- Main
- Node
- «ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՐՑՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԲՈՒՀՆ ԸՆՏՐԵԼԸ ԲԱՐԴ ՉԷՐ, ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԷՐ՝ ԵՊՀ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ
November 06, 2021 | 16:21
«ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՐՑՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԲՈՒՀՆ ԸՆՏՐԵԼԸ ԲԱՐԴ ՉԷՐ, ՊԱՏԱՍԽԱՆԸ ՄԻԱՆՇԱՆԱԿ ԷՐ՝ ԵՊՀ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանող Լիլիթ Մկրտչյանը «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում իր կրթությունը շարունակում է Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում:
Լիլիթ Մկրտչյանի հետ զրուցել ենք մասնագիտական ընտրության, որակյալ կրթության, ճամփորդելու և ԵՊՀ-ի մասին:
- Լիլի՛թ, ինչպե՞ս որոշեցիք ընդունվել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ:
- Լրագրողի մասնագիտությունը սիրել եմ վաղ տարիքից։ Նստում էի հեռուստացույցի առջև և նայում, թե ինչպես է հաղորդավարը մեկնաբանում լուրերը։ Այդ ժամանակ ինձ համար էական չէր բովանդակությունը, ես ուշադիր հետևում էի մեկնաբանի ժեստերին, միմիկային ու ձայնի տոնայնությանը, հետո նույնը կրկնում էի հայելու առջև։ Իմ պատկերացումներն իրականություն դարձնելու համար Ձմեռ պապիկից բարձրախոս էի խնդրել և ամբողջ օրը հարցազրույցներ էի անցկացնում տան անդամների հետ։ Տարիների հետ լրագրողի ու նրա աշխատանքի վերաբերյալ պատկերացումներս ընդլայնվեցին։ Հետո, երբ արդեն պետք էր մասնագիտություն ընտրել, տատանվում էի տարբեր ոլորտների միջև։ Ի վերջո ընտրեցի մի ոլորտ, որը, կարելի է ասել, ներառում է բոլոր մասնագիտությունները, հնարավորություն է տալիս անվերջ բացահայտելու նորն ու զարգանալու։ Ֆակուլտետի հարցում կողմնորոշվելուց հետո բուհն ընտրելը բարդ չէր, պատասխանը միանշանակ էր՝ ԵՊՀ։
- Արդյո՞ք այդ ընտրությունն իրեն հետո արդարացրեց:
- Ուսանողների մեծ մասի դեպքում պատկերը նույնն է. ընդունվում են համալսարան շա՜տ մեծ ակնկալիքներով ու սպասումներով, իսկ երբ որևէ բան շեղվում է իրենց գծած ուղուց, հիասթափվում են։ Ես եկել եմ համալսարան՝ հստակ հասկանալով, որ կարևորն իմ մոտեցումն է։ Բոլորի համար հնարավորությունները նույնն են, թե ինչքան գիտելիք, փորձ, հմտություն ու ծանոթություն կտանեմ բուհից, հիմնականում կախված է ինձնից։ Ամենուր կան խնդիրներ ու թերություններ, բայց կարծում եմ, որ մասնագիտությանս պարագայում լավագույնն իմ ընտրած բուհն ու ֆակուլտետն են։ Հուսով եմ՝ մագիստրատուրայում ուսումնառությունից հետո կմնամ նույն կարծիքին։
- Ինչպե՞ս կսահմանեիք PR-ը, և ի՞նչ կարևորություն ունի այն, ըստ Ձեզ, ժամանակակից մարդու կյանքում:
- PR-ը ծրագրված գործողություն է, որի նպատակն է ազդել հանրային կարծիքի վրա՝ ձևավորելով հեղինակություն ու ապահովելով բարձր վարկանիշ կազմակերպության կամ անձի համար։ PR-ն ամենուր է։ Մեր օրերում էլ ավելի կարևոր է դրա դերը, քանի որ առօրյա շփումներից զատ՝ կան սոցցանցեր, որոնք տալիս են լսարան ունենալու հնարավորություն։ Մարդիկ կարողանում են PR տեխնոլոգիաների միջոցով ներկայանալ իրենց ցանկալի կողմով՝ հասարակության մեջ նպաստավոր դիրք գրավելով։ Մենք պետք է կարողանանք կիրառել PR տեխնոլոգիաներ ու քայլենք ժամանակի թելադրանքին համընթաց, հակառակ դեպքում դուրս կմնանք կյանքի հոսքից։
- Ի՞նչ կցանկանայիք շտկել հայաստանյան PR ոլորտում և ի՞նչ խորհուրդ կտայիք ոլորտն ընտրողներին:
- Մեր օրերում մրցակցությունն օրեցօր մեծանում է։ Կազմակերպություններն ու մարդիկ առաջինը լինելու, ավելի բարձր վարկանիշ ունենալու համար երբեմն ազնիվ չեն հասարակության հետ։ Կցանկանամ, որ հատկապես պետական մարմիններն առավել ուշադիր ու զգոն լինեն հասարակության հետ հաղորդակցվելիս։
PR ոլորտում մասնագիտությունները երբեմն միախառնվում են, պետք է լինեն հստակ բաժանումներ։ Ավելի ճիշտ կլինի, եթե յուրաքանչյուրը զբաղվի իր իսկ մասնագիտությամբ ու աշխատանքով։
Ոլորտն ընտրողներին խորհուրդ կտամ, երբ ոլորտում ունենամ դիրք ու ասելիք, այժմ ես կարիք ունեմ ճիշտ մարդկանց խորհուրդների (ժպտում է)։
- Կպատմե՞ք «Էրազմուս+» ծրագրին Ձեր մասնակցության մասին:
- Ծրագրի հայտարարությունը պատահմամբ տեսա ԵՊՀ կայքում, հետաքրքրեց, որոշեցի հետո առավել մանրամասն նայել ու դիմել։ Սովորության համաձայն մոռացա ու կրկին հիշեցի ծրագրին դիմելու վերջին օրը։ Չեմ ուզում հիշել այն դժվարություններն ու խնդիրները, որոնք հաղթահարել եմ հենց այդ օրն ու դրանից հետո՝ մինչև այստեղ հասնելը, բայց հեշտ չէր։
Ընտանիքս, ընկերներս, հարազատներս ծրագրի մասին իմացել են, երբ արդեն ստացել էի դրական պատասխանը։ Ինձ համար շատ կարևոր է, որ ծնողներս դրական արձագանքեցին օտար երկրում մի քանի ամիս միայնակ ապրելու ու սովորելու գաղափարին, քանի որ շատերն այսպիսի ծրագրերի չեն դիմում հենց նշված պատճառով։
Հիմա մեկ կիսամյակով սովորում եմ Մինհոյի համալսարանի «Communication Sciences» մագիստրոսական ծրագրում։ Վերադառնալուց հետո ուսումս շարունակելու եմ հարազատ ԵՊՀ-ում։
- Ինչպիսի՞ նմանություններ ու տարբերություններ կան Մինհոյի համալսարանի և ԵՊՀ-ի միջև:
- Մինհոյի համալսարանը շատ մեծ է, ունի 19 մասնաշենք։ Ամենուր տեղադրված է համալսարանի քարտեզը, քանի որ շատ մեծ է հավանականությունը, որ չես կարողանա արագ կողմնորոշվել։ Ի տարբերություն ԵՊՀ-ի՝ այստեղ մասնաշենքերը մեկը մյուսին նման են, ինչն էլ ավելի է խճճում դրությունը։ Մինհոյի համալսարանում իմ դասերը տևում են 120 րոպե՝ ի տարբերություն մեր համալսարանի 90 րոպեի։ Մագիստրատուրայի դասերը մեկնարկում են 18։00-ին, որպեսզի լրիվ դրույքով աշխատողները կարողանան սովորել։ Այստեղ շատերը միջին տարիքում գալիս են նոր մասնագիտություն սովորելու, ինչը մեր երկրում այնքան էլ ընդունված չէ։ Ուսման գործընթացը, ինչպես ԵՊՀ-ում, իրականացվում է «e-learning» հարթակում։ Մագիստրատուրայի առարկաների քննությունները բացառապես հիմնված են ուսանողի անհատական կամ խմբային հետազոտական աշխատանքի վրա։ Բարդ է, բայց հետաքրքիր։
- Ինչպե՞ս համատեղել ճամփորդությունն ու ուսումը:
- Այս հարցը ինձ ևս «տանջում է» (ժպտում է):
Ծրագրին մասնակցությունը մասնագիտական ու անձնական զարգացման, գիտելիք, փորձ ու հմտություն ձեռք բերելու հնարավորություն է։
Գուցե ես առաջին ու վերջին անգամ եմ այս քաղաքում, երկրում ու առհասարակ Եվրոպայում, ուստի ուզում եմ բաց չթողնել հնարավորությունն ու ուսմանը զուգահեռ ճամփորդել, հուսով եմ՝ կստացվի։
Անի Պողոսյան