- Main
- Node
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԴԵՊԻ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ». ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐՈՍ ԷՄՄԱ ՄԱՄՈՒՆՑ
December 10, 2021 | 17:00
Կրթություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԴԵՊԻ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ». ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐՈՍ ԷՄՄԱ ՄԱՄՈՒՆՑ
Աշխարհում օրեցօր զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները։ Երբեմն տեղի են ունենում այնպիսի զարգացումներ կամ իրադարձություններ, որոնք մեզ ստիպում են այլ կերպ կառուցել մեր կյանքն ու դրան նոր ընթացք են հաղորդում։ Համացանցի, տարբեր կայքերի միջոցով այսօր ցանկացած մարդ կարող է առանց տնից դուրս գալու ստանալ այն տեղեկությունը, որն իրեն անհրաժեշտ է։
Թվարկածները երիտասարդների շրջանում նոր համոզմունքների և կարծիքների հիմք են դարձել։ Ի հայտ եկան մի շարք հարցեր․ ինքնակրթությո՞ւն, թե՞ համալսարանական կրթություն, ինչո՞ւ վճարել, եթե կարող եմ ինքս փնտրել համացանցում անհրաժեշտ տեղեկությունը և այլն։
Այս և նմանօրինակ հարցերի շուրջ զրուցել ենք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսի ուսանող Էմմա Մամունցի հետ։
Էմման սովորել և ավարտել է Արցախի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզու և գրականություն բաժինը։ 2020 թվականին ուսումը շարունակել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրում։ Միաժամանակ Էմման ստեղծագործում է և անդամակցում Երիտասարդ գրողների ընտանիքին։
-Ինքնակրթությո՞ւն, թե՞ համալսարանական կրթություն։
- Ընդհանրապես կարծում եմ, որ անկախ համալսարանական կրթությունից մարդը պետք է ինքնակրթվի, չբավարարվի միայն համալսարանական կրթությամբ։ Համալսարանական կրթության դերը նույնպես կարևորում եմ մարդու կյանքում, քանի որ այն նախևառաջ ուղղորդում է։ Համալսարանական կրթությունը ճանապարհ է դեպի ինքնակրթություն։ Ես ինքս ստացել եմ համալսարանական կրթություն, բայց դա ինձ չի խանգարել ինքնակրթվել, բացահայտել ու սովորել նորը։
- Ինչո՞ւ ընտրեցիք ԵՊՀ-ն։ Պատահականությո՞ւն էր, թե՞ նպատակ։
- Ես պատահականություններին ընդհանրապես չեմ հավատում։ Եթե իմ կյանքում ինչ-որ բան է տեղի ունենում, ուրեմն դա կա՛մ ինքս եմ նպատակ դրել և հասել դրան, կա՛մ էլ ճակատագիր է։ Այս դեպքում ԵՊՀ-ն եղել է հստակ նպատակ, որովհետև ինձ պետք էր համատեղել որակյալ կրթությունը, համալսարանի «ճկունությունը» և, իհարկե, համալսարանի կարգավիճակը։
- Կայի՞ն արդյոք նախընտրած այլ համալսարաններ։ Ինչո՞վ էր ԵՊՀ-ն առանձնանում դրանց շարքում։
- Իհարկե, համալսարան ընտրելիս դիտարկում էի նաև այլ տարբերակներ, բայց այն իմիջը, որն իր երկարամյա գործունեության ընթացքում ձևավորել է ԵՊՀ-ն, տվեց իր արդյունքը։
- Դուք համալսարան ընդունվելիս պատկերացրել եք՝ ինչպե՞ս են ընթանալու ուսանողական տարիները, ինչպիսի՞ կրթություն եք ստանալու և այլն։ Արդարացա՞ն Ձեր սպասելիքները։
- Ընդունվելիս, ինչպես բոլոր ուսանողները, ես նույնպես վախենում էի, սակայն, հաղթահարելով վախերը, ընդունվեցի ԵՊՀ։ Պատկերացումներս ու սպասելիքներս հիմնականում արդարացան։ Ես սպասում էի, որ ինձ կրթելու են հանրապետության լավագույն մասնագետները, և այդպես էլ եղավ։ Դասընթացներն ու դասապրոցեսը համեմված էր և՛ գործնական աշխատանքներով, և՛ տեսական գիտելիքներով։ Այսինքն, այն ֆորմալ կրթություն լինելով, տվեց ոչ ֆորմալ կրթություն։
- Ուսման ընթացքում ինչպիսի՞ բացեր եք նկատել, որոնք, այնուամենայնիվ, կցանկանայիք փոխել։
- Ես միայն միջանկյալ քննությունների հետ կապված եմ խնդիրներ ունեցել, երբ դեռ նոր ես փորձում ինտեգրվել դասապրոցեսին, ու միանգամից սկսվում են քննությունները։ Կոպիտ ասած, չես հասցնում վայելել դասապրոցեսը, որովհետև անընդհատ լարված սպասում ես քննություններին՝ ինչպես կհանձնես և այլն։ Եվ որքան էլ գնահատականն առաջնային կարևորություն չունենա, միևնույնն է, լարվում ես։
Բացի դրանից՝ կցանկանայի, որ շատ ավելի շատ լինեին գործնական աշխատանքները։ Որքան էլ տեսական նյութին լավ տիրապետես, մինչև աշխատանքում այն չկիրառես, չես կարողանա ամբողջությամբ ընկալել։ Կցանկանայի, որ ուսանողների ներկայացված գաղափարներն իրագործվեն: Ներկայացված գաղափարները ոլորտում կիրառում ունենային։
- Ի՞նչ տվեց Ձեզ ԵՊՀ-ն՝ կրթությունից զատ։
- Կրթությունից բացի՝ ձեռք բերեցի կյանքի ընկերներ, որոնք, կարծում եմ, ժամանակի ու տարածության մեջ միշտ մնայուն տեղ ու դեր կունենան։ Նույնը կարող եմ ասել դասախոսների մասին։ Որոշ դասախոսներ մասնագիտական գիտելիքներից զատ՝ տվեցին նաև կյանքի համար կարևոր դասեր։ Առհասարակ, համալսարանական տարիների ամեն օրն էլ իր հետքն է թողնում ամբողջ կյանքի համար։ Ի դեպ, քանի որ կուրսընկերներս էլ շատ ակտիվ են, մենք միասին գեղեցիկ ժամանակ անցկացրինք նաև համալսարանից դուրս՝ բացահայտելով մեր երկրի հիասքանչ վայրերը։
- Ինչո՞ւ ընտրեցիք «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը և ի՞նչ տվեց ձեզ այն։ Ի՞նչ խորհուրդ կտայիք այս մասնագիտությունը ընտրողներին։
- Ամեն ինչի հիմքում հաղորդակցությունն է։ Ցանկացած ոլորտում ինչ-որ հաջողության հասնելու համար պետք է կարողանաս հաղորդակցվել։ Անգամ առօրյայում կյանքը ճիշտ կազմակերպելու համար այս մասնագիտությունը պետք է։ Բացի դրանից՝ մասնագիտանում ես հանրային կապերի ոլորտում, կարող ես վստահ ասել, որ ցանկացած ոլորտի մասին դու ունես նվազագույն գիտելիքներ։ Կարճ ասած՝ դառնում ես բազմակողմանի զարգացած մարդ։
Ոչ միայն այս մասնագիտությունը, այլև ցանկացած մասնագիտություն ընտրելիս երբեք կանգ չառնել, լինել պրպտող, փնտրող, համատեղել ինքնակրթությունն ու համալսարանի տված գիտելիքները։
- Եթե վերադառնայիք անցյալ՝ հստակ պատկերացնելով, թե ինչպիսին է լինելու Ձեր կրթությունը, նորից կընդունվեի՞ք Երևանի պետական համալսարան։
- Այո՛։