ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՅՈՒՐՆ Է ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՈՆԻԴ ՄԱՐԳՈԼԻՍԸ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել է ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Լեոնիդ Մարգոլիսին: Պրոֆեսորը ծանոթացավ լաբորատորիաներին, այնտեղ տարվող գիտական աշխատանքներին, հանդիպեց ֆակուլտետի գիտաշխատողների և դասախոսների հետ:
![professor-Leonid-Margolis-is-the-guest-of-YSU](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/sKtTFpKscTWf1aHzvCLSf0WvtB.jpg?h=bccd1fa5&itok=SCa9cqSK)
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Եսայանը կարևորում է նման հանդիպումները. «Մեր ֆակուլտետը պատրաստ է օգտագործելու ցանկացած այսպիսի հնարավորություն: Ըստ իս՝ տարբեր երկրների առաջատար գիտնականների հետ մշտական կապի և շփման մեջ պետք է լինեն և՛ պրոֆեսորադասախոսական կազմը, և՛ ուսանողները»:
Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Փոլադյանն ասաց, որ կարևորում է հետագա համագործակցությունը և կապի պահպանումը դասախոսների ու գիտնականների միջև, որը հնարավոր է իրականացնել այսպիսի հանդիպումների շնորհիվ:
Տեղեկացնենք, որ վաղը՝ մարտի 31-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դահլիճում պրոֆեսոր Մարգոլիսը դասախոսելու է «ՁԻԱՀ–ից մինչև COVID. էլ ի՞նչ է պետք իմանալ համաճարակների տարածումը կանխելու համար» թեմայով: