- Main
- Node
- «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ». ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
May 22, 2022 | 16:16
Կրթություն
Ուսանողական
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ Է ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ». ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Գրետա Գասպարյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի՝ մշակույթ-սպորտ ոլորտի 3-րդ տեղի մրցանակակիր է։ Գրետայի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցելու որոշման, ուսանողական ակտիվ կյանքի և ապագայի պլանների մասին։
Դեռևս դպրոցական տարիներից պատմություն առարկայով մշտապես հետաքրքրվող, մասնագիտությամբ արվեստաբան Գրետա Գասպարյանը վստահ էր՝ ինչ մասնագիտութուն էլ ընտրեր, համալսարանի ընտրության հարցում երկմտելու կարիք չէր լինելու:
«Հետաքրքրություններս ինձ բերեցին պատմության ֆակուլտետ, իսկ արվեստաբանի մասնագիտությունն ընտրեցի եղբորս խորհրդով: Հետաքրքրությունս այնքան մեծ էր, որ համալսարան ընդունվելիս երկու հայտերը՝ անվճար և վճարովի, միայն արվեստաբանություն էի լրացրել»,- մեզ հետ զրույցում պատմեց Գրետան:
Մեր զրուցակիցը դեռևս դպրոցական տարիներից մասնակցել է տարբեր մրցույթների, որոնց շրջանակում ծանոթացել է Մայր բուհի դասախոսների հետ: Այդ դասախոսներն էլ հետագայում պետք է դառնային իր դասախոսները…
«Ուսանողական տարիների ընթացքում միջհամալսարանական ու միջֆակուլտետային բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել, սակայն համալսարանական վեց տարիների ընթացքում երբեք չէի պատկերացնի, որ մի օր այդ նույն քայլերն ինձ կհասցնեն այն կոչմանը, որին ես այսօր արժանացել եմ»,-ժպիտով պատմեց հանրապետական մրցույթի դափնեկիրը:
«Մրցույթի մասին իմացա պատահաբար, և տեսնելով այն կարևոր նախապայմանները, որոնք էին հասարակական ու գիտական ակտիվությունը և առաջադիմությունը՝ որոշեցի մասնակցել: Ասել, որ լավագույն ուսանողի կոչումը պարտավորեցնող է և չափազանց պատասխանատու, նշանակում է ոչինչ չասել»,- հավելեց նա:
Գրետայի խոսքով՝ դեռ առաջին կուրսից էր վստահ, որ եթե լավ սովորի ու հետևի դասախոսների խորհուրդներին, միանշանակ կհասնի հաջողությունների:
Ցանկանալով անընդհատ համալրել գիտելիքների պաշարը՝ առաջին կուրսում Գրետան մասնակցում էր տարբեր կուրսերի դասերին, և շատ հաճախ դասախոսները շփոթում էին՝ ի վերջո, ո՞ր կուրսի ուսանող է ինքը:
Հենց այսպես էլ Գրետան հանդիպել է իր գիտական թեմայի ղեկավարին, որի հետ համագործակցում է մինչ օրս:
Նպատակների մասին խոսելիս Գրետան նախևառաջ նշեց, որ ուզում է լավ օրինակ դառնալ իր կրտսեր ուսանող ընկերների համար և հավելեց. «Մոտ ապագայում նպատակ ունեմ ընդունվելու ասպիրանտուրա և շարունակելու իմ գիտական հետազոտությունը»:
Նշենք նաև, որ Գրետայի գիտական ակտիվությանը մեծապես նպաստել է այն հանգամանքը, որ նախորդ տարի ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից իրենց խումբը (Գրետան և իր 3 դասախոսները) արժանացել է դրամաշնորհի, որի շրջանակում գիտական խմբի անդամները պետք է մեկնեն Թեհրան և այնտեղ իրականացնեն իրենց գիտական հետազոտությունը:
Կարինե Հովհաննիսյան