ՋՐԱՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի համատեղ կազմակերպած աշխատաժողովը «Ջրաօդերևութաբանի համաշխարհային օր» խորագրով էր: Քննարկման հիմնական թեմաներն էին կլիմայի փոփոխություններն ու Սևանա լճի հիմնախնդիրները:
![Workshop-on-hydrometeorology](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/i61WncyM63ftr2ZmBvT7KnaPfT.jpg?h=bccd1fa5&itok=YiA4hd_P)
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Տաշյանը բացման խոսքում նշեց. «Աշխատաժողովի նպատակն ուսանողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, քանի որ այսօր շատ կարևոր է գլոբալ խնդիրների հետ մեկտեղ հաշվի առնել կլիմայի գլոբալ փոփոխությունները»:
Ֆակուլտետի դեկան, ե.գ.թ., դոցենտ Մարատ Գրիգորյանը խոսեց աշխատաժողովի կարևորության մասին:
Ֆակուլտետի շրջանավարտ Լևոն Ազիզյանը, որն այժմ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է, նշեց, որ ոլորտին անհրաժեշտ են որակյալ մասնագետներ:
«Վստահաբար կլիմայի փոփոխությունն այսօր ամենակարևոր թեմաներից է: ՊՈԱԿ-ում կան թափուր հաստիքներ. հրավիրում ենք աշխատանքի, որի ընթացքում նաև կզարգացնեք ձեր գործնական գիտելիքներն ու հմտությունները»,- դիմելով ուսանողներին՝ ասաց Լ. Ազիզյանը:
Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Արսեն Գրիգորյանը, անդրադառնալով մասնագիտական հիմնախնդիրներին ու ձեռքբերումներին, ասաց. «Մենք կարողացել ենք պետությանը պիտանի մասնագետներ պատրաստել, որոնք նպաստել են ոլորտի ծառայությունների որակի բարձրացմանը»:
«Ավիացիոն օդերևութաբանության արդիականությունն ու կիրառական նշանակությունը» խորագրով զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասխոս Լուսինե Խաչատրյանը:
«Շատ եմ կարևորում, որ ուսանողները գիտակցեն՝ իրենք համալսարանական են և պետք է լավագույնս կիրառեն իրենց մասնագիտական գիտելիքները պետության կարևորագույն օղակներում»,- ասաց նա::
Սևանա լճի քանակական փոփոխությունների և կատարված մշտադիտարկման որակական հատկանիշները ներկայացրեց ֆակուլտետի մագիստրոս Գոռ Խաչատրյանը:
Աշխատաժողովն ամփոփվեց ակտիվ քննարկմամբ: