- Main
- Node
- ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
May 16, 2022 | 21:31
Կրթություն
Հասարակություն
Ուսանողական
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Ռեկտորը շնորհավորեց ներկաներին, ընթերցեց Երևանի պետական համալսարանի ստեղծման վերաբերյալ պատմական փաստաթուղթը:
«Այսօր ոչ միայն համալսարանի հիմնադրման, այլև Ուսանողների և երիտասարդների օրն է: Սա ինքնանպատակ չէ. բոլոր քայլերն ուղղված են սերնդի դաստիարակությանը: Մենք պետք է հպարտանանք, քանի որ այսօր համալսարանականները հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ապահովում են ներգրավվածություն և նպաստում են ՀՀ զարգացմանը: Պատահական չէ, որ համալսարանի զարգացման տեսլականում դրված կարևոր նպատակներից են համապարփակ բարեփոխումները:
Որոշեցինք նոր ավանդույթի սկիզբ դնել և խրախուսել նաև վարչական լավագույն աշխատողներին: Այսօր կպարգևատրվեն հետազոտողներ, դասախոսներ, միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում հաղթանակներ գրանցած մեր ուսանողներն ու նրանց մարզիչները: Նրանց մի մասը կպարգևատրվի պատվոգրով, մյուսները՝ պատվոգրով և դրամական պարգևներով»,- ասաց ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Միջոցառմանը ներկա էր նաև պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը: Մայր բուհի հիմնադրման կապակցությամբ շնորհավորելով ներկաներին՝ պրոֆեսորն ընդգծեց, որ իր համար պատիվ է համալսարանական լինելն ու հայոց գործին զինվորագրվելը:
Միջոցառման ընթացքում ԵՊՀ ռեկտորը հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանին շնորհավորեց 80-ամյակի առթիվ և նվիրեց արցախյան գորգ: Պրոֆեսոր Ավագյանը մեծ երախտագիտություն հայտնեց՝ ասելով. «Ինձ համար սա անակնկալ էր: Երբ հետադարձ հայացք եմ նետում համալսարանական տարիներին, հասկանում եմ՝ կարծես մի ամբողջ կյանք լինի: Այստեղ ներկաների մեծամասնությանը տարբեր առիթներով հանդիպել եմ, և այդ հիշողություններն ամբարվել են և գուցե դարձել այն գորգը, որի վրայով մենք քայլելու ենք»:
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի՝ դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ, միջազգային հեղինակավոր մրցույթում ԵՊՀ թիմի մարզիչ, ֆիզմաթ. գիտ. թեկն. Ալբերտ Սահակյանը, անդրադառնալով ԵՊՀ ուսանողների՝ միջազգային մրցույթներին մասնակցությանը, պատվավոր հորիզոնականներ գրավելուն և մարզիչների՝ ԵՊՀ կողմից գնահատված լինելուն, նշեց. «2017 թ.-ից մարզում եմ ԵՊՀ թիմը: Դա այն ժամանակ էր, երբ ես ավարտեցի իմ կարիերան օլիմպիադաներում և արդեն սկսեցի ինքս մարզել թիմերը: Այս ընթացքում ինտենսիվ պարապմունքներ են եղել ԵՊՀ մի քանի թիմերի հետ: Դրա շնորհիվ այս տարի լավագույն արդյունք գրանցեցինք: Այդ մարզումները շատ կարևոր են, և դրանց շնորհիվ ԵՊՀ թիմերը շատ տարբերվում են մնացած համալսարանների թիմերից: Անձամբ ես մրցանակներ ստացել եմ թե՛ որպես մասնակից, թե՛ որպես մարզիչ: Հուսով եմ՝ այս գնահատանքն ու ուշադրությունը շարունակական բնույթ կկրեն»:
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Վահագն Ալթունյանը, խոսելով ծրագրավորման միջազգային օլիմպիադայում իր մասնակցության և տարած հաղթանակի, ԵՊՀ-ի կողմից գնահատված լինելու մասին, նշեց. «Երկար տարիներ է՝ մասնակցում եմ բազմաթիվ մրցույթների: Շատ կարևոր է, որ մենք համալսարանի կողմից գնահատված ենք: Հուսով եմ՝ հետագա տարիներին ևս ուսանողներն ու դասախոսները ԵՊՀ-ի կողմից կարժանանան նման վերաբերմունքի, ինչպես այսօր»:
«ԵՊՀ օլիմպիադա-2022»-ում հայոց լեզու և գրականություն առարկայից առաջին տեղը գրաված, Երևանի թիվ 182 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մերի Վարդանյանը, խոսելով ստացած պատվոգրի կարևորությունից, նշեց. «Համալսարան դեռ չեմ ընդունվել, սակայն արդեն իսկ ԵՊՀ ռեկտորի կողմից ստանում եմ պատվոգիր: Սա ինձ համար չափազանց կարևոր Է»:
Միջոցառման ընթացքում ԵՊՀ ռեկտորը պարգևատրեց քսանհինգ հոգու՝ համալսարանի հեղինակությունը բարձր պահելու, միջազգային հեղինակավոր մրցույթներում լավագույնս հանդես գալու, ԵՊՀ թիմերի հաղթանակների նվաճման գործում մեծ դեր ունենալու, համալսարանի զարգացման գործում ունեցած ավանդի, գիտության տարբեր ոլորտներում բարձր արդյունավետությամբ գործունեություն ծավալելու hամար: