- Main
- Node
- ԱՇԽԱՐՀՈՒՄ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԵՊՀ-ՈՒՄ
April 14, 2022 | 13:01
Կրթություն
Գիտություն
Հասարակություն
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «ICPC» («ԱյՍիՓիՍի») մրցույթի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ամենատիտղոսակիր օլիմպիական, «ICPC»-ի կրկնակի չեմպիոն Գենադի Վլադիմիրի Կորոտկևիչը, հյուրեր միջազգային և տեղական այլ կառույցներից։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը.«Մենք կարևորում ենք ժամանակակից աշխարհում պահանջված մասնագիտությունները և մեր ողջ ներուժը ծառայեցնում ոլորտում առաջատար մասնագետների պատրաստմանը: Այս առումով չենք կարող չընդգծել այն փաստը, որ մրցույթին մասնակցած 111 երկրներից ընտրվել են լավագույնները, և նրանցից մեկն էլ հենց Հայաստանն է (մեր տարածաշրջանից եզրափակիչ փուլ են անցել Հայաստանի Հանրապետությունն ու Վրաստանի Հանրապետությունը): Մեզ համար մեծ պատիվ է, որ մրցույթն անցկացվում է ՀՀ-ում՝ Երևանի պետական համալսարանում: Մրցույթի արդյունքում որոշվելու են 12 մեդալակիրները: Մեր լավագույն արդյունքը եղել է եզրափակիչ փուլ անցնելը, սակայն հույս ունենք և վստահ ենք, որ եկող տարի Հայաստանը ներկայացնող թիմերը մեդալ են շահելու, և մենք հպարտանալու ենք նրանցով»։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացել էր ոչ միայն որպես նախարար, այլև որպես մրցույթի՝ Հայաստանի տարածաշրջանի տնօրեն՝ սկսած 2001 թվականից. «Այս մրցույթը բավականին բարդ գործընթաց է՝ ալգորիթմական բարդագույն լուծումներ պահանջող խնդիրներով, հետևաբար զուտ մասնակցությունը և համակարգին տիրապետելն արդեն իսկ բավականին քրտնաջան աշխատանք են պահանջում: 20 տարիների ընթացքում անցել ենք բավական երկար ճանապարհ. եղել են և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ»:
Նախարարը խոսեց Հայաստանի գրանցած հաջողությունների մասին, շեշտեց, որ 2 անգամ ԵՊՀ թիմերը դուրս են եկել եզրափակիչ փուլ: Ներկայումս քննարկվում է Հայաստանում սպորտային ծրագրավորման ֆեդերացիա ունենալու հարցը:
Վ. Դումանյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրեց ԵՊՀ ԻԿՄ ֆակուլտետի՝ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Սամվելի Անդրեասյանին՝ ծրագրավորման միջազգային օլիմպիադաներում դպրոցական և համալսարանական թիմերի մասնակցության գործում ցուցաբերած մեծ ավանդի համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալագրով պարգևատրեց նաև Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի դոցենտ, ֆիզմաթ. գիտ. թեկն. Տիգրան Էդուարդի Փիլիպոսյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի դոցենտ, ֆիզմաթ. գիտ. թեկն. Սուրեն Գևորգի Խաչատրյանին՝ համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադաներում մասնակիցների նվաճումների և գրանցած բարձր արդյունքների համար:
«CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Սահակյանն ասաց, որ լինելով համալսարանական՝ ուսանողական տարիներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել մրցույթին, մարզել համալսարանական թիմեր, իսկ այսօր մրցույթի կազմակերպիչն է. «Այս տարի մեր շանսերը կրկնապատկված են, քանի որ նախկինում ունեցել ենք 1 մասնակից թիմ, իսկ այս տարի մասնակցում են 2 շատ հզոր թիմեր: Այս տարի հույս ունենք ստանալու 12 մեդալներից մեկը»:
Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Սամվելի Անդրեասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեր ներկայացուցիչները տարեցտարի գրանցում են մեծ հաջողություններ: Բարդ խնդիրները համարվում են լուծված, եթե բոլոր խնդիրների պատասխանները ճիշտ են, լուծումները տրվել են արագ, իսկ պատասխաններն ստուգվում են հատուկ ծրագրի միջոցով:
Դիմելով մրցույթի մասնակիցներին՝ Գենադի Կորոտկևիչն ասաց. «Եթե դուք հասել եք այս փուլին, ուրեմն այն ձեզ հետաքրքիր է: Ինչքան էլ դժվար լինի, չպետք է հանձնվեք: Պետք է հաճույք ստանալ այդ գործընթացից»:
Նշենք, որ մրցույթին մասնակցում է 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների։ Այս օլիմպիադայում Հայաստանը հանդես է գալիս Հյուսիային Եվրասիայի տարածաշրջանի կազմում, որտեղ մրցում են նաև Ռուսաստանի, Ղազախստանի, ՀՀ հարևան պետությունների, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մերձբալթյան երկրների ներկայացուցիչները։ Եվրոպական տարածաշրջանի կազմում են ընդգրկված Ուկրաինան և Մոլդովան։