- Main
- Node
- ԵՊՀ ԻԿՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ԵՊՀ-ՈՒՄ
April 14, 2022 | 18:40
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ԻԿՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ԵՊՀ-ՈՒՄ
Նիստին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչներ, ուսանողներ, ֆակուլտետի շրջանավարտներ և այլ հյուրեր:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդես եկավ բացման հանդիսավոր խոսքով և կարևորեց ֆակուլտետի ու ոլորտի դերը. «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը համալսարանի գլխավոր շարժիչ ուժերից մեկն է: ԵՊՀ-ն մեր երկրի ու պետության համար բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում հիմնական կադրերի պատրաստման դարբնոցներից է: Ֆակուլտետում սովորում են տաղանդաշատ ուսանողներ, և դրա տեսանելի արդյունքին երեկ գործնականում ականատես եղանք. միջազգային նշանավոր օլիմպիադայում համալսարանական թիմը հավաքեց բարձր միավորներ և անցավ երափակիչ փուլ: ՀՀ ԿԳՄՍ նախարարը, լինելով Հայաստանի տարածաշրջանային տնօրեն, հսկայական դեր է ունեցել այս գործընթացի հաջողության համար»:
ԻԿՄ-ի երկարամյա դեկան, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը, շարունակելով ռեկտոր Հ. Հովհաննիսյանի խոսքը, ասաց, որ ուսանողները ֆակուլտետի կեսդարյա հոբելյանին հրաշալի նվեր արեցին՝ փայլուն ելույթ ունենալով և միջազգային մրցույթում եզրափկիչ փուլ անցնելով. «Մինչև հիմա խոսում էի որպես դեկան, իսկ այժմ՝ որպես նախարար»:
Այնուհետև ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար և ԻԿՄ ֆակուլտետի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ դեկան, ֆիզմաթ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Յուրի Հակոբյանը պարգևատրվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով:
Դեկանը ներկայացրեց ֆակուլտետի 50-ամյա անցած ուղին՝ 1957 թվականից սկսած: Ներկայացրեց ֆակուլտետի դեկաններին, փոխդեկաններին, դասախոսներին. «Ֆակուլտետը մշտապես զգացել է ԵՊՀ-ի գործուն աջակցությունը՝ առանց որի անհնար կլինեին ֆակուլտետի առաջըթացն ու ձեռքբերումները: Շնորհակալ ենք ռեկտորատին՝ ի դեմս ռեկտոր պարոն Հովհաննիսյանի: Հույս ունենք՝ համագործակցությունը շարունակական կլինի»:
ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին հանձնեց 4 ոսկե, 3 արծաթե մեդալներ և 20 պատվոգիր:
ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն ասաց, որ համալսարաններն իրենց գիտակրթական պոտենցիալով հսկայական ուժ են, և միասին գործելու պարագայում այդ ուժը կկրկնապատկվի. «Մեր համալսարանի գիտխորհուրդն այսօր որոշում է կայացրել համալսարանի շքանշանը նվիրելու պարոն Հակոբյանին՝ ի նշանավորումն ոչ միայն համագործակցության, այլ նաև Մայր բուհի նկատմամբ ակնածանքի: Մաղթում եմ բարձր նվաճումներ, որոնք, վստահ եմ, առջևում են»:
Հանդիպման ավարտին ներկաները հանդես եկան շնորհավորական ելույթներով: