- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության աջակցությամբ բացվեց նոր վերազինված լսարան
Հունվար 17, 2025 | 16:20
Գիտություն
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության աջակցությամբ բացվեց նոր վերազինված լսարան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ կրթական արդի չափանիշներին համապատասխան սարքավորումներով հագեցած լսարանի հանդիսավոր բացումը։ Լսարանը ժամանակակից սարքավորումներով վերազինվել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության աջակցությամբ։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄԷ դեսպանությանը, կարևորեց դեսպանության աջակցությունն ու համատեղ գործակցությունը նոր գաղափարներ ու ծրագրեր իրագործելու, ինչպես նաև ԵՊՀ-ում արաբերենի ուսուցումն ավելի բարձր մակարդակի հասցնելու գործում։

Ռեկտորն ընդգծեց համագործակցության շրջանակում նոր լսարանի վերազինման կարևորությունը՝ նշելով․ «Այս գաղափարը քննարկել էինք ամիսներ առաջ, և այսօր այն արդեն իրականություն է դարձել։ Լսարանը կարևոր նշանակություն կունենա ուսանողների համար՝ նպաստելով նրանց լեզվաբանական և մշակութային գիտելիքների խորացմանը, հատկապես՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հասարակական, քաղաքական և մշակութային առանձնահատկությունների ճանաչման ուղղությամբ»։
Ռեկտորը նաև շեշտեց, որ ԵՊՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում տեխնոլոգիական ուսուցմանը և կրթության որակի բարձրացմանը ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների միջոցներով. «Սա մեր ռազմավարական ծրագրի բաղկացուցիչ մասն է։ Լսարանի շնորհիվ ակնկալում ենք ոչ միայն խորացնել առկա համագործակցությունը, այլև խթանել հետազոտական, կրթական և փոխայցելությունների ծրագրերը ԱՄԷ համալսարանների հետ»։

Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն իր հերթին ընդգծեց լսարանի կարևորությունը կրթական գործընթացի արդյունավետության բարձրացման համատեքստում՝ նշելով, որ այն կծառայի երկու կարևոր նպատակի. «Առաջին՝ ուսանողները ավելի լավ կտիրապետեն արաբերենին և այն ավելի համակողմանի կյուրացնեն։ Երկրորդ՝ լսարանը կծառայի ժողովուրդների, մշակույթների և կրոնների միջև ընդհանուր լեզու գտնելու գործին։ Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ընդլայնելու ուսանողների մասնագիտական հորիզոնները»։

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլան ընդգծեց Երևանի պետական համալսարանի հետ համագործակցելու պատրաստակամությունը և շնորհակալություն հայտնեց համագործակցության համար։
«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս կրթական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնմանը։ Հուսով եմ՝ սա միայն առաջին քայլն է բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին»։
Բացման արարողությունն ուղեկցվեց համագործակցության զարգացման վերաբերյալ քննարկումներով։ Միջոցառմանը ներկա էին նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, որոնք ծանոթացան նոր լսարանի տեխնոլոգիական հնարավորություններին։