April 18, 2025 | 14:03
Science
Education
International cooperation
YSU Faculty of Oriental Studies serves as a platform for developing Armenian-Kazakh academic and cultural ties
ԵՊՀ այցելեցին Հայաստանում անցկացվող «Ղազախստանի մշակույթի օրեր» ծրագրի ղազախ մասնակիցները, որոնց ուղեկցում էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը։ Ղազախական մշակույթի ճանաչված գործիչները, հանդիպելով համալսարանի ներկայացուցիչների հետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնին նվիրեցին ղազախերեն և ռուսերեն հրատարակված բազմաթիվ արժեքավոր գրքեր: Դեսպան Բոլատ Իմանբաևը և ղազախ հյուրերը ընդգծեցին ԵՊՀ-ի բացառիկ դերը հայ-ղազախական ոչ միայն գիտակրթական, այլև մշակութային ու հումանիտար ուղղություններով համագործակցության ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը հանգամանորեն ներկայացրեց ամբիոնի դասախոսների և Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողների աշխատանքները՝ կապված հայ-ղազախական մշակութային առնչությունների և ԵՊՀ-ում ղազախերենի դասավանդման գործընթացի հետ:
Երկուստեք նշվեց այն հիմնարար ու մնայուն հրատարակությունների կարևորությունը, որոնք լույս են տեսել վերջին տարիներին ԵՊՀ մասնագետների խմբագրությամբ, թարգմանությամբ, առաջաբանով կամ վերջաբանով, պատմաբանասիրական մանրամասն ծանոթագրություններով։ Այդ համատեքստում մասնավորապես կարևորվեցին ղազախական գրականության հայերեն անթոլոգիան, Մ. Աուեզովի «Աբայ» վեպ-էպոպեայի նոր խմբագրությունը, Աբայի «Սև խոսքեր» ստեղծագործության հայերեն առաջին թարգմանությունը, ղազախական ժողովրդական հեքիաթների հայերեն առաջին հիմնարար ժողովածուն:
Շեշտվեց նաև Հայաստանի և Ղազախստանի առաջատար բուհերի՝ ԵՊՀ-ի և Լ.Ն. Գումիլյովի անվան եվրասիական ազգային համալսարանի (Աստանա) միջև բազմամյա սերտ և արդյունավետ համագործակցության մասին:
Հայ թյուրքագետների աշխատությունները, ինչպես հայտնի է, հրատարակվել են աշխարհի բազմաթիվ երկրներում և տարբեր լեզուներով, այդ թվում՝ Ղազախստանում (ղազախերեն) և արժանացել Ղազախստանի քաղաքական ղեկավարության, ղազախ գիտնականների, գրականության և արվեստի գործիչների ամենաբարձր գնահատականին: Հիշարժան է նաև այն փաստը, որ ոլորտում ավանդ ունեցած ԵՊՀ դասախոսներից և շրջանավարտներից շատերը արժանացել են Ղազախստանի հանրապետության պետական բարձր պարգևների:
Video