February 28, 2025 | 16:20
Education
Events
Culture
Nikos Kazantzakis’ literary legacy and strengthening of Armenian-Greek academic ties: YSU as a platform for intercultural communication
The Research Center-Library of Greek Studies at Yerevan State University brought together university scholars and guests, including admirers of the writer’s works and Greek culture in general, to focus on the literary legacy of the world-renowned Greek author Nikos Kazantzakis and the key ideas in his philosophy. The event, titled "Nikos Kazantzakis: The Soul Traveler," also served as a unique platform to discuss the activities of the center, outline future plans, and explore new ideas with the center's partners. The event was attended by the Ambassador Extraordinary and Plenipotentiary of Greece to Armenia, Christos Sofianopoulos, and other officials from Greece.

20-րդ դարի հույն մեծագույն գրող և մտածող Նիկոս Կազանձակիսի (1883-1957) ստեղծագործություններում արծարծված թեմաներն ու գաղափարներն այսօր էլ արդիական են, առանձնանում են մարդասիրական շեշտադրումներով և ունեն համամարդկային արժեք։ Դրանով են, թերևս, պայմանավորված այն մեծ սերն ու հետաքրքրությունը, որոնք ժամանակի հետ ամբողջ աշխարհում ավելի են մեծանում Ն․ Կազանձակիսի գրական ժառանգության հանդեպ։
Գրողը և նրա ավանդը՝ ճշմարիտ արժեքների ուղենիշ

Ն․ Կազանձակիսը գրել է վեպեր, պիեսներ, էսսեներ, բանաստեղծություններ, սակայն նրան համաշխարհային հռչակ է բերել «Հույն Զոռբա» («Ալեքսիս Զոռբասի կյանքն ու արկածները») վեպը, և ապա վեպի էկրանավորմամբ՝ համանուն ֆիլմը, որը երեք անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի։
Նա բազմակողմանի հետաքրքրություններ ունեցող անհատ էր, տիեզերական մտածող, փիլիսոփա և ճանապարհորդ, ում ստեղծագործությունը շոշափում է մարդկային հոգու ամենախորքային մտահոգությունները և խնդիրները: Իր ճանապարհորդությունների ընթացքում նա այցելել է նաև Հայաստան (1928 թ․)։
Հայաստանում նրա այցելած վայրերից հիշատակվում են Էջմիածնի Մայր Տաճարը, Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը։ Կազանձակիսի թանգարանի արխիվում պահպանվում է Նիկոս Կազանձակիսի՝ Երևանում գտնվելու ժամանակ արված Սուրբ Արարատ լեռան պատմական լուսանկարը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով միջոցառման ներկաներին, ընդգծեց հույն գրողի գրական մեծ ավանդը, որով շարունակվում են ամրապնդվել համամարդկային արժեքներ։
«Հույն անվանի գրող Նիկոս Կազանձակիսի անունը կապված է կյանքի իմաստի, մարդու և աշխարհում նրա ունեցած դերի հարցերի հետ։ Նա իր ստեղծագործություններով պատասխանում է ազատության, տառապանքի, հավատքի և մարդկային ճակատագրի վերաբերյալ հավերժական հարցերի։ Նիկոս Կազանձակիսի ստեղծագործությունները հարստացրել են համաշխարհային գրականությունը։ Նա ոչ միայն գրող է, այլ նաև մեծ մտածող, փիլիսոփա՝ խորապես մտահոգված մարդու հոգով, ներաշխարհով, ճակատագրով։ Նրա ստեղծագործությունները ներշնչում են որոնումների, ինքնության ճանաչման և ներքին ազատության ձգտումների։ Հեղինակի գրական գործերի միջոցով ընթերցողը սովորում է տեսնել աշխարհը ոչ միայն այնպիսին, ինչպիսին այն կա, այլև ինչպիսին կարող է դարձնել սիրո, պայքարի և հավատքի միջոցով»,- ընդգծեց ռեկտորը՝ միջոցառումը կարևորելով հայ-հունական գիտակրթական կապերի ամրապնդման տեսանկյունից։
Հայ-հունական գիտակրթական ու հոգևոր կապերի ամրապնդումը՝ Հունագիտության գիտաուսումնական կենտրոնի առանցքում

Շվեյցարիայի Ժնև քաղաքում գործող Նիկոս Կազանձակիսի ընկերների միջազգային միությունն անխոնջ ջանքեր է գործադրում նշանավոր հույն գրողի ստեղծագործությունը հանրահռչակելու համար։ Կազմակերպությունն ունի բազմաթիվ մասնաճյուղեր ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, որի ներկայացուցիչն է նաև ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Լիզա Քարիմյանը։
ՀՀ-ում Հունաստանի դեսպանության հովանու ներքո Նիկոս Կազանձակիսի ընկերների միջազգային միության հետ համատեղ ջանքերով ԵՊՀ-ում կյանքի կոչելով Ն․ Կազանձակիսին նվիրված միջոցառումը՝ Լիզա Քարիմյանը շեշտեց կենտրոնի գործառույթները, անդրադարձավ ձեռքբերումներին։
Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի գործունեության ոլորտներն են նոր հունարենի դասավանդումը, գիտահետազոտական աշխատանք կատարելը և հայ-հունական մշակութային կապերի ամրապնդումը:
Հունաստանի կառավարության կողմից կենտրոնին նվիրաբերվել է հարուստ գրադարան, հույն դասական, ինչպես նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, բառարաններ և հանրագիտարաններ:

ԵՊՀ-ն համագործակցում է «Յասոն» ծրագրի հետ, որը հնարավորություն է ընձեռում կենտրոնի ուսանողներին մասնակցելու հունարենի և հունական մշակույթի մեկամսյա, ինչպես նաև ութամսյա դասընթացներին:
Կենտրոնի գործունեությունը նպաստում է հայ-հունական հարաբերությունների զարգացմանը թե՛ մշակութային, թե՛ կրթական և թե՛ այլ ոլորտներում, ինչը միտված է երկու ժողովուրդների հոգևոր կապերի ամրապնդմանը։
Լ․ Քարիմյանն անդրադարձավ նաև Նիկոս Կազանձակիսի կյանքի ու գրական գործունեության առանցքային դրվագներին՝ արժևորելով գրողի ստեղծագործական ժառանգությունը, փիլիսոփայությունն ու գաղափարները։
«Նիկոս Կազանձակիսը՝ որպես մտածող և ստեղծագործող, զարգացրել է խոր փիլիսոփայություն, որը քննում է մարդկային գոյության հիմնարար մտահոգությունները: Նրա գաղափարները միավորում են էքզիստենցիալիզմի, կրոնական որոնումների և փիլիսոփայական հումանիզմի տարրեր, մինչդեռ նրա մտածողությունը բնութագրվում է ազատության, արարչության և ինքնաիրացման համար բուռն պայքարով»,- մասնավորապես նշեց նա:
«Ես ոչնչի հույս չունեմ, ոչնչից չեմ վախենում, ես ազատ եմ»․ Ն․ Կազանձակիս
Կազանձակիսի կերտած կերպարները սովորեցնում են սիրել մարդուն, կյանքը, հաղթահարել դժվարություններն ու չվախենալ մահից․ «Եթե կարող ես, նայի՛ր վախին՝ ուղիղ աչքերի մեջ, ու այն կվախենա և կփախչի։ Մարդու հոգին ջրի պես է, երբ այն խռովված է, չես կարող պարզ տեսնել, միայն երբ խաղաղվի, կարող ես սուզվել և գտնել ճշմարտությունը»։ Կազանձակիսյան այս փիլիսոփայությամբ է խաղաղվում ընթերցողի հոգին, որը գտնում է ճշմարտության իր ուղին գրողի ստեղծագործության հետ հաղորդակցվելիս։
«Հղում Գրեկոյին» ինքնակենսագրական ստեղծագործությունում ներկայացվում են նրա հոգևոր ուղին և փիլիսոփայական որոնումները։ Հեղինակի կարևոր ուղերձներից է չհանձնվելը դժվարություններին․ «Կյանքը պատերազմ է, իսկ երկիրը ռազմաճամբար, հաղթանակն է քո միակ պարտականությունը։ Մի՛ քնիր, մի՛ զարդարվիր, մի՛ ծիծաղիր, մի՛ խոսիր, քո նպատակը մեկն է՝ պատերազմը, պայքարի՛ր»։

Ն․ Կազանձակիսին նվիրված միջոցառմանը ներկա էր նաև Կրետե կղզու Հերակլիոնի Սուրբ Կարապետ հայոց եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։ Նա հեղինակի գաղափարներից առանձնացրեց հատկապես «հույսի վրա հույս չդնելու» միտքը և անդրադարձավ գրողի ստեղծագործություններում կրոնի, մարդու և հավատքի հարաբերություններին․ «Կազանձակիսը պայքարում է այն անարդարության դեմ, որ կատարում են իրենց քրիստոնյա կոչողները։ Պատահական չէ, որ Ն․ Կազանձակիսը շեշտել է․ «Ես ոչնչի հույս չունեմ, ոչնչից չեմ վախենում, ես ազատ եմ»։ Դու չպետք է հույսդ դնես հույսի վրա, այլ դու պետք է այսօր կարողանաս ստեղծել այն կյանքը, որը ցանկանում է Քրիստոսը, որպեսզի դու կարողանաս կոչվել իրական քրիստոնյա»։
Վերոնշյալ գաղափարներին խորությամբ Ն․ Կազանձակիսն անդրադարձել է հակապես «Քրիստոսը կրկին է խաչվում» վեպում։

«Քրիստոս կրկին խաչվում է ամեն օր մարդկանց հոգիներում, որոնք սիրում են նրան և չեն թողնում, որ նա մահանա»,- բանաձևում է Ն․ Կազանձակիսը՝ խորհելով կրոնի, հասարակական անարդարությունների փոխառնչությունների համատեքստում։
Միջոցառմանը գրողի ստեղծագործությունները, նրանց լեզվաոճական առանձնահատկությունները, հունարենի բառապաշարը հարստացնելու նրա մեծ դերը, փիլիսոփայական, գեղագիտական աշխարհայացքն արժևորող ելույթներից զատ՝ Հունագիտության գիտաուսումնական կենտրոնի ուսանողներն ու դասախոսները ներկայացրին Ն․ Կազանձակիսի ստեղծագործություններից հատվածներ, բանաստեղծություններ, բանաձևային միտք դարձած տողեր, որոնք ուղեկցվեցին հունական ազգային երաժշտության մեղեդիներով, երաժշտական ու պարային կատարումներով։

Հունական հայտնի «Սիրտակի» պարը, ինչպես նաև սանթուր երաժշտական գործիքով կատարումը ամբողջացրին միջոցառման գեղարվեստական հատվածը։
Ներկաները դիտեցին Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարանի պատրաստած վավերագրական ֆիլմը, ծանոթացան լուսանկարների ցուցահանդեսին՝ ամբողջական պատկերացում կազմելով Նիկոս Կազանձակիսի կյանքի և գործունեության, նրա գրական ժառանգության և համաշխարհային արվեստի վրա ունեցած ազդեցության մասին։