June 26, 2024 | 16:10
Science
Education
YSU Academic Council approves decisions regarding chairperson elections
The YSU Academic Council convened to address four key agenda items, including the confirmation of chairperson election results, the approval of associate professor titles, and the endorsement of publications from the YSU Publishing Council. Additionally, the Council honored Professor Ara Gabuzyan, Doctor of Legal Sciences, with the title of "Honorary Head of YSU."
Նիստի սկզբում, համաձայն ձևավորված ավանդույթի, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը խրախուսական նվերներ հանձնեց համալսարանի ուսանողներին ու դասախոսներին, որոնք ուստարվա ընթացքում միջազգային առարկայական օլիմպիադաներում ու հեղինակավոր մրցույթներում արժանացել են պարգևների՝ բարձր պահելով ԵՊՀ անունը։
Արդեն 6 տարի է՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմերը մասնակցում են «Վիլլեմ Ս․ Վիս միջազգային առևտրային արբիտրաժ» դատախաղ մրցույթին՝ դառնալով դատախաղի կայուն ու սպասելի մասնակիցներից։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը 2024 թ․ փետրվարի 14-18-ը Թբիլիսիում մասնակցել է դատախաղ-մրցույթի, ճանաչվել հաղթող՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները 2023 թ․ դեկտեմբերին «ICPC» օլիմպիադայի 2024 թ․ եզրափակչի ուղեգիր են նվաճել՝ հռչակվելով Հարավային Կովկասի չեմպիոն։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները Մաղտըմգուլիի անվան թուրքմենական պետական համալսարանի կազմակերպած օլիմպիադայում գրավել են ամենաբարձր հորիզոնականները՝ արժանանալով Թուրքմենստանի կրթության նախարարության հավաստագրերի։ Օլիմպիադան անցկացվել է 2023 թ․ նոյեմբերի 14-17-ը, հեռավար ձևաչափով մասնակցել են աշխարհի 23 երկրների 76 առաջատար բուհերի 500-ից ավելի ուսանողներ։ Թիմը գրավել է երկրորդ տեղը։
2024 թ․ ապրիլի 20-27-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվել է քիմիայի 58-րդ մենդելևյան միջազգային օլիմպիադան, որին մասնակից հայ աշակերտները արժանացել են արծաթե ու բրոնզե մեդալների։ Թիմի մարզիչները ԵՊՀ ուսանողներն ու դասախոսներն են։
«Չինարենի կամուրջ» համաշխարհային մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող է ճանաչվել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Սամվել Պետրոսյանը։ Նա պարգևատրվել է ոսկե մեդալով և Չինաստան մեկնելու հնարավորություն ստացել՝ Հայաստանը ներկայացնելու Պեկինում անցկացվող համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլում։
«Համալսարանականների ձեռքբերումները հպարտության զգացողություն են պարգևում և ոգեշնչում՝ ավելի մեծ եռանդով աշխատելու ու ստեղծագործելու։ Կրկին շնորհավորում եմ բոլոր մրցանակակիրներին՝ մաղթելով առաջընթաց իրենց գործունեության բոլոր ոլորտներում»,– նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։
Ներկայացված օրակարգը հաստատելուց հետո ԵՊՀ ԳԽ մրցութային մշտական հանձնաժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչում շնորհելու 8 հայցերը՝ փաստելով, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող կարգին և երաշխավորվել են Մրցութային հանձնաժողովի կողմից։
Գիտական կոչում շնորհելու մասին որոշում ընդունելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, և հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն։
Հաջորդիվ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրության վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումների գիտական խորհուրդների որոշումները։ Գիտական խորհուրդը հավանություն տվեց բոլոր թեկնածուների վերաբերյալ որոշումներին՝ հաստատելով տասը ամբիոնների վարիչների ընտրության արդյունքները:
Այնուհետև ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանին «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ» կոչում շնորհելու հարցը՝ փաստելով, որ պրոֆեսորն ընտրել է կրթելու, դաստիարակելու և հետազոտելու ստեղծարար ու շնորհակալ ուղին, որն անցնում է արժեքային բարձր հատկանիշներով ու մեծ պատասխանատվությամբ․ «Պարոն Գաբուզյանի կերպարը համալսարանականի վառ օրինակ է, որը պետք է արժևորել ու գնահատել»։
Այնուհետև ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը ներկայացրեց ԵՊՀ գրահրատարակչական խորհրդում քննարկված աշխատությունների հրատարակության երաշխավորման հարցը` փաստելով, որ դրանք համապատասխանում են առաջադրված չափանիշներին։ ԳԽ-ն հաստատեց ներկայացված հարցը։
Օրակարգային հարցերի սպառումից հետո ձևավորված հաշվիչ հանձնաժողովը հրապարակեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ ԳԽ-ն բավարարեց դոցենտի գիտական կոչում շնորհելու համար ներկայացված բոլոր հայցերը: