February 27, 2025 | 17:00
Research
Culture
Competitions
In the Middle Ages, Armenian sculptor masters actively participated in the construction of Seljuk Anatolian structures - Zaruhi Hakobyan
Zaruhi Hakobyan, Associate Professor in the Chair of History and Theory of Armenian Art at Yerevan State University, along with her research team, is studying the symbolism and style of Armenian medieval sculptures, as well as their interactions with neighboring cultures. Her scientific project titled "Armenian Medieval Sculpture in the 12th-14th Centuries: Development Patterns, Symbolism, and Style" has received funding through the "Scientific Effectiveness Promotion Grant Program-2025" competition, announced by the Ministry of Education, Science, Culture, and Sports.

-Տիկի՛ն Հակոբյան, խնդրում եմ՝ նշե՛ք, թե ե՞րբ եք սկսել հայկական միջնադարյան քանդակին վերաբերող Ձեր ուսումնասիրությունների շարքը, ի՞նչ առանձնահատկություններ ունի միջնադարյան քանդակը, և ինչո՞վ է այն տարբերվում վաղմիջնադարյան քանդակից:
-Այս դրամաշնորհային նախագիծը մեր խմբի նախորդ՝ երկամյա գիտական ծրագրի շարունակությունն է, որը նույնպես տրվել էր ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։ Նախորդ հետազոտությունը նվիրված էր խոնարհված և քիչ ուսումնասիրված հուշարձանների քանդակի ուսումնասիրմանը, որի արդյունքները հրատարակվեցին թվային գիրք-ալբոմով (Եր., 2023թ., ԵՊՀ հրատ․)։ Նոր նախագիծն առավել ընդգրկուն է և նպատակաուղղված է Զաքարյան շրջանի հուշարձանների քանդակի մի շարք՝ դեռևս չուսումնասիրված խնդիրների լուսաբանմանը, այն է՝ խորհրդաբանություն, առանձին օրինակների նույնականացում, հարևան մշակույթների հետ փոխառնչություններ և այլ հարցեր։ Հայ միջնադարյան քանդակին նվիրված իմ ուսումնասիրությունները սկսել եմ ԵՊՀ-ում դասավանդելուն զուգահեռ. ունեմ միայն քանդակին նվիրված մոտ 60 հրատարակում։ Մեր խմբի մյուս 4 անդամները ևս արվեստաբաններ են, որոնք երկար տարիներ զբաղվում են քանդակի ուսումնասիրությամբ և ունեն բազմաթիվ հոդվածներ։

Ինչ վերաբերում է վաղ և հասուն միջնադարի քանդակի տարբերությանը, ապա մեր թիրախավորած շրջանի՝ 12-14-րդ դարերի քանդակի թեմատիկան ավելի բազմազան է և հարուստ: Բացի ավանդական՝ ավետարանական տեսարաններից՝ նրանում բազմաթիվ են կենդանապատկերները: Ուսումնասիրվող ժամանակահատվածում բարձր զարգացում և նոր գեղարվեստական ոճ է ձեռք բերում զարդաքանդակը։
-Հայկական միջնադարյան արվեստում ի՞նչ նշանակություն է ունեցել քանդակը: Ի՞նչ խորհուրդ են ունեցել քանդակված պատկերները: Քարերի ո՞ր տեսակներն են կիրառվել:
-Միջնադարում քանդակը եկեղեցական ճարտարապետության և կոթողային հուշարձանի անբաժան մասն է եղել։ Այն կոչված էր իրեն հատուկ գեղարվեստական միջոցներով ազդելու ժողովրդի լայն շերտերի վրա: Թիրախը մասնավորապես նրանք էին, ովքեր գրագետ չէին, ուստի տեսողական արվեստի ազդեցությունը նրանց համար առաջնային էր։ Քանդակային պատկերների՝ ավետարանական տեսարանների, Քրիստոսի և Տիրամոր կերպարների, ինչպես նաև այլաբանական կենդանիների և թռչունների միջոցով արտահայտվում էին կրոնական պատկերացումները։ Քարով չափազանց հարուստ Հայաստանում քանդակի համար օգտագործվել են գրեթե բոլոր քարատեսակները, որոնցով և կառուցվել են բուն եկեղեցական հուշարձանները: Առավել հաճախ կիրառված քարերից են տուֆը, բազալտը, անդեզիտը, կրաքարը և այլն։
-Ո՞ր քաղաքների հուշարձաններն ու եկեղեցիներն եք ուսումնասիրել, ի՞նչ բացահայտումներ եք կատարել: Հիմնականում ո՞ր ազգի ներկայացուցիչներ են եղել քանդակագործները:
-Մեր խմբի ներկայիս նախագիծը (ինչպես նախորդը) ընդգրկում է Հայաստանի ողջ տարածքի հուշարձանները, ներառված են նաև Արցախի և Անիի՝ Զաքարյան շրջանի կառույցները։ Այս ընթացքում հրատարակել և շրջանառության մեջ ենք դրել որոշ չուսումնասիրված քանդակային օրինակներ, բացահայտել ենք դրանց փոխառնչությունները ողջ արևելաքրիստոնեական և իսլամական աշխարհի քանդակային նմուշների հետ։ Ինչպես երևում է արձանագիր և գրավոր աղբյուրներից, Հայաստանում քանդակագործ վարպետները հայեր էին։ 12-14-րդ դարերում նրանք ակտիվ մասնակցել են նաև սելջուկյան Անատոլիայի կառույցների շինարարությանը։ Քարգործ վարպետները սովորաբար գործում էին արհեստանոց-խմբերով (արհեստագործական արտելներով), իսկ երբեմն նրանցից ոմանք կարող էին նաև հոգևորականներ լինել։
-Հայկական միջնադարյան քանդակագործության մեջ արդյոք կիրառվե՞լ են օտար մշակույթներին բնորոշ մոտեցումներ:

-12-14-րդ դարերում ողջ Առաջավոր Արևելքը և Հարավային Կովկասն ունեին առևտրական և միջմշակութային սերտ կապեր. դա չէր կարող չանդրադառնալ արվեստի զարգացման, բնականոն փոխառությունների վրա: Հայկական քանդակը իր հերթին մեծ ազդեցություն է ունեցել հարևան ժողովուրդների արվեստի վրա, օրինակ՝ սելջուկների, վրացիների: Վերջիններիս դեպքում փոխազդեցությունը բավական զգալի է:
-Գիտական նախագծի շրջանակում ովքե՞ր են ներգրավված որպես հետազոտողներ, և ե՞րբ կամբողջացնեք արդյունքները:
-Գիտական խմբի հետազոտական աշխատանքներում ընդգրկված է արտասահմանցի մեկ գործընկեր Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանից, որտեղ մեծ տեղ է հատկացված հարավկովկասյան ճարտարապետության և արվեստի ուսումնասիրությանը։ Խմբում ընդգրկված են նաև Լիլիթ Միքայելյանը՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի արևելագիտության ինստիտուտի դասախոս, Արփինե Ասրյանը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, Թագուհի Ավետիսյանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից, և Արմինե Պետրոսյանը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի արվեստագիտության ծրագրի ասպիրանտ:
Հետազոտությունը կտևի երեք տարի: Մեր խումբը հրատարակման է պատրաստում մի շարք հոդվածներ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գիտական պարբերականներում՝ կենտրոնանալով միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկված և հատկապես «Scopus»-ային պարբերականների վրա։