- Main
- Node
- «ԴՈՍՏՈԵՎՍԿՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԳՐՈՂԻ 200-ԱՄՅԱԿԻՆ
December 14, 2021 | 16:41
Մշակույթ
«ԴՈՍՏՈԵՎՍԿՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ». ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԳՐՈՂԻ 200-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր տեղի է ունեցել «Դոստոևսկու աշխարհում» խորագիրը կրող միջոցառում, որը կազմակերպել էր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուս գրականության ամբիոնի դասախոս Վերա Ադամյանը ֆակուլտետի դեկան Պավել Բալայանի աջակցությամբ:
Միջոցառումը նվիրված էր ռուս մեծ գրող, գրականագետ, մտածող, փիլիսոփա, հրապարակախոս Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու ծննդյան 200-ամյակին:
Մեզ հետ զրույցում ամբիոնի դասախոս, միջոցառման կազմակերպիչ Վերա Ադամյանը նշեց, որ իրենց մեծ դժվարությամբ է հաջողվել մշակել Ֆեոդոր Դոստոևսկուն նվիրված միջոցառման անցկացման ծրագիրը, քանի որ Դոստոևսկի գրողին հնարավոր չէ ամփոփել մեկ միջոցառման շրջանակում:
«Այնուամենայնիվ փորձեցինք ի մի բերել Դոստոևսկու՝ համաշխարհային գրականության գանձարանում ուրույն տեղն ունեցած վեպերն ու այսօր դրանք ներկայացնել հանդիսատեսին»,- ասաց մեր զրուցակիցը:
Միջոցառման ընթացքում նախ ներկայացվեց Ֆեոդոր Դոստոևսկու կյանքը, նշվեց, որ նա ծագում է ազնվական ընտանիքից, և որ նրա հայրը բժիշկ է եղել Մոսկվայի դաստիարակչական տան Մարիինյան հիվանդանոցում:
Թեև Դոստոևսկու ընտանիքը չքավոր էր, այնուամենայնիվ հիանալի կրթություն և դաստիարակություն է ստացել գրողը, ինչի համար ողջ կյանքում երախտապարտ է եղել ծնողներին։
Այնուհետև անդրադարձ եղավ նաև մեծ գրողի ստեղծագործական բեղուն գործունեությանը, հատկապես նրա, այսպես կոչված, «մեծ հնգամատյանին», որի մեջ մտնում են խոհական վեպերը՝ «Ոճիր և պատիժը», «Ապուշը», «Դևերը», «Դեռահասը» և «Կարամազով եղբայրները»։
Հարկ է նշել, որ միջոցառման կազմակերպման և կայացման գործում իր ներդրումն է ունեցել նաև ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ-ն: