- Main
- Node
- ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ, ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱՑԱԾ ՀՐԱՅՐ ԵԳԱՆՅԱՆԻ ՍԽՐԱՆՔԸ՝ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ
May 11, 2022 | 10:18
Հասարակություն
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ, ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԵՐՈՍԱՑԱԾ ՀՐԱՅՐ ԵԳԱՆՅԱՆԻ ՍԽՐԱՆՔԸ՝ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ
Երևանում օրերս հանդիսավորությամբ բացվեցին ԵՊՀ շրջանավարտ, 44-օրյա պատերազմում հերոսացած Հրայր Եգանյանի անմահության խորհրդանիշները՝ նրա անվան պուրակը, հուշաքարն ու հուշաղբյուրը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտ Հրայր Եգանյանը կամավորագրվել և սեպտեմբերի 30-ին մեկնել էր ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը և ապահովելու լույս աշխարհ եկող որդու խաղաղ ապագան։ Արցախյան 44-օրյա պատերազմում Հրայրը հերոսաբար զոհվել է՝ պայքարելով, չնահանջելով ու փրկելով իր ջոկի տղաների կյանքը։ Տիգրան Մեծի 40բ հասցեում օրերս հանդիսավորությամբ բացվեցին հերոսացած Հրայրի անմահության խորհրդանիշները՝ նրա անվան պուրակը, հուշաքարն ու հուշաղբյուրը։
Հրայր Արմենի Եգանյանը ծնվել է 1990 թ. Երևանում։ 2006-2010 թթ․ ուսանել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան։ 2018 թ. ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Պատերազմի ընթացքում ծնված ու պատերազմում զոհված Հրայրը, մտերիմների խոսքով, կյանքի բոլոր խոչընդոտները հաջողությամբ էր հաղթահարում, չէր ընկճվում ու վստահ քայլերով գնում էր իր երազանքների ու նպատակների ետևից։ Հ․Եգանյանը բազմակողմանի զարգացած էր. երիտասարդ կյանքի ընթացքում հասցրել էր հաճախել ֆուտբոլի, սովորել երաժշտական դպրոցում, մասնակցել մի շարք դասընթացների, պրակտիկա անցել ու աշխատել տարբեր կազմակերպություններում։
2020 թ․ սեպտեմբերի 30-ին կամավորագրվել էր հայրենիքի պաշտպանությանը՝ որպես ջոկի հրամանատար, հոկտեմբերի 15-ին՝ տեղափոխվել Մեխակավան։ Նա վերջին անգամ զանգել է հենց այդ օրը։ Հրայրն ընկել է քաջաբար՝ չլքելով մարտական դիրքը։ Մարտի 25-ին Հրայրը կդառնար 32 տարեկան։ ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն՝ Հրայր Եգանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ ԱՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։
Տիգրան Մեծի 40բ հասցեում Հրայրի անունը հավերժացնող պուրակի, հուշաքարի ու հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Հրայրը պատերազմը սկսելուց մեկուկես ամիս առաջ էր ամուսնացել, ռազմաճակատ մեկնելիս էլ գիտեր, որ երեխա են ունենալու, և նրա մահից հետո ծնվեց Նարեկը:
Հրայրի եղբոր որդին՝ Դանիելը, ՀՀ օրհներգի ներքո բարձրացրեց հայոց եռագույնը, որը պիտի ծածանվի ու հավերժացնի հորեղբոր անունը։
Դանիելի ձեռքով բացվեց նաև հուշաքարը, որը հայրենասիրության ու արիության օրինակ է դառնալու եկող սերունդների համար։
Ի նշան խաղաղության՝ Հրայրի մայրն էլ աղավնիներ բաց թողեց դեպի երկինք, որ մեր երկրի բոլոր լուսաբացները խաղաղ լինեն։