- Main
- Node
- «ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՈՋ ԱՉՔԵՐՈՎ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
April 07, 2022 | 16:31
Մշակույթ
«ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՈՋ ԱՉՔԵՐՈՎ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված ցուցահանդես՝ «Իրականությունը կնոջ աչքերով» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացվեցին ուսանողուհի Լաուրա Նազարյանի անհատական աշխատանքները: Ներկա էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, Լաուրայի հարազատներն ու կուրսընկերները:
Ներկայացված աշխատանքների մի մասը նվիրված էր կնոջը, իսկ մնացածը ընդհանրական թեմատիկայով էր: Լաուրան, ներկայացնելով իր նկարները, որակեց դրանք «դրամատիկ ու մելամաղձոտ». «Իմ նկարներում հիմնականում պատկերված է անձի երկվությունը: Դրանցում հենց ես եմ, իմ ապրումներն են»:
Մեկնաբանելով ցուցահանդեսի խորագիրը՝ նկարչուհին նշեց, որ կինն իրականությանը նայում է այլ աչքերով. «Դա այդպես է, որովհետև կինն իր տեսակով ավելի ուժեղ է: Բայց իմ աշխատանքներում ներկայացված են նրա նաև թույլ կողմերը: Որքան էլ կինը շրջապատում ավելի ուժեղ ներկայանա, միայնակ լինելու դեպքում այնքան էլ ուժեղ չէ: Իմ նկարները բովանդակում են կնոջ ներաշխարհում տեղի ունեցողը»:
Կարևորելով նմանատիպ միջոցառումների դերը՝ Լաուրան նշեց. «Ֆակուլտետում կան շատ ուսանողներ, որոնք ինքնարտահայտվելու կարիք ունեն: Թեև տաղանդավոր են, ունեն լավ աշխատանքներ, նրանք, այնուամենայնիվ, երբեմն մնում են ստվերում: Ֆակուլտետում անցկացվող նման միջոցառումները հնարավորություն են տալիս բացահայտելու շնորհաշատ ուսանողներին: Այս միջավայրում ուսանողը իրեն գնահատված է զգում»: