January 20, 2025 | 15:00
Research
Publications and scientific journals
Competitions
Endangerment of languages of Azerbaijan’s national minorities: Study by researchers from Yerevan State University
UNESCO's World Atlas of Languages includes over 3,000 endangered (extinct) languages, one of which is Tati. This language is spoken by the Caucasian Persians living in Azerbaijan, who have raised concerns that the younger generation understands Tati but no longer speaks it as their native language. What political factors contribute to the extinction of languages? What are the underlying motivations behind these policies, and what changes do languages undergo before they approach the brink of extinction? The research team from the Chair of Iranian Studies at YSU Faculty of Oriental Studies has focused on Azerbaijan's language policy and its impact on the country's linguistic landscape.
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի կողմից ներկայացված «Լեզուների վտանգվածությունն Ադրբեջանում. պետական լեզվական քաղաքականության և տեղաբնիկ ժողովուրդների հանրալեզվաբանական վարքագծի ուսումնասիրություն իրանական լեզուների (քրդերեն, թալիշերեն, թաթերեն) օրինակով» վերտառությամբ գիտական նախագիծն երաշխավորվել է ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ-2024» մրցույթի արդյունքում:
Գիտական նախագծի շրջանակում կատարվող ուսումնասիրությունների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել հետազոտական խմբի ղեկավար Արտյոմ Տոնոյանը։
Լեզուների ուսումնասիրության մեթոդները՝ հայ հետազոտողների համար փակ երկրում
Հայաստանը և Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, ուստի այդ պետությունը փակ է հայ հետազոտողների համար։ Այդ իսկ պատճառով խնդրահարույց է ավանդական ձևով դաշտային հետազոտությունների կատարումը Ադրբեջանում: Այս խնդրին առնչվում են ոչ միայն հայ, այլև արևմտյան այն երկրների հետազոտողները, որոնք դիվանագիտական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ․ նրանց ևս հիմնականում հեշտորեն չի թույլատրվում կատարել ուսումնասիրություններ պետության այն հատվածներում, որտեղ, օրինակ, բնակվում են թալիշներ, կովկասյան պարսիկներ: Նրանց համար էլ ստեղծվում են տարատեսակ խոչընդոտներ, բերվում են տարբեր պատճառաբանություններ՝ թույլ չտալու կատարել դաշտային աշխատանքներ այս կամ այն տարածքում։ Սակայն ժամանակակից աշխարհում լեզվական ուսումնասիրություն կատարելու բազմաթիվ գործիքներ կան, որոնք հնարավոր են դարձնում անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրումն առանց դաշտում լինելու։ Այդ միջոցներից են սոցիալական ցանցերը:
Որպես հակամարտության մեջ գտնվող պետություն՝ մենք ունենք այս փորձառությունն առնվազն 2000-ականների սկզբից: Սակայն այստեսակ հաղորդակցության տարբերակն օգտագործում են նաև այլ երկրների հետազոտողները: Հեռավար հաղորդակցության տարբերակը մասնավորապես լայն կիրառում գտավ COVID-19-ի ժամանակ:
Հանրալեզվաբանական պատկերի բացահայտման ուղիները
Հանրալեզվաբանական պատկերի բացահայտման համար սոցիալական ցանցերում գտնում ենք, օրինակ, Շամախիի կամ Ղուբայի գյուղերի բնակիչներին կամ այդ գյուղերի անվամբ բացված խմբեր, ուսումնասիրում, թե տվյալ լեզուների կրողները ներկայում որքանով են հետաքրքրված իրենց լեզվի պահպանմամբ, արդյոք տվյալ լեզվով հաղորդակցությունը դիտարկվում է որպես ծաղրանքի առարկա, թե լեզվակրի համար դա բարձր հեղինակության վկայություն է: Ուսումնասիրում ենք նաև լեզվակրի վարքագիծը քաղաքային և ոչ քաղաքային միջավայրում: Օրինակ՝ երբ լեզվակիրը դուրս է գալիս ոչ քաղաքային միջավայրից, որտեղից սերում է և հայտնվում է քաղաքային միջավայրում՝ արդյո՞ք կարողանում է պահպանել իր լեզուն:
Մեր ուսումնասիրության տիրույթում են լեզվի պահպանության հարցում ընթացող փոփոխությունները, որոնք համեմատում ենք ժամանակին մեր կատարած հետազոտությունների հետ:
Դասագիրքը՝ լեզվի պահպանման հենասյուն
Հետազոտության շրջանակում ցույց ենք տալու, թե ինչպես է Ադրբեջանի պետական լեզվական քաղաքականությունն ազդում այնտեղ ապրող տեղաբնիկ ժողովուրդների լեզուների պահպանման վրա, և որոնք են այդպիսի քաղաքականություն վարելու հիմնական շարժառիթները, ինչը հանգեցնում է տվյալ պետության տարածքում լեզուների վտանգվածության:
Հետազոտությունն սկսել ենք նախորդ տարվա հուլիսից։ Նախագծի շրջանակում արդեն իսկ պատրաստել ենք հոդված, որն այժմ ավարտական փուլում է: Հոդվածում անդրադառնում ենք Ադրբեջանում կովկասյան պարսկերենով դասագրքերի խնդրին: 2024 թ. սեպտեմբերին Ադրբեջանում երկարատև ընդմիջումից հետո լույս տեսավ թաթերենով դասագիրք: Ադրբեջանում վերջին անգամ թաթերենով դասագիրք էր լույս տեսել 1995 թ.: Հոդվածում վերլուծված են երկու դասագրքերը, ներկայացված են պատճառները, թե ինչու 30 տարվա դադարից հետո Ադրբեջանը որոշեց նորից թաթերենով դասագիրք հրատարակել: Մենք ուսումնասիրել ենք, թե որ բնակավայրի բարբառն է որպես նորմավորման հիմք ընտրվել դասագրքի համար: Թեպետ Ադրբեջանը ներկայանում է որպես բազմամշակութային պետություն, այնուամենայնիվ 2024 թ. տպագրված դասագիրքը շեղվել է նախկինում կիրառական հիմնական նորմից և ընտրվել է այնպիսի բարբառ, որը հասկանալի է միայն մեկ բնակավայրի բնակիչներին: Թաթերենն Ադրբեջանում ունի 6 հիմնական բարբառախումբ, որոնք թեպետ միմյանցից տարբեր են։ Կան հանրալեզվաբանական հետազոտություններ` լույս տեսած 2005 թ., որտեղ ցույց են տրված, թե բոլորի համար ամենահասկանալին որ բարբառն է: Այնինչ բարբառախումբը, որն ընտրվել է Ադրբեջանում 2024 թ. հրատարակված դասագրքի համար, մեծամասնությանը հասկանալի չէ: Այս դասագրքի վերաբերյալ ևս մեր հետազոտական խումբը լրացուցիչ հարցումներ է անցկացրել Ադրբեջանում բնակվող թաթերի շրջանում, և պատասխաններից հասկանալի է դարձել, որ մեծամասնությունն այդ բարբառը չի հասկանում:
Վերջին անգամ Ադրբեջանում թաթերեն դասավանդվել է 1996 թ., ինչից հետո ընդհանրապես չի դասավանդվել։ Իսկ քրդերեն նույնիսկ 90-ականներին չի դասավանդվել, թալիշերեն ու լեզգիերեն դասավանդվում է տարրական դասարաններում:
Օրինակ՝ թաթերենը ՌԴ–ում պետական լեզվի կարգավիճակ ունի, քանի որ խոսվում է Դաղստանում։ Այնտեղ կան այդ լեզվով ռադիոհաղորդումներ, թերթեր, հեռուստահաղորդումներ՝ չնայած խոսողների քանակն ավելի քիչ է, քան Ադրբեջանում: Իրանում էլ թալիշները բավական ազատություն ունեն․ իրենց լեզվով ազատ տպագրում են թերթեր, գրքեր, ունեն հեռուստատեսություն, ռադոհաղորդումներ:
Նշենք, որ «Լեզուների վտանգվածությունն Ադրբեջանում. պետական լեզվական քաղաքականության և տեղաբնիկ ժողովուրդների հանրալեզվաբանական վարքագծի ուսումնասիրություն իրանական լեզուների (քրդերեն, թալիշերեն, թաթերեն) օրինակով» հետազոտական նախագծի շուրջ աշխատող հետազոտական խմբում ընդգրկված են նաև իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանյանը, դոցենտներ Հակոբ Ավչյանը և Թերեզա Ամրյանը։ Խումբն ունի նաև միջազգային գործընկեր Կարլտոնի համալսարանից (Կանադա), որը ծրագրի շրջանակում երկշաբաթյա այցով կժամանի Երևան: