- Main
- Node
- «ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՑԵՑԻՆ ԻՄ ԱՌՋԵՎ». ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
December 02, 2021 | 16:40
Կրթություն
«ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՑԵՑԻՆ ԻՄ ԱՌՋԵՎ». ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ Վաղարշակ Հակոբյանն այժմ ուսումնառությունը շարունակում է Բորդոյի համալսարանի ասպիրանտուրայում:
Վաղարշակի հետ խոսել ենք մասնագիտական ընտրության, ԵՊՀ-ի ընձեռած հնարավորությունների, արտերկրում սովորելու առավելությունների մասին:
- Ինչպե՞ս ընտրեցիք ֆիզիկոսի մասնագիտությունը։
- Ֆիզիկայի ֆակուլտետ որոշեցի ընդունվել արդեն 12-րդ դասարանում։ Այն հնարավորություն է տալիս անընդհատ զարգանալու և երբեք չզարմանալու աշխարհում տեղի ունեցող նորարարությունների վրա։ Կարևորն առարկայի հանդեպ հետաքրքրությունն է և փորձելն ամեն ինչ ճիշտ հասկանալ։ Մինչև ընդունվելս արդեն գիտեի, որ մասնագիտանալու եմ օպտիկայի ուղղությամբ, ու հենց համալսարանում անցած օպտիկայի դասերին համոզվեցի, որ ճիշտ ընտրություն եմ կատարել:
- Ինչո՞ւ որոշեցիք ընդունվել ԵՊՀ, ի՞նչ հնարավորություններ է այն Ձեզ ընձեռել։
- Դպրոցի վերջին տարիներին արդեն որոշել էի, որ ԵՊՀ եմ ընդունվելու՝ հաշվի առնելով համալսարանի համբավը և Մայր բուհ լինելու հանգամանքը։ Ուղղակի ուսումս ուրիշ համալսարանում չէի պատկերացնում։ Ցանկանում եմ ընդգծել, որ մյուս բուհերի համեմատ՝ ԵՊՀ-ի հնարավորությունները և կապերն ավելի շատ են, նաև դրա շնորհիվ եմ ես ուսումնառությունս շարունակել Ֆրանսիայում։
- Կպատմե՞ք արտերկրում Ձեր ուսումնառության մասին:
- Բակալավրիատն ավարտելուց հետո ընդունվեցի մագիստրատուրա «Օպտիկա և լազերային ֆիզիկա» մասնագիտացմամբ: ԵՊՀ-ն ունի «Կրկնակի դիպլոմի» ծրագիր Բուրգունդիայի համալսարանի հետ, ինչը նշանակում է, որ ուսանողը հնարավորություն ունի մագիստրոսական ուսումնառության մեկ տարին սովորելու Հայաստանում, երկրորդ տարին՝ Ֆրանսիայում: Արդյունքում ուսանողը ստանում է կրկնակի դիպլոմ։ Հենց այդ ծրագրի շրջանակում համալսարանում ուսումնառությանը զուգահեռ ընդունվեցի նաև Բուրգունդիայի համալսարան «Ֆիզիկա, ֆոտոնիկա և նանոտեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրով։
Հիմա արդեն ասպիրանտուրաս շարունակում եմ Բորդոյի համալսարանում «Կառուցվածքային լույսի կառավարում» թեմայով։
Արտերկրում թեկուզ կարճ ժամանակ սովորելով՝ զգում ես կրթական համակարգերի տարբերությունները, տեսնում լավ ու վատ կողմերը։ Ցանկալի է ինչ-որ ժամանակ սովորել օտարերկրյա համալսարաններում, բայց ձեռքբերված գիտելիքը պետք է օգտագործել հենց Հայաստանում։
- Ո՞րն է եղել ԵՊՀ-ի ներդրումը ձեր նվաճումներում։
- Թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում առիթը բաց չեմ թողնում շեշտելու, որ ես ԵՊՀ-ի շրջանավարտ եմ։ ԵՊՀ-ում ստացած հիմնարար գիտելիքներն ու ջանասիրաբար սովորելը տվել են իրենց արդյունքը՝ նոր հնարավորություններ բացելով իմ առջև։ Միևնույն ժամանակ կապի մեջ եմ ԵՊՀ ուսանողների, դասախոսների և իմ ղեկավարի հետ։
- Ինչպե՞ս կբնութագրեք հայ ուսանողին, ի՞նչ տարբերություններ կան հայ ու օտարերկրյա ուսանողների միջև։
- Կարծում եմ, որ հայ ուսանողներս մեզ վրա շատ պարտականություն չենք վերցնում ուսումնառության ընթացքում։ Պետք է ավելի շատ աշխատել ու ժամանակ տրամադրել նաև ինքնակրթությանը՝ հետագայում ավելի մրցունակ լինելու համար։ Օտարերկրյա ուսանողների համար իրենց ուսումն առաջնահերթություն է, ինչը, կարծում եմ, հայ ուսանողներից շատերի պարագայում այդպես չէ։
- Ի՞նչ նորարարություններ կցանկանայիք տեսնել ԵՊՀ կրթական համակարգում։
- Ցանկալի կլիներ, որ դասերից բացի՝ լինեին նաև առանձին նախագծեր, անհատական աշխատանքներ ուսանողների համար, ու գնահատականը կախված չլիներ միայն քննության արդյունքներից, այլև այդ աշխատանքներից։