- Main
- Node
- ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
May 20, 2022 | 16:37
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ պատմության և աստվածաբանության ֆակուլտետների կազմակերպած «Մեծ հաղթանակը և պատմության նենգափոխումները» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցում էին դիվանագիտական ոլորտի բազում աշխատակիցներ, ինչպես նաև գիտական հանրույթի այլ ներկայացուցիչներ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից:
Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, խոսելով կազմակերպված գիտաժողովի նպատակներից և ընտրված թեմաներից, ասաց. «Գիտաժողովն ունի նպատակադրում, այն է՝ բացահայտել Ադրբեջանի կեղծարարության բոլոր փորձերը՝ ընդգծելով դրա միտումնավորությունը, ինչպես նաև ցայսօր շարունակվող կեղծարարություններն ու նենգափոխումները: Իրողություն է, որ Ադրբեջանն իր սկզբնավորումից ի վեր պետական մակարդակով փորձել է կեղծել հայոց դարավոր պատմությունը: Նրանք ոչ միայն վերացնում են հայկական պատմական հուշարձանները, այդ թվում՝ գերեզմանաքարերն ու խաչքարերը, այլև օտարերկրյա տարբեր գրչակների միջոցով կեղծում են հայոց պատմությունը: Այդկերպ նրանք փորձում են նսեմացնել հայ ժողովրդի հաղթանակները: Գիտաժողովի նպատակն է վեր հանել մեր պատմության, մշակույթի այն կարևոր ձեռքբերումները, որոնք այսօր կեղծվում են»:
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի՝ կրոնագիտության ամբիոնի ասիստենտ Վարդան Խաչատրյանը, անդրադառնալով թեմայի կարևորությանն ու արդիականությանը, ընդգծեց. «Մենք բազմիցս հնարավորություն ենք ունեցել շփվելու Սփյուռքի հայության հետ: Մշտապես արված վերլուծություները ցույց են տալիս, որ մեր առաջ ծառացած է էական մի հարց՝ ու՞ր է մեր դեմ ուղղված լուտանքի և մեր հարևան պետության կողմից սանձազերծած հակագիտական տեսությունների պատասխանը, որոնք շրջաբերվում են ամբողջ աշխարհով՝ լրատվական լայն զանգվածով: Դա վերածվել է ալիքի, որի կասեցումը մեր մտավորականության խնդիրն է: Այս գիտաժողովի շնորհիվ, կարելի է ասել, փորձելու ենք հիմք դնել այն շերտի ձևավորմանը, որը պետք է արձագանքի առկա իրավիճակին»:
Գիտաժողովի ընթացքում հնչած զեկույցները միտված էին Ադրբեջանի կեղծարարությունները գիտականորեն հերքելուն: