April 18, 2025 | 12:12
Կոնֆերանսներ
Հետազոտություն
Պատերազմներ, տեղահանում և մարդու իրավունքներ․ միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի (Global Campus of Human Rights), Մաաստրիխտի համալսարանի (Նիդեռլանդներ) և «Right Livelihood» կազմակերպության համագործակցության շրջանակում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված պատերազմների, զինված հակամարտությունների և հարկադիր տեղահանության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությանը։

Երկօրյա գիտաժողովի մեկնարկային օրը՝ ապրիլի 17-ին, մասնակիցները քննարկումներ ունեցան «Անի գրանդ հոթել» հյուրանոցում, իսկ երկրորդ օրը գիտաժողովը շարունակվեց ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում։ Գիտաժողովը դարձավ գիտական և փորձագիտական հարթակ՝ քննարկելու միջազգային մարդասիրական իրավունքի կիրառական ձևերը, պետությունների և քաղաքացիական հասարակության արձագանքները և կառուցելու նորարար լուծումների հիմք՝ պաշտպանության կարիք ունեցող անձանց, հատկապես երեխաների արժանապատվության, անվտանգության և բարեկեցության ապահովման համար։

Երկօրյա գիտաժողովի քննարկումները կազմակերպվեցին հետևյալ առանցքային ուղղություններով.
չճանաչված պետություններում մարդու իրավունքների վիճակի համեմատական վերլուծություն,
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների իրավական կարգավիճակ, սոցիալ-տնտեսական իրավունքներ և պետական արձագանքներ,
երեխաների մասնակցությունը՝ որպես տեղահանման հետևանքների ապրումի վկայություն,
քաղաքական համակարգերի կայունությունը հիբրիդային պատերազմների համատեքստում,
համագործակցություն և աջակցություն քաղաքացիական հասարակության ու պետական կառույցների միջև։
Գիտաժողովին բանախոսություններով հանդես եկան «Right Livelihood» միջազգային մրցանակի 2013 թ. դափնեկիր, Պաղեստինի մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիր Ռաջի Սուրանը, ինչպես նաև փորձագետներ ԵՊՀ-ից, Մաաստրիխտի համալսարանից, ՄԱԿ ՓԳՀ-ից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից և պետական այլ կառույցներից ու հասարակական կազմակերպություններից։
Գիտաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով կենտրոնի գործունեությունը և գիտաժողովի թեմայի ընտրության հիմքերը, արդիականությունը։ Գլխավոր բանախոսներից Ռաջի Սուրանը խոսեց Պաղեստինի ճգնաժամի, միջազգային արձագանքների և հնարավոր լուծումների մասին։ Այնուհետև մեկնարկեց առաջին պանելային քննարկումը, որտեղ Մաաստրիխտի համալսարանի փորձագետները ներկայացրին կենտրոնի հետ համատեղ իրականացվող «Երեխա-պատերազմ» նախագիծը, որի նպատակն է ուսումնասիրել երեխաների իրավունքները չճանաչված պետություններում՝ Գազայում, Լեռնային Ղարաբաղում և Սոմալիլենդում։
Երկրորդ պանելային քննարկումից հետո Հայաստանի երեխաների առաջնորդության թիմի՝ Արցախից տեղահանված մասնակիցները ներկայացրին իրենց պատմությունները, դժվարությունները, որոնց հանդիպել են պատերազմի և տեղահանման ընթացքում, ինչպես նաև քննարկեցին երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնահարցերը։

Գիտաժողովի օրակարգում էին տեսական և կիրառական հարցադրումների լայն քննարկումները, որոնք ընդգրկում էին միջազգային իրավական պատասխանատվությունը, տեղահանվածների պաշտպանության ու սոցիալական ինտեգրման հարցերը, երեխաների հոգեբանական կարիքները, ինչպես նաև տեղական ու միջազգային գործընկերների արձագանքն ու դերը։
Գիտաժողովի՝ ԵՊՀ-ում շարունակվող նիստը մեկնարկեց իրավապաշտպան, «Right Livelihood» մրցանակի դափնեկիր Օլեքսանդրա Մատվիչուկի առցանց ելույթով։ Նա խոսեց աշխարհում տեղի ունեցող պատերազմների ծանր հետևանքների, միջազգային իրավունքի անզորության և մարդկանց պատասխանատվության մասին։ Իր ելույթում Օլեքսանդրա Մատվիչուկը բարձրացրեց կարևոր հարց. ինչպե՞ս ենք մենք՝ 21-րդ դարի մարդիկ, պաշտպանելու մարդկային կյանքը, ազատությունն ու արժանապատվությունը։
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոսական ծրագրերի համակարգող Քրիստինե Գևորգյանը խոսեց կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների մասին։
«ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ոչ միայն կրթական, այլև հետազոտական ակտիվ գործունեություն է ծավալում։ Արդեն մի քանի տարի է, ինչ Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի հետ համագործակցությամբ կենտրոնը հրապարակում է բազմաբնույթ թեմաներով գիտական աշխատանքներ։ Այս անգամ մենք ցանկանում ենք ներկայացնել մեր վերջին հետազոտությունը՝ «Դիմակայող քաղաքական համակարգերը հիբրիդային պատերազմների և խաղաղության խաչմերուկներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա)» թեմայով, որն արդեն իսկ հրատարակվել է։ Այս ուսումնասիրությունը սերտորեն առնչվում է մեր գիտաժողովի հիմնական թեմային, և վստահ եմ, որ այն արժեքավոր ներդրում կլինի մասնագիտական քննարկումներում»,- ասաց նա։
Ըստ նրա՝ հետազոտական աշխատանքներ կատարելիս իրենք անցել են բավական դժվարին ու պատասխանատու փուլերով։ Հետազոտական աշխատանքները տևել են գրեթե երկու տարի՝ պահանջելով համառություն, նվիրվածություն և մեծ ջանք։
Այս կոլեկտիվ մենագրությունը քաղաքական համակարգի կայունության ինդեքսի մեթոդաբանությամբ կատարված համեմատական վերլուծություն է տարածաշրջանի երկրների քաղաքական համակարգերի վերաբերյալ։ Մասնավորապես դիտարկված են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքական կայունության միտումներն ու փոխակերպումները։

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտությունների բաժնի ղեկավար, հետազոտական խմբի գիտական ղեկավար, խմբագիր, մենագրության համահեղինակ Արուսյակ Ալեքսանյանը իր ելութում նշեց, որ աշխատանքը ներառում է ինչպես ներերկրային, այնպես էլ միջերկրային վերլուծություններ։ Ներերկրային վերլուծությունն ընդգրկում է տարածաշրջանի երկրների կայունության քաղաքական, տնտեսական և սոցիալական գործոնների համակողմանի ուսումնասիրությունները 2000, 2021, 2022 թվականներին։ Միջերկրային վերլուծության շրջանակում դիտարկվում են 2022 թվականի քաղաքական կայունության համեմատական ցուցանիշները՝ ըստ նշված երկրների։
Գիտաժողովի ընթացքում անցկացվեցին նաև թեմատիկ պանելային քննարկումներ, որոնց շրջանակում բանախոսները վերլուծեցին և քննարկեցին տարածաշրջանային ու համաշխարհային արդի մարտահրավերները, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները։
Գիտաժողովի ամփոփման ժամանակ առանձնացվեցին քննարկված թեմաների հիմնական արդյունքները, նախաձեռնվեցին նորարարական առաջարկների մշակման գործընթացներ։ Գիտաժողովի ամփոփման փուլը ուղեկցվեց Արցախի կամերային նվագախմբի քառյակի երաժշտական կատարումով։
Այս գիտաժողովը նշանակալի ներդրում էր տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի ամրապնդման գործում։ Այն նպատակ ուներ միավորելու ակադեմիական համայնքը, քաղաքականություն մշակողներին և քաղաքացիական հասարակությունը՝ համատեղ լուծումներ մշակելու և տեղահանվածների ձայնը լսելի դարձնելու համար։
Նշենք, որ գիտաժողովը ֆինանսավորվել էր Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի և «Right Livelihood»-ի աջակցությամբ։