- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ «ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
December 16, 2021 | 16:46
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ «ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի գեոստրատեգիական դրությունը 44-օրյա պատերազմից հետո (տարածաշրջանային անվտանգության համալիրների հայեցակարգերի դիտանկյունից)» թեմայով բանախոսությունը, որը վարում էր պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Մենուա Սողոմոնյանը:
Բանախոսությունն անցկացվում էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից նախաձեռնած «Հետպատերազմյան Հայաստանը հարևան պետությունների աչքերով» խորագրով դասընթացի տեսական ամփոփման շրջանակում:
Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Տաթև Հակոբյանը, որն անչափ կարևորեց նմանաբնույթ հանդիպում-դասախոսությունների միջոցով հետպատերազմյան Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների քննարկումը:
Այնուհետև հանդիպման բանախոս Մ. Սողոմոնյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին ցուցաբերած մասնակցության համար, փաստեց, որ պատմությունը չպետք է ներկայացնել միայն որպես իրադարձություն, այլ պետք է այն ինչպես հարկն է վերլուծել՝ հաշվի առնելով բոլոր հայեցակարգերը:
«Պատմաբանի համար շատ կարևոր է պատմության վերլուծությունը նաև միջազգային հարաբերությունների զարգացման համատեքստում, որպեսզի նա կարողանա ավելի լավ պատկերացնել երկրի ներսում և նրանից դուրս տեղի ունեցած զարգացումները»,- ասաց բանախոսը:
Նա ներկայացրեց միջազգային դիվանագիտության մակարդակային 3 հիմնական մոտեցումները՝ համակարգային, պետական/միավորային և անձնային. «Ձեր հետագա հետազոտությունները կարող եք իրագործել՝ հաշվի առնելով թվարկած մակարդակները պատմական իրադարձության համընդհանուր պատկերն ունենալու համար»:
Այնուհետև նա անդրադարձավ վերլուծության դիրքերից 44-օրյա պատերազմի սկսման եռամակարդակ մեկնաբանմանը՝ ներկայացնելով ինչպես այդ շրջանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական զարգացումները, այնպես էլ երկրի ներսում և անձերի մակարդակում կատարված փոփոխությունները:
Բանախոսության վերջում «Հետպատերազմյան Հայաստանը հարևան պետությունների աչքերով» դասընթացի մասնակիցները հավաստագրեր ստացան։