July 30, 2024 | 21:00
Admission
Education
Student
Once again, YSU maintains top spot in 2024-2025 academic year admission results
This year, Yerevan State University saw an increase in admissions, with 2,416 students accepted—109 more than the number admitted in the 2023-2024 academic year.
Երևանի պետական համալսարանի 2024-2025 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքներով ԵՊՀ է ընդունվել 2236 ուսանող, որից 468-ը՝ անվճար (91-ը՝ տարկետման իրավունքով), իսկ 1768-ը՝ վճարովի հիմունքով։
Անվճար հիմունքով ընդունելության մրցույթի արդյունքներին կարելի է ծանոթանալ հղումով:
Վճարովի հիմունքով ընդունելության մրցույթի արդյունքներին կարելի է ծանոթանալ հղումով:
Արտոնությամբ ընդունվածների անվանացանկին կարելի է ծանոթանալ հղումով:
Լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքներով ԵՊՀ է ընդունվել 180 ուսանող, որից 12-ը՝ անվճար (1-ը՝ տարկետման իրավունքով), իսկ 168-ը՝ վճարովի հիմունքով։
Անվճար հիմունքով ընդունելության մրցույթի արդյունքներին կարելի է ծանոթանալ հղումով:
Վճարովի հիմունքով ընդունելության մրցույթի արդյունքներին կարելի է ծանոթանալ հղումով:
Արտոնությամբ ընդունվածների անվանացանկին կարելի է ծանոթանալ հղումով:
2024-2025 ուստարվա բակալավրիատի առկա ուսուցման կրթական ծրագրերով ընդունելության համար ԵՊՀ-ն հատկացրել է 2382 տեղ, որին դիմել է 3437 դիմորդ: Ավելին` երեք կրթական ծրագրերում մրցութային ցուցանիշը եղել է բավականին բարձր, մասնավորապես` «Հանրային քաղաքականություն և կառավարում» կրթական ծրագրի մրցութային ցուցանիշը (հատկացված մեկ տեղի համար դիմելիությունը) կազմել է 2.3, «Իրավագիտություն»` 2.1, «Հասարակայնության հետ կապեր»` 2։
Հավելենք, որ, ըստ ԳԹԿ-ի վերլուծության, ԵՊՀ մի շարք կրթական ծրագրեր ընդգրկվել են մեծ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտությունների առաջին տասնյակում:
ԵՊՀ-ում պարբերաբար լավարկվում և արդիականացվում են կրթական ծրագրերը, դրանք համապատասխանեցվում են միջազգային չափանիշներին ու աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին, կատարվում իրատեսական բարեփոխումներ։
Երևանի պետական համալսարան․ երբ ավանդույթը հանդիպում է նորարարությանը
Սիրելի՛ առաջինկուրսեցի, բարի գալուստ Երևանի պետական համալսարան:
Մուտք գործելով 105-ամյա բուհ՝ դու սկսում ես մեծ մի ճանապարհորդություն՝ գիտելիքի և ստեղծագործության անսահման աշխարհում: Հիշի՛ր, որ հենց այստեղ՝ ԵՊՀ տարբեր մասնաշենքերում ու լսարաններում, իրենց ուսումնառության կարևոր տարիներն են անցկացրել հայ մտավորականներն ու ժամանակի առաջատար մասնագետները: Նրանց շարունակողն ու հաջորդողը դու ես, և հենց քեզ համար են ԵՊՀ-ի ընձեռած բազմաթիվ հնարավորությունները:
ԵՊՀ գիտակրթական ստորաբաժանումներ
17 ֆակուլտետ, գիտահետազոտական ինստիտուտներ, կենտրոններ և լաբորատորիաներ. ամեն օր հազարավոր գիտնականներ ու ուսանողներ դիտարկում են պրակտիկ ու տեսական տարբեր գիտաճյուղեր վերանորոգված, նորագույն տեխնիկայով և գույքով հագեցած ԵՊՀ լաբորատորիաներում և լսարաններում:
Սկսելով ուսումնական գործընթացը՝ դու ևս կդառնաս մտային կարևոր այս շրջապտույտի մասնիկը՝ անվերջ փորձելով, ուսումնասիրելով, բացահայտելով ու նորը սովորելով:
Գիտակրթական ստորաբաժանումների կարևորագույն բաղադրիչներից են ֆակուլտետային գրասենյակները, որոնք պատասխանատու են դասացուցակների կազմման, ուսանողներին խորհրդատվության տրամադրման, ինչպես նաև ֆակուլտետին առնչվող մի շարք հարցերի կազմակերպման համար:
Ուսումնական և գիտական գործընթացի կազմակերպումը ԵՊՀ-ում
ԵՊՀ-ում կրթությունը կազմակերպվում է եռաստիճան համակարգով՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:
Ուսումնամեթոդական վարչությունը կազմակերպում և վերահսկում է բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի մշակման գործընթացը և կատարումը, ստուգում է ամբիոնային ծանրաբեռնվածությունը, բակալավրիատի և մագիստրատուրայի դասատախտակները:
Վարչությունը համակարգում է ֆակուլտետային մեթոդական խորհուրդների աշխատանքները, ուսանողների ավարտական փաստաթղթերի նախապատրաստումը և հաշվառումը, պետական քննական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը, վերահսկում է ընթացիկ և հանրագումարային քննությունների անցկացումը, կազմակերպում է մագիստրատուրայի ընդունելությունը, 2-րդ մասնագիտության գծով ընդունելությունը, ուսանողների շարժունության (ազատում, հեռացում, վերականգնում, տեղափոխում), ուսանողների և շրջանավարտների շրջանում կրթությանը վերաբերող հարցումները և այլն:
ԵՊՀ ուշադրության առանցքում է ոչ միայն կրթական գործընթացի կազմակերպումը, այլև գիտական կյանքի զարգացումը, անհրաժեշտ պայմանների ապահովումն ու խթանումը:
Գիտական քաղաքականության վարչությունը վերահսկում է ԵՊՀ ֆակուլտետներում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, ուսումնական գործընթացում գիտական արդյունքների ներդնումը, նորարարական ծրագրերի և գիտության կարևորագույն արդյունքների առևտրայնացման նպատակով համապատասխան կառույցների ստեղծումը, միջֆակուլտետային գիտակրթական ստորաբաժանումների ստեղծումը, ԵՊՀ ֆակուլտետների նյութատեխնիկական և գիտական ռեսուրսների ուսումնասիրումն ու համապատասխան բարեփոխումների կատարումը:
ԵՊՀ-ի նախաձեռնությամբ ստեղծվել և 2023 թվականի մարտ ամսից գործարկվել է «Registrar» հարթակը, որը հնարավորություն է ընձեռում ուսանողներին կրթական ծրագրի առաջարկած կամընտրական դասընթացների ցանկից ընտրելու առարկաները։ Նրանք կարող են հետևել իրենց առաջադիմության արդյունքներին, դասացուցակին և քննությունների ժամանակացույցին։ Հարթակը նախատեսված է նաև դասախոսների համար՝ հնարավորություն ընձեռելով գնահատելու ուսանողներին:
Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
ԵՊՀ գրադարանը հիմնադրվել է 1920 թ. փետրվարի 28-ին Երևանի ուսուցչական սեմինարիայի գրադարանի ֆոնդի հիման վրա։ ԵՊՀ գիտական գրադարանն ունի շուրջ 1,5 միլիոն միավոր գրականություն: Այն հագեցած է անհրաժեշտ գեղարվեստական գրականությամբ, տարաբնույթ ուսումնասիրություններով ու ուսումնական ձեռնարկներով:
Տարողունակ գրապահոցներով, ընդարձակ ու լուսավոր ընթերցասրահներով, աշխատասենյակներով գրադարանը պատրաստ է ընդունելու ԵՊՀ բոլոր ուսանողներին ու հետազոտողներին:
Գրադարանից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ միասնական տոմս, որը տրամադրում է ֆակուլտետը: Այն և՛ ուսանողական տոմս է, և՛ գրադարանի, որը տրվում է որոշակի ժամկետով` ելնելով ընթերցողի համալսարանական կարգավիճակից. չորս տարի ժամկետով տրվում է բակալավրիատի ուսանողներին, երկու տարի ժամկետով՝ մագիստրատուրայի ուսանողներին:
ԵՊՀ-ն մշտապես համալրում է նաև էլեկտրոնային շտեմարանների պաշարները՝ հնարավորություն ընձեռելով օգտվելու առցանց աղբյուրներից՝ էլեկտրոնային գրքերից, գիտական հոդվածներից ու տվյալների բազաներից:
Միջազգային համագործակցություն
Միջազգային համագործակցության վարչությունն ակտիվ մասնակցում է բուհի միջազգայնացմանն ուղղված գործընթացներին, որոնց շրջանակում համալսարանի ուսանողները հնարավորություն են ստանում մասնակցելու փոխանակման բազմաթիվ ծրագրերի և կրթություն ստանալու արտասահմանյան լավագույն բուհերում:
ՀՀ բուհական համակարգում ԵՊՀ-ն ունի միջազգային համագործակցության ամենալայն ցանցը՝ արդյունավետ համագործակցելով աշխարհի ավելի քան 260 հայտնի համալսարանների հետ, այդ թվում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի, Օքսֆորդի համալսարանի, Էդինբուրգի պետական համալսարանի, Արիզոնայի պետական համալսարանի, Ռոստոկի համալսարանի, Տրիերի համալսարանի, Հումբոլդտի համալսարանի, Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի, Ֆլորենցիայի համալսարանի, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի, Վարշավայի համալսարանի և այլն։
Բուհի միջազգայնացումը ռազմավարական նպատակ դարձնելով՝ ԵՊՀ-ն շարունակում է զարգացնել համագործակցությունն աշխարհի տարբեր երկրների գործընկեր համալսարանների հետ՝ իրագործելու ցանցային ուսուցում։
Հավելենք, որ ԵՊՀ-ում գործում են միջազգային կրթական և գիտական զանազան ծրագրեր, որոնցից է, օրինակ, «Էրազմուս+» միջազգային ծրագիրը:
Ի՞նչ անել ԵՊՀ-ում՝ ակադեմիական կրթություն ստանալուն զուգահեռ
Երևանի պետական համալսարանում կրթական գործընթացներին զուգահեռ մեծ ուշադրություն է դարձվում նաև ուսանողների արտալսարանային կյանքին: ԵՊՀ-ում գործում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, որը կազմակերպում ու համակարգում է բուհի մշակութային կյանքը, համալսարանականների շրջանում անցկացվող մշակութային միջոցառումները:
ԵՊՀ բազմաթիվ ուսանողներ ներառված են «Համալսարանական» թատրոն-ստուդիայի, աղջիկների պարային համույթի, երգչախմբի, կինոակումբի և կենտրոնում գործող հարակից խմբերում:
ԵՊՀ կարևոր ստորաբաժանումներից է Շարունակական կրթության կենտրոնը, որն իր ավելի քան կեսդարյա գործունեության ընթացքում իրականացնում է հետբուհական լրացուցիչ և շարունակական կրթության, դասախոսների, ինչպես նաև մինչբուհական կրթական հաստատություններում դասավանդողների մասնագիտական և մանկավարժական որակավորման բարձրացման, բարձրագույն կրթությամբ մասնագետների, քաղաքացիական և պետական ծառայողների վերապատրաստման ծրագրեր:
Ոչ ֆորմալ դասընթացներ, սեմինար-քննարկումներ, աշխատաշուկայի արդի պահանջների և խնդիրների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ, այդ թվում՝ գործատուների ներգրավմամբ խորհրդատվական հանդիպում-քննարկումներ (ինչպես կազմել ինքնակենսագրական, ճիշտ ներկայանալ գործատուին, ստեղծել կարիերա), կարճաժամկետ ու երկարաժամկետ տարաբնույթ նախագծեր ու ծրագրեր է առաջարկում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Սիրելի՛ առաջինկուրսեցի, ակտիվ հետևի՛ր
համալսարանական էլեկտրոնային հասցեիդ, այդտեղ դու պարբերաբար կստանաս նորություններ՝ թափուր աշխատատեղերի, պրակտիկաների, կամավորական աշխատանքների, ծրագրերի, ինչպես նաև համալսարանում կազմակերպվող «ԲանՈՒԳործ» ամենամյա էքսպոյի, ԵՊՀ շրջանավարտների ավարտական տոնական, «106-ՐԴ ԲԱՐԵՎԸ» խորագրով առաջինկուրսեցիների ընդունելությանը նվիրված ամենամյա, Շրջանավարտների ցանցի միջոցառումների և ավելիի մասին:
ԵՊՀ-ում գործում է նաև ՀՀ բուհական առաջին, ամենամեծ և ցուցանմուշներով հարուստ Պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանը: Այն ներկայացնում է ԵՊՀ կազմավորման և կայացման ընթացքը, անվանի համալսարանականներին, ինչպես նաև համալսարանի մասնակցությունն ու արձագանքը Հայաստանի համար կարևորագույն իրադարձություններին։
ԵՊՀ-ում գործում է նաև մարզասրահ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով:
Տեղեկացնենք, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ Ծարավ Աղբյուրի նորակառույց թաղամասում, գործում է ԵՊՀ ուսանողական հանրակացարանը, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները ԵՊՀ ուսանողների հարմարավետ և մատչելի կեցությունն ապահովելու համար:
Հաղորդակցությունը ԵՊՀ-ում
Յուրաքանչյուր դիմորդ, դառնալով ԵՊՀ ուսանող, ստանում է համալսարանական իր էլեկտրոնային հասցեն, որի տրամադրմամբ զբաղվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը:
Ակադեմիական կրթության կարևոր ուղեկցող հարթակ է e-learning.ysu.am-ը, որը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու դասընթացների բովանդակությանը, առաջադրանքներին և հարակից նյութերին:
Սիրելի՛ ուսանող, հենց այս հարթակում պետք է տեղադրես քո կատարած աշխատանքները՝ դրանք հասանելի դարձնելով դասավանդողներին: Հարթակում տեղադրված են նաև ակադեմիական տեղեկագիրը և ուսանողի ֆինանսական հաշվետվությունը:
ԵՊՀ-ում յուրաքանչյուր ուսանողի համար լրացվում է ակադեմիական տեղեկագիր, որտեղ արտացոլվում են ուստարվա ընթացքում ուսանողի կատարած աշխատանքի ծավալը, ուսումնական գործունեության արդյունքները, կրթական ձեռքբերումների որակն ու առաջադիմության ցուցանիշները:
Մուտք գործելով e-learning.ysu.am հարթակի Տեղեկագրեր բաժնի ֆինանսական հաշվետվություն ենթաբաժինը՝ կարելի է ծանոթանալ ուսման վարձի վճարի չափին, պարտքերին ու զեղչերին:
Ուսումնական զեղչերին առնչվող կարևոր տեղեկությունների՝ դիմելու կարգի, պայմանների, փաստաթղթերի և ժամկետների կարգավորման աշխատանքներով զբաղվում է Ֆինանսական վերլուծությունների վարչությունը:
Ընդհանուր բաժինը կազմակերպում է ԵՊՀ փաստաթղթաշրջանառությունը, վերահսկում է նամակների և դիմումների ստացման, դրանց գրանցման և կատարման ժամկետները, ինչպես նաև համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության աշխատանքները: Բոլոր թղթային դիմումները՝ կից փաստաթղթերով, պետք է ներկայացնել Ընդհանուր բաժին:
ԵՊՀ-ում գործում է նաև Տեղեկատվական կենտրոն, որը տրամադրում է ԵՊՀ-ում գործող գիտակրթական և վարչական ստորաբաժանումների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն: Կենտրոնի աշխատանքները համակարգում է Մարքեթինգի բաժինը: Այն, ի թիվս այլ գործառույթների, աջակցում է ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների միջև արդյունավետ հաղորդակցության կազմակերպմանը:
Հիմնական դիմումները պետք է լրացնել e-request.ysu.am հարթակի միջոցով, իսկ տեղեկատուն կուղղորդի գրել բոլոր այն դիմումները, որոնց ձևանմուշները չկան առցանց հարթակներում:
Ուսանողական կառույցներ՝ ՈՒԽ և ՈՒԳԸ
Կարևոր է իմանալ, որ ԵՊՀ-ում ակտիվ գործունեություն են ծավալում նաև ուսանողական գիտական ընկերությունն (ՈՒԳԸ) ու խորհուրդը (ՈՒԽ):
Հատկանշական է, որ ԵՊՀ ՈՒԳԸ-ն կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ ու դասախոսություններ, «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում հրատարակում երիտասարդ հետազոտողների և ուսանողների գիտական հոդվածները:
Այսպիսով, դու արդեն համալսարանական ես, բարի գալուստ ԵՊՀ՝ գիտելիքի և ստեղծագործության անհուն աշխարհ: Հավատացա՛ծ եղիր, որ այստեղ քո յուրաքանչյուր քայլը մի նոր փայլուն էջ է կյանքիդ մեծ ու գունավոր գրքում: Օգտագործի՛ր քեզ ընձեռված անվերջ սովորելու և ստեղծագործելու հնարավորությունը: