- Main
- Node
- ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
April 22, 2022 | 12:35
Կրթություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Learn to teach» («Բանախոսում են ուսանողները») ծրագրի նպատակն է՝ ուսանողներին ներկայացնել դասավանդման հմտությունները, տարիքային-հոգեբանական առանձնահատկությունները, որպեսզի ձևավորվի այն կայուն խումբը, որը հետագայում պրոֆեսիոնալ մակարդակով կիրականացնի իրազեկումներ ՀՀ դպրոցներում։
«Բանախոսում են ուսանողները» ծրագիրը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 5-ը: Մինչ օրս բանախոսությունները վարել են բարձր կուրսերում սովորող ուսանողները, սակայն այժմ այլ կուրսերի ուսանողներից շատերն էլ բանախոսելու ցանկություն են հայտնել: Ֆակուլտետի ՈՒԽ-ն նախաձեռնել է ծրագիրը՝ պրոֆեսիոնալ վերապատրաստում անցած, Երևանի ու ՀՀ մարզերի դպրոցներում իրազեկումներ անցկացնող հատուկ խումբ ունենալու նպատակով։
Առաջին դասընթացին ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները և դասընթացների օրակարգը. «Ծրագրի նպատակն իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է հասարակության շրջանում։ Սակայն միջոցները, որոնցով փորձում ենք հասնել այդ կարևոր առաքելությանը, պետք է արդարացնեն նպատակը, ուստի նախ անհրաժեշտ է սովորել, այնուհետև՝ սովորեցնել: Դա ոչ միայն կնպաստի հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը, այլև հնարավորություն կընձեռի բանախոս-ուսանողներին՝ դեռևս ուսանողական տարիներից փորձառություն ձեռք բերելու»։
ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս, ծրագրի բանախոս Սերոբ Խաչատրյանն իր խոսքում նշեց. «Մեր ուղեղը նման է բյուջեի. ունի ելքեր և մուտքեր։ Ինչքան մուտքեր լինեն, դրանց համապատասխան էլ ելքեր հնարավոր կլինեն: Լսելը դեռևս սովորելը չէ, սովորելու համար անհրաժեշտ է ունենալ բավական «բյուջե», կենտրոնացում և, իհարկե, ուշադրություն։ Սովորեցնելու համար անհրաժեշտ է չտրվել «գիտելիքի անեծք»-ին՝ նյութը մատուցելով սովորողին մատչելի ձևով։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը արդեն մի քանի տարի իրավական իրազեկումներ է իրականացնում ՀՀ դպրոցներում: Սկսելով Երևանի դպրոցներից՝ շուրջ մեկ տարի իրազեկումներ է իրականացնում նաև ՀՀ մարզերի դպրոցներում, այդ թվում՝ սահմանամերձ՝ բարձրացնելով աշակերտների իրավագիտակցության մակարդակը։