- Main
- Node
- ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
April 28, 2022 | 14:33
Կրթություն
Գիտություն
ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԲԵՐԳԵՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում ապրիլի 25-28-ն անցկացվեցին սեմինար-քննարկումներ, որոնց ընթացքում դասախոսությամբ և խորհրդատվությամբ հանդես եկավ Նորվեգիայի Բերգենի համալսարանի պրոֆեսոր, «Մետաղակայուն մանրէները՝ որպես շրջակա միջավայրի կենսավերականգնման միջոց» գիտական թեմայի արտասահմանյան խորհրդատու Նիլս-Կորե Բիրկելանդը:
«Փետուրային կերատինի ջերմային քայքայումը Fervidobacteriumմանրէներով» դասախոսության սկզբում բացման խոսքով հանդես եկավ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ., դոցենտ Աննա Փոլադյանը:
Դասախոսության ընթացքում պրոֆեսոր Բիրկելանդը ներկայացրեց, որ փետուրային թափոնները ողջ աշխարհում կազմում են 8 մլն տոննա, ապա ընդգծեց մանրէների կողմից դրանց քայքայման կարևորությունը: Բանախոսը նաև ներկայացրեց այդ գործընթացում ընդգրկված ֆերմենտները և դրանց կառուցվածքային առանձնահատկությունները:
Նիլս-Կորե Բիրկելանդի հետ երկարամյա համագործակցության մասին ներկայացրեց ծրագրի ղեկավար, դոցենտ, կ.գ.թ. Արմինե Մարգարյանը:
Պրոֆեսորն իր խոսքում կարևորեց երկու երկրի համալսարանների գիտնականների համագործակցությունը. «Կատարված աշխատանքներում ԵՊՀ-ի աշխատակիցների ներդրումը շատ մեծ էր. գիտական թեմայի շրջանակում մենք միասին ուսումնասիրեցինք Հայաստանի երկրաջերմային աղբյուրները, պարզեցինք այդ աղբյուրներում մանրէային բազմազանությունը և դրանց գենետիկական հեռանկարները, գեներն ու սպիտակուցները, որոնք կկարողանանք ստանալ համակեցությունում առկա մանրէներից»:
Դասախոսություններն ընթացան ակտիվ քննարկման մթնոլորտում: