- Main
- Node
- «ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՇԱՏ ՈՒ ՇԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԲԱՅՑ ԵՊՀ-ՈՒՄ ՍՈՎՈՐԵԼ ԴՈՒ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ... ». ՍԱԹԵՆԻԿ ՍԱՐՈՅԱՆ
April 07, 2022 | 14:25
Կրթություն
Գիտություն
«ԿԱՐԵԼԻ Է ՍՈՎՈՐԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՇԱՏ ՈՒ ՇԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ, ԲԱՅՑ ԵՊՀ-ՈՒՄ ՍՈՎՈՐԵԼ ԴՈՒ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՍ... ». ՍԱԹԵՆԻԿ ՍԱՐՈՅԱՆ
Սաթենիկ Սարոյանը 2004 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։ Եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետի` անգլերենի թիվ 2 ամբիոնի ասիստենտ է, բանասիրական գիտությունների թեկնածու: Սիրելի աշխատանքն ու 3 երեխաների խնամքը հաջողությամբ կարողանում է համատեղել այնպես, որ ոչ մի կողմը չտուժի: Ստացել է նաև իսպաներեն լեզու և գրականություն մասնագիտացումը։ Դասավանդման հետ մեկտեղ զբաղվում է գիտությամբ. հեղինակ է մի շարք գիտական և մեթոդական հոդվածների:
- Կրթություն ստանալու համար ինչո՞ւ ընտրեցիք ԵՊՀ-ն:
-ԵՊՀ-ն ինձ համար եղել և մնում է կրթության հիմնական օջախ: Այն մայր բուհն է, և իմ համոզմամբ՝ այդ կոչումը համալսարանին հենց այնպես չի տրված. ԵՊՀ-ն բոլոր մեծ ու փոքր բուհերի օրրանն է: Կարելի է սովորել նաև աշխարհի շատ ու շատ համալսարաններում, բայց ԵՊՀ-ում սովորել դու պարտավոր ես... Իսկ մասնագիտությանս ընտրության հարցում իր մեծ նպաստն է ունեցել լուսահոգի մայրիկս, ով դեռևս մանկուց սեր է առաջացրել օտար լեզուների նկատմամբ, հետաքրքրություն՝ դեպի անգլերեն գրքերը, երգերը, ֆիլմերն ու մուլտֆիլմերը, տարել քաղաքի լավագույն դպրոցներից մեկը, եթե չասեմ՝ լավագույնը: Այդ ամենով հանդերձ՝ տվել է մեզ նաև շատ հայեցի դաստիարակություն և իսկական հայրենասեր է մեծացրել:
-Քանի՞ երեխա ունեք և քանի՞ տարեկան են նրանք:
-Ունեմ երեք երեխա՝ երկու աղջիկ և մեկ տղա: Առաջնեկս՝ Անին, 8 տարեկան է, միջնեկս՝ 5, և ամենափոքրիկը տղաս է՝ 2 տարեկան:
-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել աշխատանքը ընտանեկան կյանքի հետ:
-Պետք է ասեմ, որ աշխատանքն ինձ համար ոգեշնչման աղբյուր է: Ընտանիքում, տանը ամեն ինչ հիանալի և ըստ պատշաճի կազմակերպելու համար ես պետք է նաև զբաղվեմ իմ սիրելի աշխատանքով. այն ինձ անասելի դրական լիցքեր է հաղորդում: Վստահ եմ՝ պատկերացնում եք, թե որքան անելիք կա տանը փոքր երեխաների հետ, սակայն ես ամեն օր ավելի եմ համոզվում, որ կինը որքան զբաղված է լինում, այնքան շատ բան է հասցնում:
-Ի՞նչ դժվարությունների եք բախվում:
-Դժվարություններ, բնականաբար, լինում են, հատկապես եթե խստապահանջ ես ինքդ քո, երեխաներիդ և ընտանիքիդ նկատմամբ: Այդ պարագայում դժվարությունները բազմապատկվում են: Պետք է երեխաներին կոկիկ ու պատշաճ ճանապարհել մանկապարտեզ, դպրոց, տարբեր խմբակներ, երեկոյան սովորել դպրոցի դասերը, դաշնամուրի դասերը և այլն:
Այսինքն՝ միշտ պետք է հասցնել ճիշտ ժամանակին լինել ճիշտ վայրում, և այդ ամենը գերազանց կատարելու համար սովորում ես սուղ ժամանակում ամեն ինչ հասցնել...
-Ըստ Ձեզ՝ ո՞րն է երեխաների համար աշխատող մայր ունենալու առավելությունը:
-Ես կարծում եմ, որ աշխատող մայրերը մեծացնում են «կազմակերպված» երեխաների, և դա ամենակարևորն է: Ավելին՝ որպես աշխատող մայր՝ ես կարծում եմ՝ մեր ընտանիքում հաջողվում է ժամանակը տնօրինել այնպես, որ երեխաները լրացուցիչ որևէ խմբակ հաճախելուց, որևէ մշակութային միջոցառումից, այգում զբոսանքներից ետ չմնան: Նաև կարողանում եմ ժամանակ տրամադրել նրանց համար երեկոյան հեքիաթ կարդալուն, տանը հետաքրքիր ժամանցի կազմակերպմանը, խաղալուն, միասին զվարճալի ֆիլմեր դիտելուն և այլն:
-Ի՞նչ կմաղթեք ուսանողներին:
-Ես իմ շա՜տ սիրելի ուսանողներին կմաղթեմ՝ լինեն երջանիկ, որովհետև դա է ամենակարևորը կյանքում: Ընդ որում՝ ես ունեմ երջանկության սահմանման իմ տարբերակը, այն է՝ պետք է կարողանալ գնահատել ամեն պահը, ուրախանալ յուրաքանչյուր փոքր ձեռքբերումով, ամեն աննշան թվացող գեղեցիկ դրվագով, ծագող արևով, թռչունների դայլայլով, քեզ մատուցված նույնիսկ ամենաչնչին հաճելի անակնկալով... Իմ ուսանողները կարող են փաստել այդ մասին. առաջին դասերի ընթացքում, երբ նոր ենք ծանոթանում, հանձնարարություններն ու պահանջները ներկայացնելուց զատ՝ որպես «պարտադիր հանձնարարություն»՝ իմ սիրելի ուսանողներին խորհուրդ եմ տալիս դասերից դուրս լիարժեք վայելել նաև ուսանողական կյանքը, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել առջևում սպասվող բարդ քննություններն ու ստուգումները հեշտությամբ, ինքնավստահությամբ և առանց ավելորդ լարվածության: