- Main
- Node
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ ԵՊՀ-ՈՒՄ․ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
May 11, 2022 | 15:42
Կրթություն
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ ԵՊՀ-ՈՒՄ․ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-ի և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի արդյունքում իրականացվելու են կրթական և հետազոտական համատեղ ծրագրերի և դրանց բաղադրիչների մշակում, իրագործվելու են հետազոտական նախագծեր, ինչպես նաև կազմակերպվելու են կրթական, գիտական ու մշակութային համատեղ միջոցառումներ։
«Նեյշնլ Ինսթրումենթս» կազմակերպությունն իր առաջարկած նորարարություններով բացառիկ դերակատարություն է ունեցել ողջ աշխարհում տեխնոլոգիաների զարգացման և տարածման գործում։ Կազմակերպության հայաստանյան գրասենյակը բացվել է 2007 թվականին:
«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչների՝ Ջերի Գրոսի, Մասիմիլիանո Բանֆիի, Էնթոնի Բաչաքի, հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Արսեն Առուստամյանի հետ հանդիպմանն այսօր մասնակցում էին նաև ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը, նույն ֆակուլտետի ամբիոնների վարիչներ Արսեն Բաբաջանյանը և Հովհաննես Հարոյանը, ինչպես նաև արհեսատական բանականության լաբորատորիայի ղեկավար Աշոտ Հարությունյանը և գիտաշխատող Հրանտ Խաչատրյանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց համալսարանի գործունեությունը, զարգացմանն ուղղված ծրագրերը, ապա անդրադարձավ փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներում բուհի գրանցած հաջողություններին ու մարտահրավերներին։ Հ․ Հովհաննիսյանը փաստեց, որ ԵՊՀ-ում կրթության որակը բարելավելու, ինչպես նաև նախանշած նպատակներին հասնելու համար շատ է կարևորվում համագործակցությունը մասնավոր հատվածի հետ: «Համագործակցային նոր կապերի հաստատումը, մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունը կրթության և գիտության կազմակերպման գործում մեր առաջնահերթություններից են»,- ասաց Հ․ Հովհաննիսյանը։
Արսեն Առուստամյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նշեց, որ ԵՊՀ-ն Հայաստանի ամենակարևոր ինստիտուտներից մեկն է։ Նա, ներկայացնելով ընկերության գործունեությունը, վստահություն հայտնեց, որ համագործակցությունը կնպաստի երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտների զարգացմանն ու առաջընթացին։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին համագործակցության արդյունքների կիրառելիության հնարավորությունն ուսանողների համար, ինչպես նաև դրա միջոցով ձևավորվող միջավայրը, ապա քննարկեցին կոնկրետ ծրագրեր ու գաղափարներ, որոնց կյանքի կոչմամբ կխթանեն ինժեներական և տեղեկատվական ոլորտների զարգացումը։