- Main
- Node
- «ՉՆԱՅԱԾ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՄԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ». ԱՆԱՀԻՏ ՕՐԲԵԼՅԱՆ
November 26, 2021 | 14:25
Հասարակություն
«ՉՆԱՅԱԾ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ՄԵՆՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԸ». ԱՆԱՀԻՏ ՕՐԲԵԼՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Օրբելյանը վստահ է, որ Հայաստանը զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունի: Երիտասարդ համալսարանականն ունի իր տեսլականը պետության զարգացման համար, որի առանցքային տարրը երիտասարդն է՝ հայրենասեր ու նպատակասլաց:
Երազանքի ու դրա իրականացման մասին ….
Անկեղծ ասած՝ դեռ մանկուց երազել եմ սովորել հենց ԵՊՀ-ում: Ինձ համար երազանք էր նույնիսկ համալսարանի շենքը: Երևանի պարարվեստի պետական քոլեջում սովորելու տարիներին պարել եմ «Նարեկ» պարային համույթում, որի հետ էլ շրջագայել եմ տարբեր երկրներով ու քաղաքներով, ծանոթացել ազգերի սովորույթներին ու ավանդույթներին: Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ պետք է անպայման համատեղել մասնագիտությունս ու ճամփորդությունը: Ես որոշեցի մասնագիտությունս կտրուկ փոփել, ընդունվեցի ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս բաժինը:
Հիմնարար կրթության և գիտական գործունեության առաջին քայլերը ….
2020 թ. մասնակցել եմ «Erasmus»-ի կարճաժամկետ ծրագրին, որի շրջանակում մեկնել եմ Իտալիա: Արվեստին ու մշակույթին վերաբերող ծրագրի ընթացքում նորագույն տեխնոլոգիաների միջոցով ուսումնասիրել ենք արվեստը, մշակույթը զարգացնելու ու խթանելու մեթոդները: Սա նաև ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթանալու և դրանք մասնագիտական ոլորտում կիրառելու լավ հնարավորություն է:
Ֆակուլտետում վերջերս «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր միջազգային համաժողով, որտեղ իրենց մասնակցությունն ունեին նաև ուսանողները: Այդ ընթացքում ես կարողացա էլ ավելի ամրապնդել իմ լեզվական հաղորդակցական հմտությունները և ծանոթանալ զբոսաշրջության նոր ուղղությանը. այն ժամանակակից մոտեցումներ և զարգացման լավ հեռանկարներ ունի: Հիմա «Մոնիտորինգային գործունեությունը ՀՀ զբոսաշրջության ոլորտում և դրա հիմնախնդիրները» թեմայով գիտական հոդվածի վրա եմ աշխատում:
Ուսանողական ակտիվ կյանք, որը երիտասարդության լավագույն տարիների հիշողությունն է կերտում ….
Հենց ուսանողական տարիներն են, որ կերտում են մեր հիշողությունները՝ դարձնելով դրանք ավելի լիարժեք ու հիշարժան: Շատ ընկերներ ունեմ, որ այլ համալսարանում են սովորում, երբ համեմատում եմ, հասկանում եմ՝ մենք հպարտանալու շատ բան ունենք: Իհարկե, վերջին տարիներին համավարակը թույլ չի տալիս լիարժեք վայելելու ուսանողական ակտիվ կյանքը, բայց բոլոր խնդիրները լուծելի են: ԵՊՀ ուսանողական խորհրդի քարտուղարն եմ, ուստի մեծ ներգրավվածություն ունեմ ուսանողական կառույցի ծրագրերի կազմակերպման ու իրականացման գործընթացներում: Դեռևս առաջին կուրսից ակտիվ ուսանողական գործունեություն եմ ծավալում: Մասնակցել եմ տեղեկատվական և իրազեկման շատ ծրագրերի, որոնք ընդլայնել են իմ գիտելիքները և փոխել մտածելակերպը: Այդ ընթացքում մեծ ընկերական շրջապատ եմ ձեռք բերել: Ընդհանրապես ՈՒԽ-ն ինքնաարտահայտվելու և սեփական գաղափարներն իրականացնելու լավագույն հարթակն է ուսանողի համար: Ուստի մեր ուսանողությանը խորհուրդ եմ տալիս հնարավորինս ակտիվ ու նախաձեռնող լինել: Մեր երիտասարդության լավագույն տարիները հենց համալսարանում են անցնում, ուստի դրանք պետք է հիշարժան դարձնել:
Զբոսաշրջությունը՝ որպես երկրի զարգացման հիմնական և առաջնային ուղղություն ….
Զբոսաշրջության զարգացման համար մենք նախևառաջ պետք է ընդունենք կայուն զարգացման հստակ կոնցեպցիա իր երեք բաղադրիչներով՝ սոցիալական, տնտեսական ու բնապահպանական, որոնց բալանսավորումն էլ կնախանշի պետության զարգացումը: Այն մեզ հնարավորություն կտա նաև մեր երկրի ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու՝ առավելագույն քիչ վնասով, ինչն էլ կայուն զարգացման հիմնական գաղափարախոսությունն է: Հայաստանը մեծ ներուժ ունի զբոսաշրջության ոլորտում: Շատ հետաքրքիր ոլորտ է զբոսաշրջությունը, որը կարող ենք հաջողությամբ համադրել այլ բնագավառների հետ: Կարևոր դեր կարող է խաղալ նաև դրսի փորձի ուսումնասիրությունը և հետագայում դրա արտացոլումը մեր երկրում: Հուսամ՝ մեր սերնդին կստացվի ապրել այնպես, որ գալիք սերնդի ապագան վտանգված չլինի: Բոլորին, մասնավորապես երիտասարդներին, խորհուրդ եմ տալիս չկոտրվել ոչ մի պարագայում և մնալ հայրենիքում, որի զարգացումն ու բարգավաճում մեր ձեռքերում են: Դրանք պետք է լինեն յուրաքանչյուր երիտասարդի հիմնական առաքելությունը: Չնայած արտերկրում առաջարկներն ավելի գրավիչ են, բայց մերը Հայաստանն է, մենք՝ Հայաստանինը. մենք ենք այս պետության ապագան:
Վարդուհի Զաքարյան