- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԽՈՍՈՒՅԹԸ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
April 14, 2022 | 17:46
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԽՈՍՈՒՅԹԸ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ԵԼՀ ֆրանսիական բանասիրության ամբիոնի և Ֆրանսիայի Լիլի համալսարանի համատեղ կազմապերպած «Խոսույթը գիտական համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցում են դասախոսներ, գիտաշխատողներ, ասպիրանտներ, հայցորդներ Ֆրանսիայի, ՌԴ-ի և ՀՀ-ի համալսարաններից:
Ողջունելով հյուրերին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը խոսեց հայ-ֆրանսիական սերտ հարաբերությունների մասին. «Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանն անդամակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, ինչն էլ նպաստում է Հայաստանում ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի զարգացմանը: Այսպիսի հարաբերությունների ամրապնդմանը նպաստում են նաև միջազգային գիտաժողովները: Սա ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի կազմակերպած երկրորդ գիտաժողովն է: Դրա շրջանակում քննարկվելու են նոր գաղափարներ ու մոտեցումներ, ինչն էլ հնարավորություն կտա էլ ավելի զարգացնելու ուսանողների քննադատական մտածողությունը»:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Գայանե Սարգսյանը, կարևորելով գիտաժողովի դերը, նշեց. «Այսօրինակ գիտաժողովները նպաստում են երիտասարդ տարիքում գիտական խոսք ձևավորելուն: Մենք նպատակ ունենք Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցելու ոչ միայն Լիլի, այլև ուրիշ համալսարանների հետ»:
Ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս Թագուհի Բլբուլյանն ընդգծեց. «Այսպիսի գիտաժողովների շնորհիվ ուսանողներն ավելի լավ են ծանոթանում եվրոպացի հետազոտողների մտածողությանը: Նրանք կարող են լսել տարբեր մասնագետների տեսակետներ և գիտական նոր մոտեցումներ ձևավորել»:
Անդրադառնալով երկու երկրների համալսարանների համագործակցությանը՝ Լիլի համալսարանի դոցենտ Գարիկ Գալստյանն ասաց. «Գիտաժողովի կազմակերպման միտքը ծնվել էր դեռևս 2019 թվականին, սակայն համաճարակն արգելք դարձավ, և այն հետաձգվեց: Լիլի համալսարանը երկար տարիներ համագործակցում է երկրաբանության և կենսաբանության ոլորտներում: Կարելի է ասել՝ հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտներում համագործակցություն չկար, ուստի համատեղ կազմակերպված գիտաժողովը կարող է նոր ճանապարհ բացել հետագայում կապեր զարգացնելու համար»:
Խոսելով թեմայի ընտրության մասին՝ Գ. Գալստյանը նշեց. «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները զուգորդվում են գաղափարական պատերազմներով, և խոսույթի դերն ահռելի է դառնում: Հենց սրանով պայմանավորված էլ մեր ուսումնասիրության տիրույթում հայտնվեց խոսույթը: Այն ուսումնասիրվում է լայն առումով՝ ոչ միայն լեզվաբանության, այլև սոցիալ-քաղաքական իրողությունների համատեքստում»:
Եվրոպական լեզուների և հաղորդակցման ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը նույնպես անդրադարձավ թեմայի ընտրությանը՝հայտնելով, որ գիտաժողովը միջազգային հանրության հետ ազատ շփման ևս մեկ հնարավորություն է ստեղծում: