- Main
- Node
- «ՍԵՐՎԻՍ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
December 14, 2021 | 15:18
Հասարակություն
«ՍԵՐՎԻՍ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն այսօր կազմակերպել էին բաց դաս՝ ներկայացնելով «PR-ը և գովազդը սերվիսում» առարկայի շրջանակում իրենց կատարած գործնական աշխատանքի արդյունքները:
Գործնական աշխատանքի համար ուսանողներն ընտրել էին «Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական ճարտարապետության և պատմամշակութային կոթողների պահպանումը՝ որպես ինքնապահպանման միջոց» թեման:
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դեկանի տեղակալ Սարգիս Քելյանը, Սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, դասախոսներ, տարբեր կուրսերի ուսանողներ:
«PR-ը և գովազդը սերվիսում» առարկայի դասախոս Իրինա Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Սերվիս» մասնագիտությունը 4-րդ կուրսում մասնագիտական դասընթաց ունի, որի շրջանակում ուսանողներն առաջադրանք են ստանում՝ փորձելով համալսարանում ստացած տեսական գիտելիքները գործնական դաշտում կիրառել, իսկ վերջում ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը. «Սա հիանալի հնարավորություն է, քանի որ գործնական աշխատանքի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները հետագայում կարող են օգտակար լինել նաև աշխատանքային գործունեության մեջ»:
«Սերվիս» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Նունե Խաչիկյանը, Էմիլյա Միրզոյանն ու Դանիել Վարդանյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրին իրենց կատարած գործնական աշխատանքը, խոսեցին գովազդի և PR-ի սահմանումների, դրանց տարբերությունների, PR հաղորդագրության ստեղծման փուլերի ու մեթոդների մասին:
Է. Միրզոյանը, անդրադառնալով թեմայի ընտրությանը, նշեց, որ անհրաժեշտություն է բարձրաձայնել Արցախի օկուպացված տարածքներում առկա պատմամշակութային կոթողների պահպանման խնդիրը, քանի որ դրանք մնացել են անպաշտպան. «Այդ հարուստ ժառանգության շնորհիվ մենք ներկայանալի ենք դառնում աշխարհին ու ընդգծում մեր ինքնությունը»:
Իրենց ընտրած մեթոդների շնորհիվ ուսանողներն ուսումնասիրել են տվյալ տարածքի կոթողների պատմությունը, ստեղծումը, համեմատել ու գնահատել դրանց նախկին ու ներկա տեսքը՝ նպատակ ունենալով հասարակությանը ճշգրիտ փաստեր ներկայացնելու, ինչպես նաև ստացված տեղեկությունները 4 լեզուներով (ռուսերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն) տարածելու, ինչը, ըստ նրանց, կմեծացնի հետաքրքրությունը հայկական պատմաճարտարապետության և մշակույթի նկատմամբ՝ ապահովելով իրազեկության բարձրացում:
Գործնական աշխատանքի շրջանակում տեսահոլովակ էր պատրաստվել, որտեղ ներկայացվել են Արցախում գտնվող հայկական ճարտարապետության և պատմամշակութային բոլոր այն կոթողները, որոնք գտնվում են ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, քանի որ դրանք կարող են ինչպես լիովին ոչնչացվել, այնպես էլ յուրացվել: Նշենք, որ այդ կոթողներից ոչ բոլորն են ներառված ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:
«Մեր կատարած աշխատանքի հիմնական նպատակն է իրազեկվածության բարձրացումն առաջին հերթին ներքին լսարանում, որովհետև եթե մենք ճանաչում ենք մեր արժեքները, ապա նաև կարող ենք ներկայացնել աշխարհին, իսկ եթե չենք ճանաչում, ապա աշխարհից ոչ մի բան պահանջելու իրավունք չունենք: Միջազգային հանրության շրջանում ակտիվությունը և համակարգված լոբբինգը կարող են մեզ օգնել մեր ձայնն ավելի լսելի դարձնելու հարցում, ինչի շնորհիվ միգուցե որոշ օբյեկտներ ներառվեն վերոնշյալ ցանկում»,- ասաց Ն. Խաչիկյանը:
Ս. Սուվարյանը, ողջունելով ֆակուլտետում արդեն ձևավորված ավանդույթը, ուսանողներին մաղթեց ավելի մեծ ակտիվություն, որպեսզի նրանք դառնան հասարակության «Սերվիս» մասնագիտություն ունեցող մարդկանց մի մասը. «Մենք նախևառաջ պետք է մեր մասնագիտությունը գովազդենք, իսկ այդ գովազդը պետք է լինի իրական, բացատրող, քանի որ սերվիսը մեծ ոլորտ է, որի մեջ կան գիտություն, կրթություն, առողջապահություն, նաև զբոսաշրջություն, իսկ գովազդն օրինակ է, մեկ նմուշ, գովազդը մենք ենք: Հուսով եմ՝ այն, ինչ գովազդել եք, իրական է, և ձեր գովազդը ձեզ դարձրել է ավելի արհեստավարժ»: