- Main
- Node
- ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱԼԻ 220-ԱՄՅԱԿԻՆ
November 29, 2021 | 16:54
Կրթություն
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱԼԻ 220-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ռուս գրող, բառարանագիր, ազգագրագետ Վլադիմիր Դալի 220-ամյակին նվիրված միջոցառումը:
Միջոցառմանը, որը կազմակերպել էր Ռուս բանասիրության ֆակուլտետը, ներկա էին դեկան Պավել Բալայանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Միջոցառման ընթացքում զեկուցումներով հանդես եկած Ռուս բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները նախ ներկայացրին Վլադիմիր Դալի կյանքն ու գործունեությունը՝ փաստելով, որ նա ռուսական բառի և ժողովրդական իմաստության ամենահարուստ գանձարանի ստեղծողներից մեկն է եղել:
«Վլադիմիր Դալը կարողացել է բառարանային նյութը դասակարգել՝ ըստ բների, ինչը նորարարական մոտեցում էր բառարանների ստեղծման գործընթացում»,- ասաց Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանող, միջոցառման ժամանակ զեկուցմամբ հանդես եկող Քրիստինե Գրիշկովան:
Վլադիմիր Դալի ծավալած գրական գործունեության և ստեղծած արժեքավոր գրականության մասին զեկուցմամբ հանդես եկավ նաև ֆակուլտետի ուսանող Արուսյակ Գրբոյանը, որը նախ անդրադարձավ նրա գրական ստեղծագործություններին ՝ պատմելով Դալի՝ «Ռուս ժողովրդի առածներ» ուշագրավ ժողովածուի մասին: Ժողովածուն իր մեջ ներառում է ավելի քան երեսուն հազար առակներ և ասացվածքներ, այնուհետև անդրադարձավ Վլադիմիր Դալի և ռուս հանճարեղ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծանոթության և ընկերության պատմությանը:
«Վլադիմիր Դալի հավաքագրած շատ ասացվածքներ կարելի է անվանել արվեստի իրական գործեր, որոնցում ճշմարտացիորեն և վառ արտացոլվել է ռուս ժողովրդի կյանքը»,- ասաց Քրիստինե Գրիշկովան:
Անդրադարձ կատարվեց նաև Դալի այն ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են ռուսերենի բարբառներին և դրանց դասակարգմանը:
Ուսանողները պատմեցին նաև «Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարան»-ի մասին, որը պարունակում է 200.000 բառ և ընդգրկում 19-րդ դարի ռուսաց գրավոր ու բանավոր լեզուների և բարբառների բառապաշարը, փոխառությունները, դարձվածքները։
Բոլոր զեկուցողները բարձր գնահատեցին Վլադիմիր Դալի կատարած լեզվաբանական ուսումնասիրություններն ու ծավալած գրական գործունեությունը՝ մատնանշելով, որ իր կատարած անգնահատելի աշխատանքի և արժեքավոր ժառանգության համար նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաև «Լոմոնոսովի անվան» մրցանակի:
Միջոցառման ավարտին ուսանողները ներկայացրեցին իրենց կողմից պատրաստած Դալի և նրա հայտնի բառարանի մասին տեսահոլովակը։