February 04, 2025 | 14:45
Educational programs
Education
Student
Students push professional boundaries to expand their intellectual horizons
The educational system is constantly evolving to align with modern demands. Today, students are no longer confined to acquiring knowledge solely within their chosen fields; instead, they strive to broaden their intellectual horizons as much as possible. For the first time in Armenia, the newly introduced Mobility Window program provides students with the opportunity to move beyond the conventional boundaries of education by selecting courses from related academic programs that align with their interests.
«Շարժունության պատուհան» ծրագրի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում զարգացնելու բազմակողմանի մտածողություն, խորանալու տարբեր ոլորտներում և ձեռք բերելու հմտություններ, որոնք կարող են օգտակար լինել ապագա մասնագիտական գործունեության ընթացքում։ Ուսումնական տարվա առաջին իսկ կիսամյակում ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողներին տրված նոր հնարավորություններով։ Այդ մասին է վկայում ծրագրով տարբեր դասընթացներ ընտրած ուսանողների ոգևորությունը։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները ծրագրի շրջանակում ընտրել են հոգեբանությանը և հաղորդակցությանն առնչվող դասընթացներ, ինչը, առաջին հայացքից, անսպասելի է, սակայն միևնույն ժամանակ՝ շատ հետաքրքիր։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Անի Նասիբյանը և Ավետ Ջանվելյանը պատմել են, թե ինչու են որոշել մասնակցել այս ծրագրին, ինչ դասընթացներ են ընտրել և ինչ ակնկալիքներ ունեն։
Թեև մասնագիտանում եմ քիմիայի ուղղությամբ, բայց ուզում եմ նաև սովորել ավելի լավ հասկանալ մարդկանց հոգեբանությունը․․․
Անին սովորում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում՝ մասնագիտանալով սննդի անվտանգության ոլորտում։ Չնայած իր բնագիտական կրթությանը՝ նա որոշել է մասնակցել «Շարժունության պատուհան» ծրագրին՝ ընտրելով դասընթացներ, որոնք, առաջին հայացքից, շատ հեռու են իր մասնագիտությունից։
«Ծրագրի մասին իմացել եմ մեր ֆակուլտետի գրասենյակից։ Մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ։ Ուսանող լինելու ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ հնարավորություն ես ունենում բացահայտելու նորը, փորձելու քեզ տարբեր ոլորտներում։ Այն դասընթացները, որոնք հնարավոր էր հարմարեցնել իմ դասացուցակին, այնքան էլ շատ չէին, բայց նրանց շարքում կային ինձ համար իսկապես հետաքրքիր դասընթացներ»,– պատմում է Անին։
Նա ընտրել է «Հոգեգենետիկա» (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ) և «Հաղորդակցության տիպերը և մեթոդները» («Communication Types and Methods»․ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ) դասընթացները։
«Միշտ հետաքրքրվել եմ հոգեբանությամբ։ Ինձ համար կարևոր է հասկանալ ոչ միայն նյութական աշխարհը, այլև մարդկանց ներաշխարհը։ Հոգեգենետիկան ուսումնասիրում է, թե ինչպես են գենետիկան և հոգեբանական հատկանիշները փոխկապակցված, ինչը շատ հետաքրքիր է նաև գիտական տեսանկյունից»,- ասում է Անին։
Այս ծրագիրը ստեղծում է նոր կապեր և հնարավորություններ․․․
Ավետ Ջանվելյանը, որը նույնպես սովորում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի «Սննդի անվտանգություն» կրթական ծրագրում, որոշել է մասնակցել այս ծրագրին որպես պարտադիր կրթական ծրագրի մաս։
«Երբ ֆակուլտետի գրասենյակից մեզ տեղեկացրին այս հնարավորության մասին, ես անմիջապես հետաքրքրվեցի։ Հոգեբանությունն ինձ միշտ հետաքրքրել է, իսկ հաղորդակցման հմտությունները ցանկացած բնագավառում մեծ նշանակություն ունեն։ Հետևաբար, իմ ընտրությունը շատ բնական էր՝ «Հոգեգենետիկա» և «Communication Types and Methods» (անգլերեն) դասընթացները»»,– նշում է Ավետը։
Բացի ակադեմիական հետաքրքրությունից՝ Ավետը հույս ունի, որ այս ծրագիրը կօգնի իրեն բարելավելու անգլերենի մակարդակը, ձեռք բերելու նոր ընկերներ և առավել խոր պատկերացում կազմելու հոգեբանության մասին։
«Ուզում եմ հասկանալ, թե ինչպես են մտածում մարդիկ, ինչ գործոններ են ազդում նրանց վարքի վրա, ինչպես կարելի է ավելի արդյունավետ շփվել նրանց հետ։ Այս դասընթացները տալիս են այդ հնարավորությունը»,– ընդգծում է նա։
Ուսուցումը պետք է լինի առավել ազատ․․․
Անին և Ավետը վստահ են, որ նման նախաձեռնությունները կարող են ամբողջությամբ փոխել դասական համալսարանական կրթության ձևաչափը։
«Մենք սովոր ենք, որ համալսարանում պետք է կենտրոնանանք միայն մեր հիմնական մասնագիտության վրա։ Բայց այս ծրագիրը հնարավորություն է տալիս դուրս գալու այդ «սահմաններից», մտածելու ավելի լայն։ Դա շատ կարևոր է ոչ միայն ընդհանուր զարգացման, այլև ապագայում մասնագիտական ոլորտում կիրառելի լինելու տեսանկյունից։ Ի վերջո, աշխարհի բոլոր նորարարությունները ստեղծվում են տարբեր գիտությունների համադրման արդյունքում։ Գուցե մի օր հոգեբանության ու սննդի անվտանգության համադրությունից էլ հետաքրքիր հետազոտություն ստացվի»,– ասում է Անին։
Ապագայի ծրագրերից խոսելիս ուսանողները նշում են, որ այս դասընթացները կարող են ուղղորդել իրենց դեպի նոր հետաքրքրություններ։
«Չեմ կարող ասել, որ կփոխեմ մասնագիտությունս, բայց այս գիտելիքները հաստատ պետք կգան։ Հիմա դեռ սովորում եմ, բայց արդեն գիտեմ, որ ապագայում աշխատելու եմ մարդկանց հետ, ու շատ կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմներով է գործում մարդկային հաղորդակցությունը»,– մատնանշում է Անին։
«Ինձ համար այս ծրագիրը ոչ միայն հնարավորություն է նոր բաներ սովորելու, այլև շփվելու տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ։ Դա ինքնին հարստացնում է կրթական միջավայրը»,– ավելացնում է Ավետը։
Նոր հնարավորություններ բոլոր ուսանողների համար․․․
«Շարժունության պատուհան» ծրագիրն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը․ այն ոչ միայն խթանում է ուսանողների ակադեմիական ազատությունը, այլև օգնում է նրանց գտնելու նոր հետաքրքրություններ և ստեղծելու նոր կապեր տարբեր ոլորտների միջև։
Նախատեսվում է հաջորդ կիսամյակից ընդգրկել ավելի շատ դասընթացներ, որպեսզի ուսանողներն ունենան ընտրության ավելի մեծ շրջանակ։ Իսկ այս կիսամյակի արդյունքները խոսում են այն մասին, որ նման մոտեցումները կրթության ոլորտում մեծ պահանջարկ ունեն և կարող են փոխել ուսանողների զարգացման ձևաչափը՝ դարձնելով այն առավել ճկուն և բազմակողմանի։