- Main
- Node
- ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑ ԵՊՀ-ՈՒՄ
October 13, 2021 | 15:55
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԱՅՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետն այսօր հյուրընկալել էր Երևանի Սոս Հովսեփյանի անվան համար 115 ավագ դպրոցի աշակերտներին:
Հանդիպման ընթացքում, որը նախաձեռնել էր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը, աշակերտներին դիմավորեց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը:
Նա ապագա ուսանողներին ներկայացրեց ֆակուլտետի հիմնադրման պատմությունն ու գործունեությունը. «Ժամանակակից աշխարհն այլևս անհնար է պատկերացնել առանց օր-օրի զարգացող նորագույն սարքավորումների: Հայաստանը ևս զարգանում է այդ ուղղությամբ, մեր ֆակուլտետի շրջանավարտները վաղուց իրենց կարևոր տեղն ունեն ոլորտի առաջատար կազմակերպություններում»:
Նրա խոսքով, ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն ունեն ձեռք բերելու գիտության և տնտեսության տարբեր բնագավառներում որոշակի պահանջարկ ունեցող մասնագիտություն, բավարարելու արագ զարգացող ռազմական արդյունաբերությունների, ինչպես նաև ծավալվող գիտահետազոտական հաստատությունների ռադիոֆիզիկոսի որակավորմամբ մասնագետների պահանջարկը:
Այնուհետև աշակերտներն այցելեցին ուսումնական լաբորատորիաներ, ծանոթացան սարքավորումներին, ստացան որոշ տեղեկություն դրանց կիրառության մասին:
Թեև աշակերտներից ոչ բոլորն են կողմնորոշվել բուհի ընտրության հարցում, սակայն փաստում են, որ շրջայցն իրենց համար շատ հետաքրքիր էր ու օգտակար:
Հարկ է նշել, որ նույն դպրոցում սովորել և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ է ընդունվել նաև Արցախյան երկրորդ պատերազմում հերոսացած Ժոռա Ավետիսյանը, որին թե՛ դասղեկ Մարգարիտա Սարգսյանը, թե՛ դպրոցի սաները կարոտով ու ջերմությամբ են հիշում:
«Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, թե ինչքան կարևոր է զարգացած գիտություն ունենալը, ուստի աշակերտները պետք է ամեն ինչ անեն, որ հատկապես բնագիտական ոլորտներում լավ մասնագետներ դառնան և արժանի հետևորդ լինեն մեր զոհված հերոսներին»,-ասաց Մարգարիտա Սարգսյանը: