- Main
- Node
- «ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ». ԵՈՒ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
November 30, 2021 | 14:13
«ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ». ԵՈՒ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» խորագրով վերապատրաստման դասընթացը՝ ուղղված քաղաքացիական ծառայողների իրավասությունների բարելավմանը:
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեության բաղկացուցիչ մասերից են վերապատրաստման ծրագրերի կազմակերպումն ու իրականացումը: Մեզ հետ զրույցում կենտրոնի փոխտնօրեն, վերապատրաստման ծրագրերի համակարգող Լիլիթ Միրզոյանն ասաց, որ 2019 թվականից կենտրոնը ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ համատեղ քաղաքացիական ծառայողների համար իրականացնում է իրավասությունների վերաբերյալ վերապատրաստումներ:
«Քանի որ քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը ենթադրում է մասնագիտական ունակությունների բարձրացում ու գիտելիքների հարստացում, իսկ մեր կենտրոնն ունի այդ գործընթացը կազմակերպելու ռեսուրսը, որոշեցինք անպայման համագործակցել և իրագործել ծրագրեր»,- ասաց կենտրոնի փոխտնօրենը:
Լիլիթ Միրզոյանը տեղեկացրեց, որ արդեն կյանքի են կոչվել տարբեր թեմաներով բազմաթիվ ծրագրեր. «Այս անգամ իրականացնում ենք «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» թեմայով եռօրյա ծրագիրը՝ նախատեսված երեք խմբի համար: Յուրաքանչյուր խմբում ներառված է 15-20 մասնակից»:
Առաջին խմբի համար դասընթացն իրականացվել է նոյեմբերի 22-24-ը, այսօր մեկնարկել է մասնակիցների երկրորդ խմբի համար նախատեսված ծրագիրը, իսկ երրորդ խմբի համար նախատեսված դասընթացն անցկացվելու է դեկտեմբերի 8-10-ը:
Եռօրյա դասընթացի ընթացքում, կենտրոնի փոխտնօրենի փաստմամբ, քաղաքացիական ծառայողները հնարավորություն են ստանում ձեռք բերելու տեսական գիտելիքներ, մասնակցելու գործնական աշխատանքների, ապա թեստավորում են անցնում:
Նրա խոսքով, վերապատրաստման ծրագրերում ներգրավված են տարբեր բնագավառների փորձագետներ ու դասախոսներ. «Հետագայում կենտրոնի և օտարերկրյա տարբեր կազմակերպությունների միջև առկա համագործակցությունների արդյունքում ակնկալվում է ներգրավել նաև միջազգային փորձագետների»:
Ըստ Լիլիթ Միրզոյանի՝ «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» վերապատրաստման դասընթացի նպատակն է ներկայացնել ճգնաժամի, ճգնաժամային կառավարման էությունը, մեխանիզմներն ու ազդեցությունները. «Արտակարգ իրավիճակներում ճգնաժամային կառավարման հիմնախնդիրները խիստ արդիական են հատկապես Հայաստանի համար, որտեղ առկա են բնածին, տեխնածին և բազմաթիվ այլ վտանգներ ու վտանգավոր երևույթներ»:
Լիլիթ Միրզոյանը փաստեց, որ դասընթացի շրջանակում տրամադրվելու են համակողմանի գիտելիքներ ճգնաժամերի, դրանց դասակարգման, առաջացման պատճառների, գործոնների և ճգնաժամային կառավարման վերաբերյալ, ինչպես նաև մեկնաբանվելու են վտանգները, վտանգավոր երևույթները, դրանք միմյանց վերափոխվելու գործընթացները, որոնք հնարավորություն են ընձեռելու բացահայտելու վտանգների ու վտանգավոր երևույթների վրա ճգնաժամային կառավարման ազդեցությունները, ապա հավելեց, որ ծրագրերը շարունակական են լինելու: