- Main
- Node
- ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԼՈՒՅՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
May 05, 2022 | 17:26
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՆՇՎԵՑ ԼՈՒՅՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում կայացավ Լույսի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Ֆակուլտետը հյուրընկալել էր Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Հեիդի Օտտևայեռեին, նույն համալսարանի դոկտորներ Տիգրան Բաղդասարյանին և Տաթևիկ Չալյանին, որոնք ներկայացրին Բրյուսելի ֆոտոնիկայի խմբի գիտական գործունեությունը և մագիստրոսական ծրագիրը։
«Բելգիայի ազատ համալսարանի հետ մագիստրոսական ծրագրի պայմանագիր ունենք, որի շրջանակում հյուրերը ներկայացրին իրենց աշխատանքները ֆիզիկայի, օպտիկայի, ֆոտոնիկայի ոլորտներում: Նմանատիպ հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր տարի»,- նշեց ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը:
Ֆակուլտետի շրջանավարտ, այժմ Բրյուսելի ազատ համալսարանի ավագ գիտաշխատող Տիգրան Բաղդասարյանը ներկայացրեց ֆոտոնիկայի ոլորտում իր կատարած հետազոտությունները. «Այսօր իմ ներկայացրած աշխատանքները 3D տպիչների միջոցով ալիքատարային, պոլիմերային կոմպոնենտների օպտիմիզացիայի և հետազոտության մասին են»:
Տիգրան Բաղդասարյանը հույս հայտնեց, որ ուսանողներին և գիտաշխատողներին կհետաքրքրեն այն նոր գաղափարները, որոնց շուրջ իրենք աշխատանքներ են տանում Բրյուսելի ազատ համալսարանում. «Այսօր գիտությամբ զբաղվելու համար ամենահետաքրքիր ժամանակահատվածն է, և մենք պատրաստ ենք օգնելու ուսանողներին, որպեսզի նրանք հաջողության հասնեն»:
Հյուրերը հանդիպեցին Մայր բուհի գիտական տարբեր խմբերի ու գիտաշխատողների հետ և կարևորեցին այդ հանդիպումները, քանի որ հենց դրանց շնորհիվ է ապագայում կառուցվելու լայն համագործակցություն:
Նշենք, որ Լույսի միջազգային օրը միտված է բարձրացնելու գիտության ու տեխնոլոգիաների կարևորության, ինչպես նաև հաղորդակցության, կայուն զարգացման, առողջապահության մասին իրազեկվածության մակարդակը: