասնագիտական դասընթացներ են անցկացրել նաև «Ֆիմ մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչները, իսկ ֆակուլտետի շրջանավարտները, որոնք ոլորտում կայացած մասնագետներ են, ուսանողներին են ներկայացրել իրենց հաջողության պատմությունները»,- ասաց Կարինե Նազարյանը:
Նրա հավաստմամբ` ԵՊՀ մյուս ֆակուլտետներին ևս կներկայացվի մասնագիտական ճամբարին մասնակցելու առաջարկ։
Նշենք, որ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործակցությամբ «ԳԵՈ-ներգրավում-2024» մասնագիտական եռօրյա ճամբարը անցկացվեց մայիսին։ Ծրագրի առաջին մասնակիցները հնարավորություն ունեցան նաև մասնակցելու ոլորտի առաջատար մասնագետների կազմած մասնագիտական և երիտասարդության զարգացմանն ուղղված մի շարք դասընթացների: