- Main
- Node
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԵՎ ՈՐԱԿՆԵՐՍ ԿԻՍՈՒՄ ԵՄ ՇՐՋԱՊԱՏԻՍ ՀԵՏ. ԴԱ ԻՄ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է». ԺԱՍՄԵՆ ԱՂԱՍՅԱՆ
December 03, 2021 | 17:58
Հասարակություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԵՎ ՈՐԱԿՆԵՐՍ ԿԻՍՈՒՄ ԵՄ ՇՐՋԱՊԱՏԻՍ ՀԵՏ. ԴԱ ԻՄ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է». ԺԱՍՄԵՆ ԱՂԱՍՅԱՆ
ԵՊՀ հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանի կյանքում համալսարանական արժեքներն ու բարքերը մեծ դերակատարություն են ունեցել:
Տիկին Աղասյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է համալսարանական իր ուղին, Մայր բուհի առաքելության իր տեսլականը և երիտասարդներին խորհուրդ տալիս մշտապես հավատարիմ մնալ Մայր բուհում ձեռք բերված արժեքներին:
- Տիկի՛ն Աղասյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:
- 1969-74 թթ. համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում եմ սովորել: Ցավոք, ավարտելուց հետո չմնացի համալսարանում. դա անարդար էր, բայց չեմ ուզում խոսել այդ մասին: Համալսարանն ինձ համար այնպիսի արժեք է, որ միայն լավ հիշողություններ եմ ուզում պահել մտքումս: Հետո մտա կյանք, որն ինձ կրկին տարավ դեպի կրթական համակարգ, բայց դա արդեն կյանքի համալսարանն էր: 1993 թ. ինձ հրավիրեցին աշխատելու ԵՊՀ-ում, որն անցնում էր եռաստիճան կրթական համակարգի, ու հենց այդ ժամանակ էլ իմ՝ կրթության փորձագետի գիտելիքները պետք եկան հարազատ բուհիս: Եվ սկսվեց համալսարանական երկրորդ՝ աշխատանքային կյանքս:
Արդեն 2002 թ. ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն առաջարկեց վերստեղծել և ղեկավարել ԵՊՀ դասախոսների որակավորման բարձրացման ավանդույթներ ունեցող, բայց ընդհատված ծրագիրը: Ես ընդունեցի առաջարկը և մինչ այսօր սիրով եմ աշխատում տաղանդաշատ դասախոսական հանրույթի հետ: Համալսարանի հետբուհական լրացուցիչ կրթության վարչությունն իրականացնում է 2 հիմնական ծրագիր՝ դասախոսների որակավորման բարձրացում և ՀՀ քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստում: Հիրավի, 20 տարի ԵՊՀ-ն մասնակցում է պետական կառույցների կայացմանը, նրանց համար կադրեր պատրաստում:
Այդ տարիներին համալսարանը վերապատրաստել է ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի, պաշտպանության և այլ նախարարությունների շուրջ 10.000 պետական ծառայողների: Դա զուտ կրթական ծառայություն չի եղել. ԵՊՀ դասախոսների նվիրվածության շնորհիվ ստեղծվել են նպատակամետ տասնյակ ծրագրեր, որոնց շնորհիվ նախարարությունների աշխատողներին հասու ենք դարձրել պետական կառավարման բազմաթիվ գաղտնիքների և հմտությունների:
- Ի՞նչ դերակատարություն ունի Մայր բուհը Ձեր և ընդհանրապես հասարակական
կյանքում:
- Երևանի պետական համալսարանը ճանապարհիս այն հանգրվանը եղավ, որից սկսվեց իմ հասուն կյանքը, և միասին էլ անցանք, թեև մի տևական ժամանակ բաժանված էինք: Մայր բուհը ձևավորեց Սյունիքից համալսարան հասած մի աղջկա և տվեց նրան կրթական ու անձնային որակներ, որոնք ընդմիշտ իմը դարձան: Իսկ հասարակական կյանքում Մայր բուհի դերակատարումն անչափելի է:
Համալսարանական հանրույթը՝ հարյուր հազարավոր մարդկանցից կազմված, Հայաստանում իրոք հատուկ լուսավորություն է և իր ստացած գիտելիքներն ու մշակութային արժեքները բաշխում է նաև շրջապատին: Իսկ եթե հաշվի առնենք, որ համալսարանի կամարների տակ միավորվել էին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդները, որոնք իրենց հետ տարան առմիշտ իրենցը դարձած համահայկական արժեքները, կարող ենք ասել, որ Մայր բուհը փոքրիկ Միացյալ Հայք է:
- Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:
- Մեր կուրսի յուրաքանչյուր օրը «համալսարանոտ» էր, հանդիպումները համալսարանի գիտնականների և նրա հյուրերի հետ մեզ համար բացահայտում էին աշխարհը և մարդուն: Դա զգացինք քիչ ավելի ուշ, երբ արդեն ավարտել էինք բուհը, և ինձ համար շատ դժվար էր ապրել համալսարանից դուրս ու հարմարվել պակաս մշակութային կյանքին: Ես փաստորեն համալսարանից ձեռք բերած գիտելիքներս և որակներս կիսում էի շրջապատիս հետ. կարծում եմ՝ դա իմ մեծագույն պարտավորությունն էր՝ իբրև համալսարանականի: Այդպես էին ապրում մեր կուրսեցիներից շատերը:
- Իսկ աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:
- Առաջ ընթերցանությունն էր, հետո նաև աշխատանքը երեխաների հետ: Նրանց հայոց լեզու և գրականություն սովորեցնելն իմ գլխավոր նախասիրությունն է եղել: Պետք է նշեմ նաև հայերենի արմատների ստուգաբանության հանդեպ մեծ հետաքրքրությունս:
- Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:
- Շատ կարճ՝ համբերություն, ժամանակ և աշխատասիրություն:
- Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Հայրենիքը՝ իր բնությամբ, և գրականությունը:
- Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:
- Ուսանողական տարիներից ընդունել եմ Պետրարկայի կարգախոսը և ապրել դրանով՝ չիշխել ոչ մեկին և չենթարկվել ոչ մեկին:
- Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ համալսարանականներին:
- Ձեռք բերել հիմնարար գիտելիքներ, սիրել հայրենիքը և իրենց գործունեությամբ նպաստել նրա զարգացմանը: Մշտապես հավատարիմ մնալ համալսարանական արժեքներին: