- Main
- Node
- ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
October 01, 2021 | 16:55
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել դասախոսություն-քննարկում «Ինչպե՞ս է արևմտյան մեդիան լուսաբանում մերձավորարևելյան քաղաքական և հասարակական իրադարձությունները» խորագրով դասախոսություն-քննարկում:
Հանդիպման բանախոսն էր հայտնի լրագրող, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի (ԱՄՆ) միջազգային հարաբերությունների բաժնի շրջանավարտ Էլիսոն Թահմազյան-Մյուզը, որը նույն համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի շրջանավարտ է։
Տիրապետելով ֆրանսերենին և արաբերենին՝ ավելի քան 10 տարի աշխատել է որպես Մերձավոր Արևելքի հարցերով զբաղվող լրագրող։
Որպես թղթակից, հովանավոր և խմբագիր համագործակցել է միջազգային ամենատարբեր լրատվամիջոցների հետ («Agence France-Presse», «NPR», «Asia Times» և այլն)։
Հանդիպման սկզբում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ Վարուժան Գեղամյանը ներկաներին տեղեկացրեց, որ, ավանդույթի համաձայն, Արևելագիտության ֆակուլտետը շարունակում է Մերձավոր Արևելքին նվիրված դասախոսությունների շարքը, որոնցում անդրադարձ է կատարվում տարածաշրջանի ամենաարդիական թեմաներին:
Նա շնորհակալություն հայտնեց նաև հյուրին ցուցաբերած պատրաստակամության համար և հույս հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները շարունակական կլինեն:
Էլիսոն Թահմազյան-Մյուզն ուսանողներին ներկայացրեց Մերձավոր Արևելքի ամենաթեժ կետերում իր երկարամյա աշխատանքային փորձի առանձնահատկությունները, իսկ դասախոսություն սկսեց՝ պատմելով իր մասնագիտության ընտրության մասին:
Ներկայացնելով իր կենսագրությունը՝ վերջինս նշեց, որ իր մասնագիտական գործունեության ընթացքում լուսաբանել է Եգիպտոսի հեղափոխական շարժումը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերելքը, լիբանանյան ճգնաժամը և այլն։
Ներկայումս «Deep-Strat» (Հնդկաստան) խորհրդատվական գործակալության ռազմավարական խորհրդականն է։
Էլիսոն Թահմազյան-Մյուզը մանրամասն պատմեց լրագրող դառնալու իր որոշման մասին և առանձնացրեց մի քանի կետեր, որոնցով ապագա լրագրողները պետք է առաջնորդվեն իրենց մասնագիտական պարտքը կատարելիս. «Հարկ է նշել, որ լավ և գործի գիտակ լրագրողը մանրամասն տեղյակ է քննարկվող խնդրի պատմությունից, հակամարտող կողմերի շարժառիթներից, և այս ամենի իմացությունը թույլ է տալիս ապահովելու լրագրողական անաչառությունը, որն այսօր կարևոր արժեք է»:
Նա ուսանողներին ներկայացրեց իր կատարած անձնական հետազոտությունը, որում ուսումնասիրել է համաշխարհային լրատվամիջոցների գլխագրերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուսաբանման օրինաչափությունները:
«Մի ցավալի փաստ եմ արձանագրել, որ համաշխարհային ոչ մի լրատվամիջոց չի հստակեցրել, թե հակամարտող կողմերից որն է առաջինը սանձազերծել Լեռնային Ղարաբաղի պատերազմը. ոչ մեկը չի ցանկացել այդ պատասխանատվությունն իր վրա վերցնել»,- փաստեց Էլիսոն Թահմազյան-Մյուզը:
Վերջինս անդրադարձավ պատերազմող երկրներում աշխատող թղթակիցների մասնագիտական հմտություններին և կոնֆլիկտների լուսաբանման առանձնահատկություններին:
Վերջում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին նաև ուսանողները: