- Main
- Node
- ԵՊՀ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԸ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
April 15, 2022 | 13:26
Ուսանողական
ԵՊՀ ՏՂԱՆԵՐԻ ԹԻՄԸ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ
ԵՊՀ մարզիկների թիմը թեժ մրցապայքարում զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը՝ եզրափակիչ փուլում հաղթելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) մարզիկների թիմին:
Տղաների պայքարին ՀՀ տարբեր բուհերից մասնակցում էր 10 թիմ, իսկ աղջիկների պայքարին՝ 8 թիմ:
2-րդ տեղը զբաղեցրեց ՀԱԱՀ հավաքական թիմը, իսկ 3-րդ տեղը՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի (ՖԿՀՊԻ) թիմը:
ԵՊՀ տղաների՝ բասկետբոլի թիմի մարզիչ Վլադիմիր Զաքոյանը նշեց. «ԵՊՀ թիմում տարբեր ֆակուլտետներից ընդգրկված են տարբեր կուրսերի ուսանողներ: Բավականին լարված մրցապայքար էր, սակայն ԵՊՀ մարզիկները փայլուն արդյունք գրանցեցին, և դա այն դեպքում, երբ մեծ մասը սկսնակ է. միայն մի քանիսն են երկար ժամանակ զբաղվում բասկետբոլով»:
Թեժ մրցապայքար տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աղջիկների հավաքական թիմերի միջև: Խաղն ավարտվեց 5:5 հաշվով, և թիմերը շարունակեցին մրցապայքարը: Վերջնական արդյունքում խաղն ավարտվեց 7:5 հաշվով:
ԵՊՀ աղջիկների՝ բասկետբոլի հավաքական թիմը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ 2-րդ հորիզոնականը գրավեց ՀՊՏՀ-ի թիմը: Պատվավոր առաջին հորիզոնականում ՖԿՀՊԻ հավաքականն էր:
ԵՊՀ աղջիկների՝ բասկետբոլի թիմի մարզիչ Լուսինե Մելքոնյանը մարզական խաղերին մասնակցությունը և ուսանողների գրանցած արդյունքները գնահատելիս նշեց. «3-րդ մրցանակային տեղը զբաղեցրինք՝ հաղթելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) հավաքականին: Բավականին ուժեղ թիմ էր: Ցավոք, այս տարի էլ չկարողացանք գերազանցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աղջիկների թիմին, այնուամենայնիվ, բավականին լավ արդյունք գրանցեցինք»: