- Main
- Node
- ՍԵՐՎԻՍԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԻՍՎԵՑԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
May 13, 2022 | 16:51
Կրթություն
ՍԵՐՎԻՍԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԻՍՎԵՑԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Այսօր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում սերվիսի ոլորտի հայտնի ներկայացուցիչներն ուսանողների հետ կիսվեցին իրենց հաջողության պատմություններով:
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել էր հանդիպում «One way» ընկերության «One talk» նախաձեռնության շրջանակում: Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին իրենց հաջողության պատմությունը՝ ուսանողներին տալով մասնագիտական խորհուրդներ: Խոսելով բիզնեսում հաջողության հասնելու մասին՝ նորաձևության մարքեթինգի մասնագետ, բիզնեսի մարզիչ Աննա Սալոմեն նշեց. «Բիզնեսում պետք է վստահել ներքին ձայնին, այլ ոչ թե բարեկամներին»:
Բանախոս Արմեն Ղազարյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է գիտելիքը վերածել աշխատանքի և գործել հանուն ինչ-որ արդյունքի, որը ոչ միայն սեփական շահն է հետապնդում, այլև համայնքի ու պետության:
Խոսելով հանդիպման կարևորությունից՝ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Մարիամ Տաշյանը նշեց. «Այսպիսի հանդիպումները բարձրացնում են ուսանողների՝ տուրիզմի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Բանախոսները ոլորտի առաջատարներից են՝ «One way» զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչները, և սա ուսանողների համար նրանց հետ ծանոթանալու, նրանց աշխատանքի ու հաջողությունների մասին իմանալու, ինչո՞ւ ոչ, նաև նրանց թիմի անդամ դառնալու հնարավորություն է»:
ԵՊՀ սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, խոսելով մասնագիտության արդիականության ու աշխատաշուկայում մեծ պահանջարկի մասին, նշեց. «Տուրիզմ ասելով՝ շատերը հասկանում են ընդամենը ձեռներեցություն, սակայն մեր ֆակուլտետում այն դրվում է գիտամեթոդական տեսության հիմքերի վրա: Տուրիզմը հաճախ դիտարկվում է պրակտիկ տեսանկյունից, սակայն այս ոլորտի մեթոդաբանությունը, դրա ընդլայնումն ու զարգացումը ենթադրում են ավելի խորը և նեղ մասնագիտական գիտելիքներ:
Մագիստրոսական թեզի շրջանակում արված հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ ֆակուլտետն ավարտածների մոտ 75%-ն աշխատում է իր մասնագիտությամբ: Այսօր շուկան է թելադրում՝ ինչպիսի մասնագետներ պատրաստես, բայց Մայր բուհը, ճիշտ է, մի կողմից «ենթարկվում է» շուկային, սակայն մյուս կողմից էլ նա ինքն է «սովորեցնում» շուկային»: