- Main
- Node
- «ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿԱՐԾԵՍ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ Է, ՈՐՏԵՂ ՍՏԱՆՈՒՄ ԵՍ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՎՍԵՄ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ». ԴՈՒԽԻԿ ԱԼՈՅԱՆ
April 06, 2022 | 09:45
Կրթություն
«ՀԱՅ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿԱՐԾԵՍ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ Է, ՈՐՏԵՂ ՍՏԱՆՈՒՄ ԵՍ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՎՍԵՄ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ». ԴՈՒԽԻԿ ԱԼՈՅԱՆ
Դուխիկ Ալոյանը 3 երեխաների մայր է: Նա համոզված է, որ կրթությունը դեպի հաջողություն տանող ուղին է: Դուխիկը որոշել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատել դպրոցում, որ փոխանցի իր գիտելիքները եկող սերնդին:
-Ինչպե՞ս որոշեցիք այս տարիքում շարունակել կրթությունը:
-Ըստ էության, հիմա եմ սկսել կրթություն ստանալ, որովհետև վաղ տարքում եմ ընտանիք կազմել: Հետագայում, երբ երեխաներս ավելի ինքնուրույն դարձան, և իմ քսանչորսժամյա ներկայությունը պարտադիր չէր նրանց կյանքում, հասկացա՝ սա ճիշտ պահն է: Բայց ամեն ինչ շատ արագ ու ինքնաբուխ ստացվեց: Այս տարիքում կրթվելու առավելություններից է այն, որ գիտակցում ես՝ ինչ ես դրել կշեռքի նժարին, և որքան կարևոր է դա:
-Բանասիրական ֆակուլտետի ուսանողները շատ են կարդում: Ինչպե՞ս եք հասցնում կարդալ բնագրերը, գերազանց առաջադիմությամբ սովորել և այդ ամենը համատեղել ընտանեկան կյանքի հետ:
-Այո՛, դժվար է համատեղել ընտանիքն ու կրթությունը, հատկապես երբ ընտրում ես բանասիրական ֆակուլտետը, որտեղ մշտապես պիտի կարդաս ծավալուն ստեղծագործություններ: Սակայն փորձում եմ համատեղել այնպես, որ ոչ մեկը չտուժի: Չեմ կարող չշեշտել իմ ընտանիքի անդամների դերը. եթե նրանք չլինեին այնպիսին, ինչպիսին կան, միգուցե չկարողանայի համատեղել այդ երկուսը: Ամեն դեպքում, երբ սիրով ես սովորում ու գիտես՝ ինչ ես ուզում ստանալ, ամեն ինչ հասցնում ես:
-Ձեր ավագ երեխան բարձր դասարանում է սովորում: Եղե՞լ են դեպքեր, երբ նա է Ձեզ օգնել դասերի հարցում:
-Այո՛, ոչ միայն ավագը, այլև մյուս երկու երեխաներս: Նրանք ինձ օգնում են նախևառաջ նրանով, որ ինքնուրույն են: Դասերի հարցում ևս պատրաստակամ են: Օրինակ՝ անգլերեն թարգմանություններ կատարելիս կամ տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում տղաս է իմ օգնականը:
-Բացի կրթություն ստանալու հնարավորությունից՝ ի՞նչ այլ դեր ունի ԵՊՀ-ն Ձեր կյանքում:
-Կարելի է ասել՝ իմ կյանքը բաժանվել է երկու շրջանի՝ ԵՊՀ-ից առաջ և հետո. այն, բացի կրթությունից, հնարավորություն է տալիս շփվելու բանիմաց, խորագետ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: ԵՊՀ-ն ուսանողներին պարզապես կրթությամբ ապահովող կառույց չէ: Հայ բանասիրության ֆակուլտետը կարծես հանրագիտարան է, որտեղ ստանում ես բազմակողմանի կրթություն, ձևավորում վսեմ արժեհամակարգ:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունեք:
-Ապագայում ինձ տեսնում եմ ուսուցչուհու դերում: Իմ նպատակներն են՝ դպրոց թարմություն տանել, նոր ասելիքով դասարան մտնել:
Մարինե Մկրտչյան