- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
May 07, 2022 | 20:09
Կրթություն
Գիտություն
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը, որին մասնակցում էր Հայաստանի մարզերի և Երևանի դպրոցների ավելի քան 200 աշակերտ, որոնք հետազոտական աշխատանքը ներկայացնելուց հետո ստացան վկայականներ:
Աշխատաժողովի նպատակն էր խթանել դպրոցում հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բուհ-դպրոց համագործակցության ընդլայնմանը։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Ողջունելով ներկաներին, ընդգծելով դպրոցների տնօրենների և մանկավարժների ունեցած ներդրումը աշխատաժողովի կայացման գործում, ԵՊՀ ռեկտորը նշեց. «Ուրախ եմ, որ աշակերտներն իրենք են ընտրել թեմաները և զարգացրել քննական-վերլուծական միտքը: Այն մանկավարժները, որոնք խրախուսում են աշակերտների ազատ քննական միտքը, ունեն անգնահատելի ներդրում նրանց ապագայում: Այսօրվա աշխատաժողովը ևս մեկ հնարավորություն է՝ ներկայացնելու աշակերտների մտքի թռիչքը, ինչպես նաև առիթ է՝ ցույց տալու, որ նրանք ընդունում են առողջ քննադատությունը»:
Կարևորելով դպրոց-բուհ կապի ամրապնդումն ու այդ նախաձեռնությունում ԵՊՀ-ի դերը՝ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց. «Կարևոր է ընդգծել՝ կրթությունը չի ավարտվում դպրոցով, այլ այն շարունակվում է ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ եմ, որ այս աշխատաժողովի կազմակերպումը թույլ է տալու նաև ամբողջացնել աշակերտների՝ մասնագիտական կողմնորոշման պատկերացումները: Այսօր աշակերտները, ներկայացնելով իրենց նախագծերը, նպաստում են նախագծային ուսուցման ամբողջական ձևավորմանը, ինչը մենք փորձում ենք հանրակրթության պետական նոր չափորոշիչով պարտադիր դարձնել: Մեր նպատակն է այսպիսի աշխատաժողովները պարբերական դարձնելը»:
ՀՀ ԿԳՄՍՆ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց, «Պատահական չէ, որ աշխատաժողովի կազմակերպման ժամանակ գործընկեր ընտրեցինք ԵՊՀ-ին: Մայր բուհը ոչ միայն սովորելու, այլև գաղափարներ արարելու միջավայր է: Եղել են դեպքեր, երբ մեկ աշակերտի հետ աշխատել են անգամ 2-3 ուսուցիչ՝ ստեղծելով միջառարկայական կապերի փայլուն օրինակներ: Կարևոր է այն, թե ինչպես են խնդրի շուրջ համախմբվել ուսուցիչն ու աշակերտը և հետազոտություն կատարել»:
Աշխատաժողովի համակազմակերպիչ, ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փանոսյանը, անդրադառնալով աշխատաժողովին կառույցի ունեցած դերին, ընդգծեց. «Աշխատաժողովի նպատակներից է աշակերտներին ընձեռել հարթակ, որտեղ նրանք կկարողանան կիսվել իրենց հետազոտական աշխատանքների արդյուքներով: ԵՊՀ-ում այդ հարթակներից է ՈՒԳԸ-ն: Այսօր ՈՒԳԸ-ականները, փոխանակելով իրենց՝ որպես երիտասարդ հետազոտողների փորձը, լավագույնս օրինակ են ծառայում աշակերտներին: Նրանց համար դա սովորելու և առաջընթաց գրանցելու հավելյալ մոտիվացիա է»:
Աշխատաժողովի լիագումար նիստի ավարտից հետո ԵՊՀ ՈՒԳԸ ֆակուլտետային նախագահներն ու անդամներն աշակերտներին ուղեկցեցին համապատասխան լսարաններ:
Երևանի «Ուսում» մասնավոր դպրոցի ուսուցիչ Արգամ Համբարձումյանը, անդրադառնալով աշակերտների՝ աշխատաժողովին մասնակցելու կարևորությանը, նշեց. «Մասնակիցների մեծամասնությունը ավագ դպրոցի աշակերտներից է: Ընտրելով հետազոտության թեմա՝ նրանք արդեն իսկ նախագծում են իրենց ապագա ուղին: Մասնակիցներից շատերին ոգևորում է այն, որ այս տարիքում արդեն իսկ կարող են ունենալ տպագրված հոդված: Մյուս կողմից սա մեծ հնարավորություն է, որ մարզերի և մայրաքաղաքի դպրոցների աշակերտները ձեռք բերեն նոր ընկերներ, որոնց, հնարավոր է, հետագայում հանդիպեն համալսարանում»:
ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղի Ռ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ Հասմիկ Խաչատրյանի և Վահե Գրիգորյանի խոսքով՝ աշխատաժողովին մասնակցելու նպատակով ԵՊՀ այցելելը չափազանց ոգևորիչ է: Վ. Գրիգորյանը մասնավորապես ասաց. «Սա մեզ համար բացահայտում էր: Եթե կարողանանք լավագույնս ներկայանալ, մեզ համար նոր բարձունք կլինի»:
Հետազոտական աշխատանքները ներկայացնելուց հետո աշակերտներին հանձնվեցին վկայականներ:
Աշխատաժողովի ավարտին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները հանդես եկան պարային և երաժշտական համարներով: