- Main
- Node
- ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ
December 21, 2021 | 14:22
Հասարակություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունն արդեն տևական ժամանակ է՝ կազմակերպում է մասնագիտական կողմնորոշման նպատակով փոխայցելություններ, որոնց ընթացքում ԵՊՀ դասախոսները տարբեր թեմաներով հանդիպումներ են ունենում աշակերտների հետ թե՛ ԵՊՀ-ում, թե՛ դպրոցներում:
Նախաձեռնության շրջանակում այսօր Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Դիլբանդյանն այցելել է Ս. Գևորգյանի անվան թիվ 189, իսկ Հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ Արմենուհի Արզումանյանը՝ Գ. Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց:
Ս. Դիլբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որը հանդիպման ընթացքում ներկայացրել է Իրավագիտության ֆակուլտետի գործունեությունն ընդհանրապես, իրականացվող կրթական ծրագրերը, իրավաբանի մասնագիտության առանձնահատկությունները. «Աշակերտները բավականին ակտիվ հարցադրումներ էին անում համալսարանում դասավանդման ընթացքի, իրավաբանի մասնագիտության համար պահանջվող որակական հատկանիշների, մեր երկրի սահմանադրական և դատական համակարգի բարեփոխումների մասին»:
Ըստ ամբիոնի վարիչի՝ հանդիպումն իսկապես հաջողված էր, աշակերտները բավականին տպավորված էին, ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել նաև ԵՊՀ-ում՝ Իրավագիտության ֆակուլտետում:
Հայ բանասիրության ամբիոնի դոցենտ Ա. Արզումանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ աշակերտների առաջարկով խոսել է Գուրգեն Մահարու, նրա «Այրվող այգեստաններ»-ի ստեղծագործական պատմության մասին՝ նոր մոտեցմամբ վերլուծելով վեպը, ներկայացրել վեպում արտահայտված և այսօր էլ արդիական հնչեղություն ունեցող մահարիական պատմական դասերը՝ շեշտադրումներ անելով հայրենասիրության, լավատեսության, անկոտրում ոգու վրա. «Հանդիպման վերջում աշակերտներից ոմանց աչքերում արցունքներ տեսա, իսկ դա նշանակում է, որ խոսքը նրանց հոգու նուրբ լարերին էր հասել՝ մտորելու ու խորհելու տեղիք տալով: Մեզ համար ամենակարևորն այն է, որ ցանկացած թեմայով գրված գրական երկի ասելիքը, գաղափարը, որոնք արդիական հնչեղություն ունեն նաև այսօր, լսելի ու հասանելի դարձնենք աշակերտներին»: