- Main
- Node
- ԱՐԴԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
April 14, 2022 | 17:51
Գիտություն
ԱՐԴԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, ԵՊՀ ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Սարգիս Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է «Միջազգային հարցերով ռուսական խորհրդի» և «Դիոլոգ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը՝ հանդես գալով «Իսլամական ծայրահեղականության ներկայիս դրսևորումները Կովկասում՝ որպես սպառնալիք Հայաստանի և Ռուսաստանի համար» խորագիրը կրող զեկույցով:
«Ռուսաստան և Հայաստան. դաշնակցային համագործակցության 30 տարի» խորագրով քննարկումը, որն անցկացվել է «Լորիս-Մելիքով» քննարկումների ֆորումի շրջանակում, նվիրված է եղել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Ռուսաստանի և Հայաստանի փորձագիտական և քաղաքագիտական շրջանակները ներկայացնող անձինք, պաշտոնյաներ, մասնավոր-բիզնես ներկայացուցիչներ ու հասարակական գործիչներ քննարկել են Հարավային Կովկասում և տարածաշրջանի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ստեղծված իրավիճակը:
Ս. Գրիգորյանն անդրադարձել է իսլամական ծայրահեղ արմատականությանը՝ որպես գաղափարական հայեցակարգի և ռազմավարական-մարտավարական բաղկացուցչի, որից հետո հարցուպատասխանի տեսքով քննարկում է ծավալվել:
Սարգիս Գրիգորյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա վարձկանների օգտագործման փաստին՝ ընդգծելով, որ վերջիններիս ներգրավումը պատերազմում սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև Կովկասի ողջ տարածաշրջանի, արտատարածաշրջանային գործընթացների ու անվտանգության համար:
Քննարկման ընթացքում հնչել են զեկույցներ, որտեղ անդրադարձ է եղել նաև համաշխարհային և տարածաշրջանային նոր իրողությունների համատեքստում ռուս-հայկական ռազմավարական գործընկերությանը, ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ներուժին, զարգացման հեռանկարներին և այլն: