- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
May 14, 2022 | 10:55
Կրթություն
Հասարակություն
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
«IAM industry day» խորագրով ցուցահանդեսին մասնակցում էր 15 կազմակերպություն, որոնք ներկայացրին իրենց գործունեությունը, հանդես եկան աշխատանքի և պրակտիկայի առաջարկներով, պատասխանեցին ոլորտով հետաքրքրվածների հարցերին:
Ցուցահանդեսը կազմակերպել էր ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի՝ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնը՝ համագործակցելով ֆակուլտետի ՈՒԽ-ի հետ։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԵՊՀ-ն նմանատիպ միջոցառումներ հաճախ է կազմակերպում, սակայն մասնավորապես ԻԿՄ ֆակուլտետի կողմից նմանօրինակ միջոցառում կազմակերպվում է առաջին անգամ։
«Ցուցահանդեսի շրջանակում ուսանողները ծանոթանում են ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններին և նրանց ծավալած գործունեությանը։ Կարևոր է, որ ուսանող տարիքից նրանք հնարավորություն ունեն շփվելու գործատուի հետ»,- ասաց Ռ. Բարխուդարյանը։
ԻԿՄ ֆակուլտետի դեկան Յուրի Հակոբյանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն ուսանողներին ՏՏ ոլորտի ընկերություններին ու նրանց գործունեությանը ծանոթացնելն է, որպեսզի ուսանողները հետագայում աշխատանքի ընտրության հարցում ճիշտ որոշում կայացնեն։
«Ֆակուլտետը փորձում է պահել աշխատաշուկա-համալսարան կապը: Մտադիր ենք ընդլայնել և յուրաքանչյուր տարի կազմակերպել այսօրինակ ցուցահանդեսներ»,- ասաց Յ. Հակոբյանը:
Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Հրանտ Խաչատրյանն ասաց, որ ցուցահանդեսին մասնակցում են ինչպես ԻԿՄ ֆակուլտետի, այնպես էլ մյուս ֆակուլտետների ուսանողները: Հրավիրված են մի շարք ընկերություններ, որոնք մեծ ուրախությամբ պատրաստ են շփվելու ուսանողների հետ, պատասխանելու նրանց հարցերին։
«Հուսով ենք՝ սա կդառնա ավանդույթ և հետագայում մասշտաբն ավելի կմեծանա: Ցուցահանդեսի շրջանակում ուսանողները ձեռք են բերում աշխատանքի, պրակտիկայի, դիպլոմային աշխատանքի կամ մագիստրոսական թեզի համաղեկավարության և այլ հնարավորություններ: Երբեմն այդ ընկերություններում լինում են խնդիրներ, որոնց ուսումնասիրությամբ կարող են զբաղվել ուսանողները, և ուսանողներին էլ հետաքրքիր են հենց այդպիսի բովանդակային թեզերն ու թեմաները»,- հավելեց Հ. Խաչատրյանը։
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրին իրենց կազմակերպությունը, ուսանողներին մոտիվացնելու նպատակով կիսվեցին հաջողության պատմություններով, հանդես եկան պրակտիկայի, դասընթացների և աշխատանքի առաջարկներով՝ ծանոթացնելով թափուր հաստիքներին: