- Main
- Node
- «ԵՊՀ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՕՖԵԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
April 20, 2022 | 08:30
Կրթություն
Գիտություն
«ԵՊՀ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՕՖԵԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Օֆելյա Կարապետյանը Ֆրանսիայի Լիլի համալսարանում մասնագիտական հմտություններ ձեռք բերելուց հետո վերադարձել է սիրելի բուհ և շարունակում է կրթությունն այստեղ: Օֆելյայի հաջողության պատմությունն սկսվում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի` կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում կրթություն ստանալուց:
ԵՊՀ-ն՝ երազանքների իրականացման ճանապարհ…
Շնորհիվ կենսաբանության ֆակուլտետի դասախոսական կազմի՝ շատ սիրեցի մասնագիտությունս։ Բակալավրն ավարտելուց հետո ուսումս շարունակեցի մագիստրատուրայում և ընտրեցի «Կիրառական մանրէաբանություն» մագիստրոսական ծրագիրը: ԵՊՀ-ն ինձ հնարավորություն տվեց մասնակցելու «Erasmus+» ուսանողների փոխանակման միջազգային ծրագրին, ինչի շնորհիվ մասնագիտացա եվրոպական լավագույն համալսարաններից մեկում՝ Ֆրանսիայի Լիլի համալսարանում։ Ճամփորդեցի եվրոպական վեց երկրների տարբեր քաղաքներում:
Ապագաս միայն Մայր բուհում է…
Անհերքելի է, որ ԵՊՀ-ն մեծ հնարավորություններ է ընձեռում ուսանողներին՝ արտասահմանյան լավագույն համալսարաններում մասնագիտանալու և ժամանակի պահանջներին համապատասխան հմտություններ ձեռք բերելու առումով: Չեմ կարող չնշել այն փաստը, որ մեր ֆակուլտետում և մասնավորապես ամբիոնում մասնագետների մեծագույն մասը վերապատրաստում է անցել արտերկրում, ինչի շնորհիվ երկու բուհերի կրթական համակարգում, որպես այդպիսին, մեծ տարբերություններ չնկատեցի: Միակ նկատելի բանն այնտեղի տեխնիկական հագեցվածությունն էր, ինչը, սակայն, աստիճանաբար բնորոշ է դառնում նաև մեր բուհին: Այս պահին պատաստվում եմ մագիստրոսական թեզիս պաշտպանությանը: Ցանկանում եմ ուսումս շարունակել ասպիրանտուրայում: Գիտությունն իմն է. սիրում եմ այն մասնագիտությունը, որն ունեմ ֆակուլտետիս օգնությամբ, Աննա Փոլադյանի, Տարիել Դանիելյանի և բոլոր այն մարդկանց շնորհիվ, որոնք իմ կողքին են:
Չվախենալ, գնալ կրթվել ու վերադառնալ…
Երիտասարդներին խորհուրդ կտամ նվիրվել իրենց գործին, շատ աշխատել ու միշտ առաջ շարժվել։ Պետք է օգտվել ընձեռված բոլոր հնարավորություններից, քանի որ շատ հաճախ հենց այդ հնարավորությունները մեծ հեռանկարներ են բացում մեր առջև: Պետք է գնալ ուսումնասիրել եվրոպական կրթական համակարգը, ծանոթանալ մեթոդիկային, ուսուցման որակին, ձեռք բերել նոր ընկերներ, բարելավել լեզվական ունակությունները և, ի վերջո, ճամփորդել: Ապագան մեր ձեռքում է և կախված է հենց մեր որոշումներից:
Կարինե Հովհաննիսյան