- Main
- Node
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
May 17, 2022 | 21:54
Կրթություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
Հանդիպման սկզբում ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ողջունելով ուսանողներին, ասաց. «Արվելու է ամեն բան, որ ինչպես կրթական, այնպես էլ հետազոտական հատվածները շարունակաբար հագեցվեն նոր բովանդակությամբ: Կենտրոնական բանկի հետ իրականցվող այս միջոցառումն այդ գործընթացի օրինակներից մեկն է»:
ԵՊՀ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի խոսքով՝ ուսանողներին աշխատաշուկայի հետ կապելը կենտրոնի առանցքային գործառույթներից մեկն է:
«Ուսանողն աշխատանք ստանալու համար ակադեմիական կրթություն ստանալուն զուգահեռ պետք է կարողանա որսալ իրեն ընձեռված հնարավորությունները: Մենք փորձում ենք իրենց տալ այդ հնարավորությունները: Կենտրոնական բանկն այսօր հանդես է գալիս ուսանողներին տարբեր ծրագրերում ներգրավելու նախաձեռնությամբ, ինչը բոլոր երիտասարդների համար է՝ առանց մասնագիտական սահմանափակման, առանց աշխատանքային փորձի»,- նշեց Կարինե Նազարյանը:
ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչ Տաթևիկ Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցանկանում են երիտասարդների մուտքի նոր ուղի ստեղծել, ինչը հնարավոր կլինի համատեղել ուսման հետ:
«Ուսանողները 6 ամիս աշխատելու են նախագծի շուրջ կոնկրետ բաժնում (բաժնի ընտրությունը կախված է հարցազրույցի փուլից), իսկ 6 ամիս անց մշակելու են նոր նախագիծ, և այդպես 1.5 տարի: Նախագծի շրջանակում որևէ կոնկրետ հաստիք չկա, այլ ուսանողները կցվում են տարբեր թիմերի։
Ցանկանում ենք ծրագիրը ներկայացնել հնարավորինս շատ ուսանողների, և ամենակարևորը՝ անձամբ շփվել նրանց հետ, պատմել բանկի մասին, լսել՝ ինչ ցանկություններ ունեն՝ կապված աշխատանքի հետ, շոշափելի դարձնել կապը ՀՀ կենտրոնական բանկի հետ»,- ասաց Տ. Ավանեսյանը:
Ծրագրին կարող են դիմել 3-րդ, 4-րդ կուրսի ուսանողները, համալսարանի շրջանավարտները, որոնք նպատակասլաց են, ջանասեր և պատասխանատու: